Քաղաքապետի քանի թեկնածու ունի ՔՊ-ն

Քաղաքապետի քանի թեկնածու ունի ՔՊ-ն

Անցյալ շաբաթ անսպասելիորեն (իրականում՝ սպասելի) հրաժարական տվեց Երեւանի «ընտրված» քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով մինչեւ իր համար սահմանված ժամկետի ավարտը՝ սեպտեմբերը, դեռեւս 5-6 ամիս ուներ, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Իհարկե, ՔՊ-ն չէր թաքցնում եւ նրան ընտրելու ժամանակ էլ բարձրաձայնում էր, որ այդ նշանակումը պարտադրված է, քանի որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, Երեւանի ավագանու կազմում չկար, իսկ գործող օրենքի համաձայն, քաղաքապետի թեկնածուն պարտադիր պետք է լինի ավագանու անդամ: Եվ ՔՊ-ն ստիպված քաղաքապետ «ընտրեց» Հրաչյա Սարգսյանին։ Նա բարդ ու ոչ հարթ ճանապարհ անցավ, քանզի քաղաքապետարանը փաստացի նախ՝ դրսից, ապա՝ ներսից, կառավարում էր Տիգրան Ավինյանը, եւ դա քաղաքապետի համար տհաճ դեր էր, ինչը, հավանաբար, մինչեւ ընտրվելը նա այնքան էլ լավ չէր պատկերացնում (եթե լավ պատկերացներ, գուցե չհամաձայներ): Կամ էլ պատկերացնում էր, եւ իրեն բավարարում էր, որ իր նկարը հետագայում կկախվի Երեւանի քաղաքապետերի նկարների կողքին, որը շատերը մեծ պատիվ կհամարեին: Ինչ իմանաս, թե մեկ այլ դեպքում կյանքը կստեղծե՞ր նման հնարավորություն` նման բարձր պաշտոն զբաղեցնելու։ 

Համոզված եմ, որ նա երազում էր մեկ օր ավելի երկար պաշտոնավարել, սակայն եղավ այն, ինչ մի օր պետք է լիներ: Չնայած ոմանք վշտացան եւ ասում էին` ափսոս, սիմպատիչնի տղա էր... Սակայն ամենակարեւորն այն է, որ կինոն դեռ նոր է սկսվում: Իհարկե, Տիգրան Ավինյանը միակը չէ, հաստատ կլինեն ավագանու այլ անդամներ, ովքեր կցանկանան, որ մինչեւ սեպտեմբերյան հերթական ընտրությունները մի հրաշքով շեֆն իրենց էլ ժամանակավոր նշանակեր քաղաքապետ, թեկուզ 2 ամսով, թեեւ, ասում են, կարեւորն առաջին տիկնոջ ցանկությունն է․․․ Սակայն այս տարբերակը քիչ հնարավոր է, եւ, հավանաբար, քաղաքապետի ընտրությունը կկայանա սահմանված ժամկետում: Այս պահին խոսք է գնում միայն Տիգրան Ավինյան անձի մասին, սակայն բազմաթիվ ասեկոսեներ են տարածված, որ շեֆը տատանվոմ է նաեւ այդ հարցում, քանի որ նրան զեկուցել են, որ, ըստ սոցհարցումների, նրա ձայները ցածր են, տատանվում են ընդհանուր ձայների 4 տոկոսի սահմաններում: 

Մյուս կողմից էլ, մամուլում տարածվեց խիստ հակադիր կարծիք, որ Ավինյանի ռեյտինգն այնքան բարձր է, որ ընտրվելուց հետո նա կարող է շեֆի պաշտոնի անմիջական հակառակորդը դառնալ, որի համար եւս շեֆը երկմտում է քաղաքապետի պաշտոնին նրան առաջադրելու հարցում: Տիգրան Ավինյանի թեկնածությունը, այսպես թե այնպես կա, հետեւաբար, վարչապետը մտածում է նաեւ քաղաքապետի թեկնածուի պահուստային տարբերակների մասին, որոնց առաջադրվելու դեպքում կգործի պլան Բ-ն, եւ իր՝ վարչապետին սպառնացող վտանգները փոքր կլինեն: Հետեւաբար, մինչեւ ընտրություններն ընկած ժամանակահատվածը լինելու է մեծ ինտրիգների եւ պահուստային թեկնածուների որոնման ժամանակահատված, որի արդյունքում ՔՊ-ի ներսում պայքարն էլ ավելի է թուլացնելու իշխող ուժին, որից էլ պետք է օգտվի ընդդիմության միասնական թեկնածուն (եթե այդպիսին լինի) կամ ընդդիմության առանձին թեկնածուները: Կարծում եմ, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե քանիսը կլինեն ՔՊ թեկնածուները (եթե մեկից ավելի ներկայացուցիչ գլուխ բարձրացնի, քանի որ շեֆն ինտրիգներ շատ է սիրում), եւ ընդդիմության ու այլ ուժերի կողմից առաջադրված թեկնածուներից ով ավելի խելոք կգտնվի եւ հնարավորինս որքան կօգտվի իրավիճակից: Որպեսզի ընդդիմությունը եւ մյուս ուժերը կարողանան ընտրության ֆորմատի ու թեկնածուի (ների) ճիշտ ընտրություն կատարել, պետք է առաջին հերթին խորությամբ վերլուծեն ՔՊ-ում ընթացող իրադարձությունները, հետո միայն թեկնածուի(ների) ադեկվատ ընտրություն կատարեն, այլապես ակամայից կնպաստեն ՔՊ-ի հավանական հաղթանակին: Այլ խոսքով, ընդդիմությունը եւ մյուս ուժերը պետք է կարողանան իրավիճակը եւ ընթացող իրադարձությունները ոսկերչական ճշգրտությամբ վերլուծել, հետո միայն քայլեր անել։

Ավելորդ չեմ համարում հատուկ ընդգծել, որ սա ոչ թե քաղաքապետի սովորական ընտրություն է, այլ իշխանափոխություն իրականացնելու առաջին լրջագույն քայլ, քանզի բոլորս ենք հասկանում, թե Երեւանի քաղաքապետի աթոռն ինչ է նշանակում Հայաստանի համար (դա իշխանության համարյա կեսը վերցնել է նշանակում)։ Եվ սա վերջին հնարավորությունն է՝ իշխանափոխություն իրականացնելու համար, քանզի այլ իրական ճանապարհներ չեն երեւում, քանի դեռ Հայաստանի ուժային կառույցներն անմնացորդ նվիրումով պաշտպանում են գործող վարչապետի քարացած աթոռը։

Դե, ձեզ տեսնենք, երեւանցիներ՝ կփրկե՞ք Երեւանը, թե՞ այն կդառնա թուրքի հանգրվաններից մեկը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ