Էդ գիտե՞ք՝ ինչի ա նման, որ հիմա ասեմ՝ վաղը չէ մյուս օրը 40 աստիճան տաքություն ա լինելու

Էդ գիտե՞ք՝ ինչի ա նման, որ հիմա ասեմ՝ վաղը չէ մյուս օրը 40 աստիճան տաքություն ա լինելու

Ոստիկանության բարեփոխումների գործընթացին լծված ՀԿ-ները, մեկ բառով ասած՝ այդ բարեփոխումների «քավոր» ներկայացող Դանիելենք, հիասթափված են Փաշինյանի կադրային քաղաքականությունից։ Նրանք դեմ էին, որ ՆԳ նախարար նշանակվի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՆԳ փոխնախարար-ոստիկանապետ՝ Արամ Հովհաննիսյանը, իսկ փրկարար ծառայությունը ղեկավարող փոխնախարար՝ Կամո Ցուցուլյանը։ Ակնկալում էին, որ նախարար կնշանակվի քաղաքացիական անձ, «որը սահմանափակված չի լինի համակարգի ներսում ունեցած կապերով ու կասկածելի ավանդույթներով», իսկ Վահե Ղազարյանի պարագայում, ըստ Դանիել Իոաննիսյանի եւ մյուսների, հնարավոր չէ ո՛չ խորքային, ո՛չ ինստիտուցիոնալ եւ ո՛չ էլ իրական բարեփոխում իրականացնելը: Ավելին, նրանք համարում են, որ այս նշանակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգում հովանավորչության ու կոռուպցիայի այլ դրսեւորումների նորանոր ծաղկման։

Ուստի, երեք ՀԿ-ներ՝ Դանիելենց Իրազեկ քաղաքացիների միավորումը, Սաքունցենց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը, ստորագրել են մի հայտարարության տակ, որով իրենց դժգոհությունն են հայտնում «բարեփոխումներից շեղվելու» մասով՝ հայտարարելով, որ դադարեցում են իրենց գործունեությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ու աշխատանքային խմբերում, սակայն չեն դադարի հետեւել ներքին գործերի նախարարության ձեւավորման գործընթացին։

ՀԿ-ների տարածած այս հայտարարության շուրջ փորձեցինք զրուցել պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հետ։ Սկզբում նա ասաց, թե ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ տեղ գտած՝ պարեկային ծառայությանը վերաբերող հարցերն իրեն ո՛չ վերաբերում են, ո՛չ էլ ինչ-որ տեղ հետաքրքիր են, ուստի բացարձակ չի ցանկանում անդրադառնալ «ինչ-որ հայտարարությունների»։ Իսկ երբ  հուշեցինք, որ պարեկային ծառայությանը վերաբերող հարցերը չեն կարող պարեկային ծառայության ղեկավարին չվերաբերել կամ չհետաքրքրել, Ումրշատյանը մի քանի բան, այնուամենայնիվ, ասաց՝ խուսափելով, սակայն, Դանիելենց հնչեցրած մեղադրանք-քննադատություններին ուղիղ արձագանքելուց։ Հիշեցնենք, որ Դանիելենք նաեւ պարեկային ծառայության «քավորությունն» են արել եւ այս ծառայության աշխատանքն էլ են իրենց վերագրում։

- Պարոն Ումրշատյան, նախ՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Վահե Ղազարյանի՝ նախարար նշանակմանը։

- Ախր, դա հա՞րց է, որ ինձ տալիս եք, ի՞նչ եք ակնկալում, որ պատասխանեմ։

- Այնպիսի պատասխան, որ մենք թերթում տպենք, ու «բոլոր կողմերը գոհ մնան», բայց նախեւառաջ՝ մեր ընթերցողը։

- Շատ լավ եմ վերաբերվում, գերազանց։

- Իսկ ի՞նչ կասեք այն կարծիքի մասով, որ բարեփոխումները հունից դուրս են եկել, հակառակ ուղղությամբ են գնում։

- Ոչ մի բան հունից դուրս չի եկել, խնդրում եմ․․․ հիմա դու փորձում ես ինձ հունից հանել, ինձ հունից հանելը մի քիչ դժվար ա։

- Բացարձակ, եթե Դանիելը Ձեզ հունից չի հանել, ես հաստատ չեմ կարողանա։ Ես ընդամենը փորձում եմ ՀԿ-ների մեղադրանքները հնչեցնել ու ստանալ Ձեր պատասխանը։ Իրենք ասում են, որ բարեփոխումները տապալվում են, սխալ հունով եք ընթանում։

- ՀԿ-ներին դիմեք, էլի։ Հիմա եթե մենք սխալ հունով ենք գնում, թող ապացուցեն, ասեն՝ որտեղ են մեր սխալները, կշտկենք։ Մենք գնում ենք էն հունով, որով որ պիտի գնանք։

- Ասում են՝ այս նշանակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգում հովանավորչության ու կոռուպցիայի այլ դրսեւորումների նորանոր ծաղկմանը։

- Այ, երբ որ կհանգեցնեն, էդ ժամանակ կխոսենք։

- Դուք այդպիսի որեւէ դրսեւորում այս ընթացքում չե՞ք նկատել, պարեկային ծառայությունում բացառո՞ւմ եք կոռուպցիան։

- Հուսով եմ եւ վստահ եմ, որ չեմ էլ նկատել։

- Այն, որ, ըստ տարածված հայտարարության, եղել են պարեկներ, որոնք կանգնեցրել են բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաներ, որից հետո փորձել են այդ պարեկներին աշխատանքից հեռացնել, սրա մասին ի՞նչ կասեք, եղե՞լ են նման դեպքեր։

- Եթե պարեկային ծառայությունից ինչ-որ մեկն ազատվել է ծառայությունից, նա ազատվել է իր դիմումի համաձայն, ընթացակարգերով, ոստիկանության ծառայության մասին օրենքներով։ Նմանատիպ հարցերի հետ ո՛չ ծառայությունը, ո՛չ անձամբ ես ո՛չ կապ ունեցել ենք, ո՛չ էլ կունենանք։

- Իսկ եղե՞լ են դեպքեր, որ պարեկները կանգնեցնեն բարձրաստիճան պաշտոնյայի մեքենա։

- Բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների հետ 24 ժամ իրենց ծառայությունից բխող խնդիրները կատարելիս պարեկներն առնչվում են։

- Իսկ դրանից հետո ոստիկանապետին կամ Ձեզ զանգ եղե՞լ է։

- Ոստիկանապետի մասով չեմ կարող ասել, բայց իմ մասով, հատկապես վերջին ժամանակներում, ընդհանրապես զանգ չի եղել, որովհետեւ հասարակությունը սովորեց, որ զանգը ոչինչ չի փոխում։

- Ստացվում է՝ ՀԿ-ները ստո՞ւմ են, որ ասում են՝ կանգնեցրել են, հետո փորձել են այդ պարեկներին հեռացնել աշխատանքից։

- ՀԿ-նե՞րն են ասողը, ՀԿ-ներին հարցրեք, ես չգիտեմ՝ ինչի մասին են խոսել, ինչ են ասել, ինչ ենթատեքստով։ Իրենցից հարցրեք, թող դետալային պատասխանեն։

- Նրանք պնդում են, որ Վահե Ղազարյանի, Կամո Ցուցուլյանի եւ մյուսների նշանակումը հետընթաց է ապահովելու եւ տապալելու է բարեփոխումների գործընթացը։

- Էդ գիտե՞ք՝ ինչի ա նման, որ ես հիմա ասեմ՝ վաղը չէ մյուս օրը 40 աստիճան տաքություն ա լինելու։ Եթե կլինի, էդ ժամանակ կխոսենք։

- Դուք՝ որպես պարեկային ծառայության պետ, որ այս ընթացքում համագործակցել է այս ՀԿ-ների հետ, գո՞հ եք նրանց հետ աշխատանքից, նրանց ցուցաբերած աջակցությունից։

- Բոլոր էն կառույցները, որոնց հետ եղել է համագործակցություն, աշխատել ենք ամեն ինչ անել, որ համագործակցության արդյունքում ծառայությունը եւ հետագա ռազմավարությունը միայն օգուտներ քաղեին։

- Իսկ առանց այս երեք ՀԿ-ների կկարողանա՞ք գլուխ բերել այս գործընթացը, եթե իրենք այլեւս ձեզ չօգնեն։

- Մենք մեր խնդիրն ենք կատարում, մենք մեր գործն ենք կատարում, իսկ մնացած առումով, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ խնդիրներ չլինեն։

- Ձեր աշխատանքից գո՞հ են, Դուք կշարունակե՞ք մնալ այս պաշտոնին։

- Էդ հարցը՝ վերադասին։