Շրջափոխված պատմություն

Շրջափոխված պատմություն

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն «Արմենպրեսին» հարցազրույցում ասում է, որ Սեւրի պայմանագիրն ուժի մեջ չմտավ, որովհետեւ 1920թ. «աշնանը միջազգային իրավիճակը կտրուկ փոխվեց, խորհրդային Ռուսաստանը կարողացավ քաղաքացիական պատերազմից դուրս գալ եւ Անտանտի երկրների՝ իր նախկին դաշնակիցների հետ թշնամական մթնոլորտում  մերձեցավ Սեւրի պայմանագրի դեմ պայքարող Թուրքիայի հետ եւ այդ ընդհանուր հակաատլանտյան ճակատի հիմքի վրա տեղի ունեցավ խորհրդաքեմալական մերձեցումը»:

Սա պատմական իրողության  շրջափոխում է, որից կարող է տպավորություն ստեղծվել, թե խորհրդային Ռուսաստանը մինչ 1920 թվականը հայկական հարցում այլ կողմնորոշում ուներ, բայց միջազգային իրավիճակի փոփոխության պատճառով ստիպված էր այլ դիրքորոշում որդեգրել: Փաստն այն է, մինչդեռ, որ խորհրդային Ռուսաստանը դեռեւս 1918թ. Բրեստի պայմանագրով էր Արեւմտյան Հայաստանը եւ Կարսի մարզը ճանաչել Թուրքիայի մաս, պարտավորվել զորքերը դուրս բերել եւ վերականգնել մինչ 1878թ.  գոյություն ունեցած ռուս-թուրքական սահմանը: Այդ պայմանագիրը խորհրդային Ռուսաստանն ստորագրել էր Օսմանյան կայսերական կառավարություն հետ եւ դրան հավատարիմ մնաց մինչեւ վերջ: Խորհրդա-քեմալական մերձեցման առանցքում հենց այդ պայմանագիրն էր, կողմերի շահերի համընկնումը՝ որ տարածաշրջանում չպետք է լինի ուժեղ Հայաստան:

Սեւրի պայմանագիրը հավասարապես անընդունելի էր թե քեմալական Թուրքիայի, թե բոլշեւիկյան Ռուսաստանի համար: Ի սկզբանե Թուրքիան եւ Ռուսաստանը Բրեստի պայմանագրով գծել էին իրենց միջեւ բաժանարարը, որ ներկայիս Թուրքիա-Հայաստան սահմանն է:  Պատմական փաստերը պետք է ներկայացնել անփոփոխ՝ որքան էլ դրանք ցավալի լինեն: Այլապես մի պատրանքին փոխարինելու կգա մյուսը: Մանավանդ այսօրվա արագ փոփոխվում աշխարհում դա մեզ բոլորովին պետք չէ: