Մայիլյանի «վերբովկան»

Մայիլյանի «վերբովկան»

Տեւական ժամանակ է, Ստեփանակերտում խոսում են, որ Դաշնակցության տեղի կառույցը քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ` նրան եկող տարի սպասվող ընտրություններին ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու հեռանկարի շուրջ: Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Մայիլյանը դեռեւս չի տվել համաձայնությունը, բայց եւ չի էլ բացառել դրա հնարավորությունը: Եւ ահա այս իրավիճակում ՀՅԴ մամուլը տեղեկացնում է, որ Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հարավային Ամերիկա, մասնավորապես` Արգենտինա` տեղի հայ համայնքի հրավերով: Արցախյան պատվիրակությունը կայցելի նաեւ Ուրուգվայ: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա դրանք կսահմանափակվեն բացառապես հայկական շրջանակներով: ԱՀ արտգործնախարարը որեւէ շփում չի ունենա Արգենտինայի եւ Ուրուգվայի պետական, քաղաքական կամ գոնե հանրային կառույցների ներկայացուցիչների հետ: Այդ դեպքում ո”րն է նման ծախսատար եւ հոգնեցուցիչ ուղեւորության իմաստը: Մամուլից տեղեկանում ենք, որ Մայիլյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Եւ կայուն տպավորություն է ստեղծվում, որ Մաիս Մայիլյանի հարավ-ամերիկյան ուղեւորությունը կազմակերպվել է Դաշնակցության նախաձեռնությամբ` նպատակ ունենալով Արգենտինայի եւ Ուրուգվայի հայությանը ներկայացնել ԱՀ գործող արտգործնախարարին եւ նախագահի հավանական թեկնածուին: Դաշնակցությունն ավելի վաղ հատկապես Ուրուգվայում լոբբիստական մեծ ջանքեր էր գործադրել` հասնելու այդ երկրի խորհրդարանում Արցախի հարցով նպաստավոր կեցվածքի դրսեւորման: Ըստ երեւույթին, նպատակ է դրվել քաղաքական այդ կապիտալը Մայիլյանին փոխանցելու միջոցով հասնել ԱՀ նախագահի թեկնածու առաջադրվելու նրա համաձայնությանը:

Դաշնակցությունը, կարելի է ասել, սկսել է Մայիլյանի «վերբովկան»: Հարավ-ամերիկյան համատեղ ուղեւորության գործնական արդյունքներից, այսպիսով, շատ բան կախված կլինի Մայիլյան-ՀՅԴ հետագա համագործակցության առումով: Դաշնակցությունը գտնում է, որ բանակցային գործընթացին զուգահեռ պետք է սկսել Արցախի միջազգային ճանաչման գործընթաց: Ըստ երեւույթին, արտգործնախարար Մասիս Մայիլյանը կիսում է այդ մոտեցումը: Այլ բան է, թե ի”նչ կտա այս իմաստով Մայիլյան-Իշխանյան միասնական առաքելությունը: