«Ալքիմիան՝ պատմական Հայաստանում»

«Ալքիմիան՝ պատմական Հայաստանում»

Սա անօրինակ աշխատություն է: Ականավոր պատմագետ-պատմաբան Կարո Ղաֆադարյանը «Ալքիմիան՝ պատմական Հայաստանում» գիրքը հրատարակել է 1940 թվականին՝ (Երեւան, «Արմֆանի» հրատարակչություն, 166 էջ): Ինչպես է ալքիմիան թափանցել Հայաստան, տարածվել տնայնագործության մեջ, ապագայում ինչպես է քիմիան փոխարինել նրան, առհասարակ՝ ինչպիսի նշանակություն է տրվել ալքիմիային պատմական Հայաստանում, հին վկայություններում, հիշատակարաններում․ ահա այս եւ հետաքրքրական այլ հարցեր է քննել Կ. Ղաֆադարյանը: Գիրքը ներկայացնող հեղինակի «Երկու խոսքից»․ «Հայկական գիտական գրականությանը հայտնի չէ ալքիմիան, որ երբեմն գոյություն է ունեցել Հայաստանում:

Այս ուսումնասիրությամբ աշխատել ենք, ձեռագրական մնացորդների հիման վրա, տալ ալքիմիայի պատմական անցյալը: Որպես ոչ մասնագետ քիմիկոսի կողմից կատարվող առաջին փորձ, հարկավ, այնուամենայնիվ, այս աշխատանքը տպագրության ենք հանձնում իբրեւ մի ուղեցույց, որն առիթ կծառայի հիմնավոր ուսումնասիրությունների, որոնց պակասը խիստ զգալի է բնական գիտությունների անցյալը լուսաբանելու տեսակետով: Վերջում հարկ ենք համարում զգուշացնել մեր ընթերցողներին, որ մեր այս աշխատությունը լոկ բանասիրական մի գործ է եւ բնավ հավակնություն չունի քիմիայի մասնագիտական խնդիրները շոշափելու» (էջ 9):

«Ալքիմիան՝ պատմական Հայաստանում» գիրքը բաղկացած է երեք մասից (յուրաքանչյուր մաս բաժանված է ենթագլուխների), իսկ վերջում՝ «Համառոտագրություններ» բաժնից: Դյուրահաս լեզվով Կ. Ղաֆադարյանը պատմում է, թե երբ եւ ինչ պայմաններում է ալքիմիան թափանցել Հայաստան, որոնք էին ալքիմիայի հանդեպ քննասիրության եւ այդ գայթակղիչ ու մեծ հաշվով օգտավետ «արհեստի» տարածման նախապատճառները: Առաջին մասը՝ «Մասն Ա, Ներածություն», որի «Ծածկագրեր եւ գաղտնանուններ», «Ալքիմիական ձեռագրերը», «Նյութերը խմբավորելու փորձերը» ենթագլուխներն ակնառու մանրամասներ են պարզում ինչպես ալքիմիայի կիրառության, այնպես էլ ժողովրդի կացության ու զբաղմունքի վերաբերյալ:

«Հետաքրքրական է ծանոթանալ, թե հայ ալքիմիկոսներն իրենց գործն ինչ են անվանել: Ձեռագրերի մեջ, համարյա ամենուրեք, «արուեստս այս է» կոչված: Բայց այն ժամանակ արվեստ եւ արհեստ բառերը դեռեւս տարբեր իմաստներ չէին ստացել» (էջ 27): «Արաբական ազդեցության շրջանում եւ հետագայում, մանավանդ 12-րդ դարից մինչեւ 17-րդ դարը, Հայաստանում ծաղկեց բժշկական արվեստը, ալքիմիան, գունազարդ մանածագործությունը եւ այլն, որոնք բազմաթիվ ձեռագրեր ու այլ հետքեր են թողել մատենագրական աղբյուրների մեջ: Կիրառական նշանակություն ունեցող այդ արհեստներն իրենց նախնական շրջանում այնքան պարզ եւ հասարակ են եղել, որ յուրաքանչյուր վարպետ հնարավորություն է ունեցել իր գործին լիովին տիրապետելու, բայց ժամանակի ընթացքում, նորանոր փորձերի հետեւանքով, այդ արհեստներից յուրաքանչյուրն այնքան է բարդացել ու խճողվել զանազան մանրամասնություններով, որ այլեւս ամեն բան հիշելն անհնարին էր անհատի համար, ուստի եւ նրանք գրի առնվեցին» (էջ 30-31):

Գրքի երկրորդ մասը՝ «Մասն Բ, Բնագրեր՝ քաղած ձեռագրերից», բաղկացած է «Խրատներ եւ բացատրություններ», «Գործողությունների նկարագրեր» ենթագլուխներից, որոնցում ալքիմիական հնարքներ ու գյուտեր բնութագրող ուշագրավ բաղադրատոմսեր եւ հորդորներ կան, բավականին պոետիկ խորագրերով, օրինակ՝ «Դուռն զարմանալի արեգական եւ ստոյգ փորցած, բայց ամէն մարդոյ մի ասեր», «Դուռն որ սպիտակացուցէ զկարիճն», «Արեգակն մոմելն» եւ այսպես շարունակ: Երրորդ մասը՝ «Մասն Գ, Բառարան», հանգամանորեն ծանոթացնում է ալքիմիական նյութերի անունների, գաղտնանունների եւ արտասովոր դարձվածքների հետ: