ԲԴԽ-ն կարող է մնալ առանց ջեռուցման

ԲԴԽ-ն կարող է մնալ առանց ջեռուցման

Բարձրագույն դատական խորհրդի՝ Կորյունի փողոցում հատկացված շենքը մինչեւ հիմա ո՛չ նորմալ կարգավիճակ ունի, ո՛չ էլ նորմալ լույս, ջուր ու գազ է ստանում։ Լույսն ու ջուրը տրամադրում է Ագրարային համալսարանը, որի բալանսի վրա էր գտնվում շենքը մինչ ԲԴԽ-ին հանձնելը, իսկ գազ առհասարակ չունի, եւ չի բացառվում՝ ձմռանը շենքը մնա առանց ջեռուցման, ու ԲԴԽ անդամները ցրտին սառչեն, եթե, իհարկե, չհասցնեն փաստաթղթային հարցերը կարգավորել, որ շենքը վերջապես նստի իրենց բալանսին, իրենք էլ օրինական կարգով դառնան գազի, հոսանքի ու ջրի բաժանորդ։

Երեկ այս թեմայով մեզ հետ զրույցում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց, որ բավականին առաջընթաց ունեն՝ շենքի հետ կապված, եւ Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից արդեն բոլոր փաստաթղթերը ստորագրվել-ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ աշխատում է փաստաթղթերը վերջնական փուլի բերելու ուղղությամբ։

«Եվ ունեմ տեղեկություն, որ արդեն հաջորդ շաբաթ վերջնական տեսք կունենանք փաստաթղթերի»,- ասաց Կարեն Փոլադյանը։

- Պարոն Փոլադյան, հիմնական խնդիրը ո՞րն էր, որ չէր ստացվում գլուխ բերել այս ընթացքում։

- Նախագծերի եւ կատարված շինարարական աշխատանքների համադրման խնդիր ունեինք, եւ թերություններ, ըստ իրենց, կային, որոնք պետք է վերացվեին։ Եվ տեղեկությունը, որ էդ ամեն ինչը շտկվել է, եւ փաստաթղթերն ամբողջական տեսքով արդեն ներկայացվել են քաղաքապետարան։

- Բայց շենքի կարգավիճակի առումով էլ խնդիր կար, չէ՞, այն, կարծեմ, մինչ օրս ԲԴԽ-ինը չէ։

- Շենքը դեռեւս չի հանձնվել, հանձնվելու է Դատական դեպարտամենտի բալանսին։ Էդ ամբողջ փաստաթղթերը, երբ որ կվերջնականացվի, նոր կհանձնվի դեպարտամենտի բալանսին։ Էս պահին պետգույքի բալանսին է շենքը։

- Դրանից զատ՝ շենքը նաեւ գազի, ջրի եւ հոսանքի խնդիր ունի, ճի՞շտ է։

- Որ պահին որ հանձնեցին Դատական դեպարտամենտի բալանսին, ջրի, գազի եւ լույսի խնդիրն անմիջապես լուծվելու է։

- Իսկ հիմա ինչպե՞ս եք «յոլա գնում»։

- Էս պահին համագործակցում ենք գյուղակադեմիայի հետ, համատեղ օգտագործում ենք իրենց ջուրը եւ հոսանքը, դե՝ ջեռուցման խնդիր դեռ չկա, մինչեւ որ ունենանք մերը։

- Հիմա արդեն ցրտերն ընկնում են, եւ շուտով ջեռուցման խնդիր եք ունենալու, ինչպե՞ս եք դա լուծելու։

- Գիտեմ, որ էդպիսի խնդիր կա, անելու ենք ամեն ինչ, որ մինչեւ ցրտերն ընկնելը էդ խնդիրը լուծված լինի։ Այս պահին Դատական դեպարտամենտի կամ ԲԴԽ-ի կողմից անելու բան չկա, մենք սպասում ենք փաստաթղթերի ամբողջականությանը, որ շենքը հանձնվի մեզ, եւ իրավունք ունենանք գործողություն անելու։

- Կարո՞ղ է ձմեռը առանց գազի ու ջեռուցման մնաք։

- Ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այդպիսի բան չի լինի։ Աստված չանի՝ այդպիսի բան լինի․ լուրջ խնդիր կունենանք։

- Իսկ ընդհանուր շենքային պայմանները նորմա՞լ են, նորոգումը բավարարո՞ւմ ձեզ։

- Բավարար է նորոգումը, բայց նաեւ տարածքի խնդիր ունենք՝ աշխատակիցներին մի փոքր ավելի հանգիստ նստեցնելու համար։

- Իսկ այդ նորոգման ընթացքում չարաշահումներ կամ «ատկատի» դրսեւորումներ հայտնաբերվե՞լ են։

- Շինարարությունը եւ նախագծման աշխատանքները չեն կատարվել դատական համակարգի միջոցով, ամբողջն արվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի գործուն մասնակցությամբ, պատվիրատուն եղել է Պետգույքը, եւ էդպիսի տեղեկություններ ես չունեմ ու չեմ էլ կարծում, որ էդպիսի բան լիներ։