Իշխանությունների անպատասխանատու ու սրբապիղծ էությունը

Իշխանությունների անպատասխանատու ու սրբապիղծ էությունը

Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, ինչպես նաեւ 30 տարի գտնվելով մշտական պատերազմի կամ պատերազմի սպառնալիքի մեջ՝ անվտանգային խնդիրները պետք է լինեին ոչ միայն առաջնային, այլեւ՝ գերնպատակ։ 1994թ․ զինադադարից հետո եւ 2000-ականներից բուռն զարգացում ապրեց մեր անվտանգային համակարգը խժռող քրեաօլիգարխիան, որն աստիճանաբար սերտաճեց իշխանության հետ, իսկ 2018-ից հետո «հեղափոխականների» բոլոր խոստումները՝ վերացնելու օլիգարխիան ու մենաշնորհները, իրականում ստացվեցին շատ ավելի վատ։

Այսօր օլիգարխիան իշխանության մաս է կազմում եւ շատ ավելի ազդեցիկ է, քան երբեւէ։ Ինչպես ասվեց, անվտանգային համակարգը պետք է լիներ պետության առաջնային, մշտական, հիմնական օրակարգային հարցը, եւ բյուջեի առյուծի բաժինը պետք է ուղղվեր այդ նպատակին, իսկ մեզ մոտ իրականում խոսույթից դուրս ուղիղ հակառակն է կատարվում, որի մասին առկա փաստերը չեմ հրապարակում՝ հաշվի առնելով մեր խոցելի անվտանգային համակարգը։ 

Իհարկե՛, շատ լավ է, որ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցվում, ինչը, ցավոք, իրականացվում է խորհրդային չափորոշիչներով, այն է՝ կոռուպցիոն սխեմաներով՝ որպես արագ փող աշխատելու լավագույն ոլորտ։ Պատահական չէ, որ տենդերներ շահողները հիմնականում իշխանամերձ շրջանակներն են, եւ տարեցտարի շինարարությունն էլ ավելի անորակ ու անընդունելի է դառնում։

Անզեն աչքով տեսանելի է, որ իշխող խմբակի եւ նրանց խմբապետի համար շատ ավելի կարեւոր են բարեփոխումների անվան տակ ցուցադրական ներկայացումները, քան իրական քայլերը՝ բուն անվտանգային համակարգի վերականգնման համար, մասնավորապես՝ ոստիկանական համակարգում, որտեղ ընդգրկում են առանց լուրջ կրթության կիսագրագետ մարդկանց, շատ բարձր աշխատավարձով՝ սվիստոկ տալու եւ թանկարժեք մեքենաներով ֆռֆռալու համար։ Միաժամանակ՝ հնարավորության դեպքում չեն խուսափում կոռուպցիոն գործարքներից, հաճախ իրենց ոչ պրոֆեսիոնալ, երբեմն նաեւ հանցավոր գործելաոճով վտանգավոր են դառնում մարդկանց համար։ Իսկ սահմանում կանգնած, վրանների տակ պատսպարվող զինվորին, ում կյանքն ամեն վայրկյան վտանգված է, վճարվում է նույն ոստիկանների եւ իրավապահ համակարգի մնացյալ աշխատողների համեմատ անգամներով պակաս աշխատավարձ։ Պաշտպանության նախարար կոչեցյալը, ներկայացնելով բանակում հերթական «բարեփոխումները», զինծառայողների աշխատավարձը կապում է ատեստավորման հետ՝ առանց բազային աշխատավարձի մասին խոսելու։

Հարց՝ ինչո՞ւ ոստիկանական ու իրավապահ համակարգի մնացյալ ստորաբաժանումներում աշխատավարձը չի կապվում ատեստավորման հետ, եւ նրանք արտոնյալ են։ Որովհետեւ նրանց հիմնական գործառույթը դարձել են իշխանությունների անվտանգ գոյության ապահովումն ու պահպանումը, ինչը կիսագրագետներն ավելի լկտի ու ցինիկ են իրականացնում, ինչի ականատեսն ենք լինում ամենուր։ Ավելին՝ նույն գործելաոճն է իրականացվում զոհվածների ծնողների նկատմամբ, ինչն օրվա իշխանությունների սրբապիղծ էության վերջնական բացահայտումն է։

Խոսելով մեր անվտանգային համակարգի մասին՝ հնարավոր չէ չնկատել այն անտարբերությունն ու անգործությունը, որը ցուցաբերում են իշխանությունները, երբ առկա է ամենօրյա ագրեսիա Արցախի ու Հայաստանի նկատմամբ․ իրենք 2 տարին մսխեցին՝ ոչինչ չանելով բանակում, ավելին՝ եղածն են կազմաքանդում։ Նորից, հասկանալի պատճառներով, փակագծերը չեմ բացում։ Եվ որպես անվտանգային կարեւոր գործոն՝ ներկայացնում են, այսպես կոչված, «հայկական ժողովրդավարության» իրենց նվաճումը, այն դեպքում, երբ վերջերս բացահայտվեց, որ ՔՊ-ն ի վիճակի չէ 15 հոգանոց վարչությունն անգամ արդար ու թափանցիկ ընտրության միջոցով ձեւավորել, էլ ուր մնաց՝ համապետական ընտրությունները չկեղծեն։ 

Անվտանգային համակարգի մասին ասելիքս կեզրափակեմ այն համոզմունքով, որ բանակ չծառայածները, անկախ ազատման հիմնավորումներից, չպետք է Հայաստանում պետական բարձր պաշտոններ զբաղեցնեն, եւ առաջին հերթին՝ վարչապետի պաշտոնը․ դա պետք է սահմանադրական պահանջ լինի։
ՀԳ․ Անբարոյականություն ու սրբապղծություն է, երբ իշխանավորները նույնիսկ պատերազմի ժամանակ չեն խուսափում իրենց պարգեւատրելուց եւ աշխատավարձերը միլիոն դրամներով բարձրացնելուց, իսկ վաստակաշատ մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր մշակույթում ու արվեստում, առանց նույնիսկ տարրական մարդկային վերաբերմունք ցուցաբերելու՝ ընդունելու, խոսելու, մեծարելու, որոշում են անտեսել եւ զրկել չնչին՝ 90 հազար դրամ աշխատավարձից։ Այսպիսի որակներ կրող իշխանությունն իրավունք չունի ժողովրդին առաջնորդելու։


Պետրոս ՄԱԿԵՅԱՆ