Ամոթալի ներկայացում

Ամոթալի ներկայացում

«Կայացվում է վերդիկտ՝ առանց պատժի նշանակման»,- հայտարարում է երիտաարդ դատախազն ԱԺ ամբիոնից, բացատրելով, որ օրենքը թույլ չի տալիս պատիժ սահմանել, եթե արարքի համար պատիժ սահմանելու վաղեմության ժամկետը սպառված է: Խոսքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին է: Ապա, ներկայացնելով միջնորդությունների բովանդակությունը, կամաց-կամաց բացում է փակագծերը: Նախ` որ վաճառված զորանոցը անպիտան էր` բանակին պետք չէր: Եվ պարզվում է, որ այդ գործարքի արդյունքում փող էլ չեն աշխատել, նվազեցված գնով օտարելու մասին ասվածն էլ դեռ պետք է ապացուցվի. գործի քննությունը դեռ նախնական փուլում է: Այլ մեղադրյալներ էլ չկան:

Մի խոսքով` ո՛չ հանցանքն է ապացուցված, ո՛չ մեղադրյալների շրջանակն է հայտնաբերված, ո՛չ յուրացման փաստն է հնարավոր ապացուցել, ո՛չ էլ այդ զորամասը մեր բանակին պետք էր գալու: Եվ ամենակարեւորը` եթե անգամ պարզվի, որ դատախազի ասածները համապատասխանում են իրականությանը, եւ պետության գույքը նվազեցված գներով, «խմբային շահից» ելնելով, օտարվել է իրենց ծանոթներին, արարքը պատժի ենթակա չէ, քանի որ օրենքը դա թույլ չի տալիս:

Ձեզ մոտ բնական հարց կծագի` ուրեմն ինչի՞ համար էր այս ամբողջ շոուն: Կարծում եմ, ինքներդ էլ հեշտությամբ կպատասխանեք այդ հարցին. հանրային ուշադրությունն իրենց ձախողումներից, մեր բանակի այսօրվա խայտառակ վիճակից շեղելուն: Ընդդիմության վրա իրենց մեղքերը բարդելուն: Ընդդիմությանը վարկաբեկելուն: Արդարության հաստատման, թալանը հետ բերելու իմիտացիա ստեղծելուն: Իրենց թալանը եւ ապաշնորհությունը քողարկելուն: Եվ, վերջապես՝ հանրությունն ավելի պառակտելուն, թունավորելուն, անհաշտություն սերմանելուն: Եվ նախկինների թեման հավերժ օրակարգային պահելուն: