Ինչու է նախարարը ազատել քոլեջի տնօրենին 

Ինչու է նախարարը ազատել քոլեջի տնօրենին 

2019 թվականի մարտի 13-ին  Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ազատվել է աշխատանքից։ Բանն այն է, որ նախքան նախարարի հրամանը քոլեջում բավականին ուշագրավ իրադարձություններ էին կատարվում․ Քոլեջի պրոֆեսորադասախոսկան անձնակազմն ու ուսանողությունը ճակատների էր բաժանված, մի մասը, ովքեր հեռացվել էին աշխատանքից, պահանջում էին տնօրենի ազատումը՝ նրան մի շարք մեղադրանքներ ուղղելով, Արայիկ Հարությունյանին էլ մեղադրելով «հայտնի կարագ ներկրող» տնօրենի հետ ստվերային համաձայնության գալու մեջ, մյուս մասն էլ, այժմ արդեն, երբ տնօրենն ազատված է,  դասադուլ ու բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով Հայրապետյանի վերականգնումը։ Սրա վերաբերյալ տնօրենին պաշտպանող մասը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասվում է․

«2019 թվականի մարտի 13-ին Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում քոլեջի տնօրեն Կ. Հայրապետյանը ԿԳՆ հրամանով ազատվել է աշխատանքից: Քոլեջի կոլեկտիվի բացարձակ մեծամասնությունը և ուսանողները համաձայն չեն քոլեջի տնօրենի՝ աշխատանքից ազատման ոչ իրավաչափ և ոչ ժողովրդավար որոշման հետ: Կոլետիվի կարծիքով  որոշումը ժողովրդավար չէ, որովհետև հաշվի չի առնվել կոլեկտիվի մեծամասնության կարծիքը և իրավաչափ չէ, քանի որ նշված դիտողությունները վերացվել են, բայց խիստ նկատողությունը մնացել է: Եթե անգամ եղել են թերություններ, ապա դրանք բավարար պայման չեն կարող լինել՝ արդարացնելու համար տնօրենի ազատումը: Տնօրենը բարեխիղջ, նվիրված ղեկավար է, նա ծանրակշիռ դեր ունի կրթության որակի ապահովման և կազմակերպչական շատ հարցրերի լուծման գործում»,- գրված է նամակում։
Բաց նամակներ գրում էին նաև տնօրենի հրաժարականը պահանջող դասախոսները, նրանք կառավարության շենքի առջև նույնիսկ բողոքի ակցիաներ էին անում։ Նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ հիմքով է ազատվել Կառլեն Հայրապետյանը։ Կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ հիմքերը կրթության տեսչական մարմնի ստուգումների  և աուդիտի տվյալներն են․

«Տվյալ հաստատությունում եղել է աուդիտ 2018 թվականի հուլիս ամսին, որի արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որի համար օգոստոսի 10-ին իր նկատմամաբ խիստ նկատողություն է կիրառվել։ Այնուհետև դեկտեմբերի 24-ից 28-ը կրթության տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել, որի ընթացքում հայտնաբերվել են այլ խախտումներ, և դրանց հիման վրա նույնպես խիստ նկատողություն է կիրառվել։ «ՊՕԱԿ-ների մասին» օրենքի հիման վրա 1 տարվա ընթացքում կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկված անձի լիազորությունները դադարեցվում են, այդ հիմքով դադարեցվել է»։

Հարցրինք, թե ինչ խախտումների մասին է խոսքը․

«Տեսչության հայտնաբերած խախտումները հիմնականում վերաբերել են մասնագետներին, այսինքն՝ որպես ուսուցիչ աշխատանքի են ընդունվել անձինք, որոնք որ իրենց որակավորումները չեն համապատասխանել, օրինակ՝ եթե անգլերենի կամ ռուսերենի մասնագետ պետք է լիներ, ապա այլ տեղ էր ավարտել, և իր կրթությունը իր աշխատանքին չի համապատասխանել։ Տեսչական մարմնի ստուգաման արդյուքում առնվազն երկու դեպք այդպիսին է եղել, իսկ աուդիտի եզրակացությունը բավականին ծավալուն է, այնտեղ մի շարք տարբեր խախտումներ էին՝ այդ թվում նաև ֆինանսական խախտումներ են եղել։ Նշեմ նաև, որ աուդիտի հայտնաբերած խախտումները և տեսչական մարմնի դեկտեմբերին հայտնաբերած խախտումները ամբողջովին տարբերվում են միմյանցից, այսինքն՝ կրկնություններ չկան, նույն արարքները չեն։ Եթե չեմ սխալվում, աուդիտի հիման վրա կա հարուցված քրեական գործ»,- ասաց Մարգարյանը։