Ո՞րն է տրամաբանությունը

Ո՞րն է տրամաբանությունը

Լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «ճամբարափոխությանը» եւ տպավորություն փոխանցել, որ «ի տարբերություն Արցախի պաշտոնական ու ՀՀ քաղաքական գրեթե բոլոր շրջանակներից Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատական տեսակետների» նա «Ստեփանակերտ-Երեւան «փոխհրաձգության» ժամանակ հանդես եկավ ի պաշտպանություն «Իմ քայլը» դաշինքի ղեկավարի»,:

Ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ մակարդակով է Արցախը պաշտոնապես քննադատել Նիկոլ Փաշինյանին՝ հեղինակը ոչ մի հղում չի անում, քանի որ նման փաստ պարզապես գոյություն չունի: Ստեփանակերտ-Երեւան «փոխհրաձգությունը» միայն որոշակի շրջանակների ցանկությունն է, որ գեներացվում է «բազմիցս կրկնված սուտը կարող է ճշմարտություն թվալ» մտայնությամբ: Այս կարգի մտավարժանքների վտանգավորությունն այն է, որ տպավորություն է ստեղծվում, թե Արցախի գործող իշխանությունը Հայաստանի նախկինների շարունակությունն է, նորն էլ պետք է ձեւավորվի Նիկոլ Փաշինյանի կողմից:

Խնդրո առարկա հրապարակման հեղինակը դա չի էլ թաքցնում, բայց փարիսեցիաբար խոսում է Արցախի ժողովրդի տեսակետն «անտեսելուց»: Բայց հեղինակը մինչեւ վերջ չի կարողացել պահել տրամաբանական թելը եւ եկել է եզրահանգման, որ եթե Արցախում իշխանությունը փոխանցվի Արայիկ Հարությունյանին, ապա «տեղի է ունենալու նախորդ ռեժիմի վերարտադրություն, պարզապես այլ դեմքով»: Այդ դեպքում ինչու՞ պիտի Արցախի նախկին վարչապետն «ինքնամատուցվի» Փաշինյանին՝ ինչպես հեղինակն է ձեւակերպել:

Կամ ինչու՞ պիտի Փաշինյանն աջակցի Արայիկ Հարությունյանին, եթե նա «նախորդ ռեժիմի այլ դեմքն է.. միայն: Այս հարցադրումներն, ըստ երեւույթին, ինչպես նաեւ Արցախի ապագան նման կարգի «վերլուծությունների» պատվիրատուներին բոլորովին չեն հուզում: Նրանք մի խնդիր ունեն՝ սադրել Հայաստան-Արցախ տարաձայնություններ, ներարցախյան իրավիճակը հնարավորինս խեղաթյուրված ներկայացնել եւ թիրախավորել Արցախի նախկին վարչապետին, ով ամենաազդեցիկ քաղաքական ուժի ղեկավար է, ունի պետական կառավարման ահռելի փորձ եւ, անկասկած, լինելու է առաջիկա նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածուն:

Ընդ որում, ամեն ինչ տեղի է ունենալու սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերով, եւ որոշողը լինելու է ժողովուրդը: Այս պարզ իրավիճակը խեղաթյուրելու ի՞նչ անհրաժեշտություն կա՝ գիտեն, երեւի, նման դիլետանտական մակարդակի «վերլուծությունների» պատվիրատուները, որ քաղաքական բավարար աջակցություն չունեն եւ միայն կուլիսային ինտրիգների վրա են հույս դրել: Արցախում իրավիճակը կայուն է: Նախագահ Բակո Սահակյանը լիովին վերահսկում է քաղաքական զարգացումները: Արտառոց ոչինչ տեղի չի ունենում նաեւ Հայաստան-Արցախ հարաբերություններում: Ո՞րն է իրավիճակը նենգափոխելու տրամաբանությունը:

Ի՞նչ եւ ու՞մ կողմից իջեցված պատվեր են կատարում տեղեկատվա-քարոզչական որոշակի ուժեր եւ շրջանակներ: Գոնե հասկանու՞մ են, թե ինչ ահռելի պատասխանատվության տակ են մտել եւ ինչ է իրենց սպասում, երբ Արցախում սահմանադրական ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն: