Վակցինա եւ իշխանափոխություն

Վակցինա եւ իշխանափոխություն

Ներողություն եմ խնդրում միամիտ հարցիս համար. պարզապես հետաքրքիր է՝ դուք հավատացի՞ք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը պատվաստվեցին քովիդի դեմ: Ես չեմ կարողանում հավատալ այդ թատրոնին: Ճիշտ այնպես, ինչպես այդ ընտանիքը վարակվում ու բուժվում էր կորոնավիրուսից, այդպես էլ հիմա ամուսիններով իբր պատվաստվեցին: Ես հենց այնպես չեմ ասում սա: Բժիշկ ընկերներս միանշանակ պնդում են, որ քովիդի դեմ պատվաստման եկած մարդու ճնշումը չէր կարող 110/70 լինել: Իսկ Նիկոլ Փաշինյանի ճնշումը, ես բժշկուհու աչքաչափին չեմ կասկածում, ճիշտ այդքան էր ներարկումից առաջ: Հետեւությունն ինքներդ արեք: Եվ հետո, Նիկոլ Փաշինյան երեւույթին ճանաչողները հստակ գիտեն, որ մինչեւ նա ՀՀ քաղաքացիների կեսին, որպես լաբորատոր մկների, չպատվաստի, ինքը ռիսկի չի ենթարկի սեփական առողջությունն ու կյանքը: ԱԺ հատուկ նիստում նա նույնիսկ «չբացահայտեց» այն վակցինանյութի անունը, որը 1-2 ժամ առաջ ներարկել էին իրեն: Չէ՞ր հիշում, իսկ գուցե քաղաքական մոմե՞նտը թույլ չէր տալիս ասել՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան պատրաստուկ է ընդունել:

Եթե չեմ սխալվում՝ նման պատվաստումից հետո մարդուն հանգիստ է պետք: Փաշինյանը, մինչդեռ, բժշկական կենտրոնից գրեթե ուղիղ եկել էր ԱԺ՝ մասնակցելու իր չընտրվելու նիստին: Սա էլ մի կողմ: Իսկ ինչպե՞ս սկսվեց նիստը, որով Փաշինյանի առաջին ելույթի համար 1 ժամ էր նախատեսված: Նա ելավ ամբիոն եւ, ասես ստուգելու համար առավոտյան սեփական նախաձեռնությամբ տարածած տեսանյութի ազդեցությունը, սկսեց խոսել քովիդի դեմ պատվաստումից՝ նշելով, որ առաջիկա ամիսներին որոշ երկրներ գուցե հայաստանցիների չընդունեն, եթե վերջիններս պատվաստված չլինեն: Իսկ ո՞ւր մնաց հատուկ նիստի լրջությունը, քննարկման բուն թեման, ինչի համար հավաքվել էին այդ օրը:

Որեւէ մեկը Փաշինյանից հետաքրքրվե՞ց, թե այս ի՞նչ թատրոն ես սարքել, այ տղա, դու արդեն հրաժարված վարչապետ ես, Սահմանադրությունը քեզ արգելում է պաշտոնակատարի կարգավիճակով ներկայանալ օրենսդիր մարմնին: Հենց մեկը իրավաբան Էդմոն Մարուքյանը. լսեցի՞ք, որ նա ասեր՝ մեծարգո վարչապետի պաշտոնակատար, երկրի առաջին նախագահից սկսած եւ իրավաբաններով վերջացրած, բոլորը պնդում են, որ Դուք օրենքից դուրս եք այս պահին եւ Սահմանադրություն եք խախտում: Ամեն ինչ այնքան հարթ անցավ, ասես Փաշինյանը նույնիսկ պաշտոնակատար էլ չէր, այլ՝ լիարժեք վարչապետ: Պատգամավորների մեծ մասն այդպես էլ դիմում էր՝ պարոն վարչապետ։ 

Սողունների դասի մասին էլ չասեմ: Սրանք զբաղված էին Փաշինյանի երկրորդ ելույթի համար հող նախապատրաստելով: Եվ «նիստի» վերջնամասում, երբ հավանաբար «դեղի» ազդեցությունը թուլացել էր, Փաշինյանը մտավ իր տարերքի մեջ ու սկսեց արդարանալ արած-չարածի համար՝ բնականաբար, հիշատակելով ու մեղադրելով նախկիններին: Սողունների դասը պատրաստ էր հրճվանքով ծափահարել Փաշինյանի հակասական ու վիճելի կիսամտքերին, բայց դա այդ օրը չէր: Վարչապետի պաշտոնում նրան ընտրելու հարցն էին «քննարկում», ու պետք էր չընտրել: «Իմ քայլը» որեւէ բան հասկացա՞վ իր պահվածքից: Իրենք առաջադրել էին Փաշինյանի թեկնածությունը, իրենք էլ ձեռնպահ քվեարկեցին: Իդիոտություն չի՞ սա… Եվ դեռ երկրորդ սերիան էլ կա՝ չմոռանաք դիտել եւ հիանալ իշխող քաղաքական ուժի եւ խորհրդարանական ընդդիմության կազմակերպած կրկեսով:
Ավարտելով՝ կուզենայի մի կարճ պարբերությամբ անդրադառնալ նաեւ Փաշինյանի այն արտառոց մտքին, թե Հայաստանում հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել, քանի որ 2018 թվականից իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Թե Հայաստանում Փաշինյանից ու իր նեղ թիմից զատ քանի հպարտ քաղաքացի է վերջին երեք տարում իրեն իշխանավոր զգացել, կարելի է միայն ենթադրել, բայց ահա վարչապետի աթոռից ոչ մի կերպ պոկ չեկող երեւույթը խոսում է այդ պաշտոնը երեք միլիոն մարդու պատկանելու մասին: Ծիծաղելի՞ է: Իհարկե: Սո՞ւտ է: Անշուշտ: Ո՞վ չգիտի, որ իշխանությունն արտահայտված է լինում որոշակի դեմքերով ու պաշտոնյաներով, որոնք ընտրությունից ընտրություն իրականացնում են այդ ժողովրդի կողմից իրենց տրված մանդատը: Եվ այստեղ կարեւորը ոչ այնքան իշխանության պատկանելության հարցն է, այլ այն, թե ովքեր եւ ինչպես են իրականացնում այդ իշխանությունը:

Այս տեսանկյունից, որպեսզի հետո Փաշինյանը երազախաբ չլինի, ես կարող եմ նրան արդեն այսօր հավաստիացնել, որ Հայաստանում իշխանափոխությունն այլեւս կատարված փաստ է, ինքն էլ՝ հրաժարական տված վարչապետ, այն է՝ շարքային կամ միջին վիճակագրական քաղաքացի, որ ապօրինի կերպով յուրացրել կամ պահում է հանգամանքների բերումով իր ձեռքում մնացած իշխանությունը: Այդ սխալը դե ֆակտո եւ դե յուրե կուղղվի առաջիկա արտահերթ ընտրություններում: Այդ ընտրություններն էլ, ի դեպ, արտահերթ են հենց այն պատճառով, որ Փաշինյանն ու իր թիմը չեն արդարացրել Հայաստանում իշխանության կրողի՝ ժողովրդի վստահությունը: Նրանք պարտվել են, կապիտուլացվել, քանդել, հարստահարել, կողոպտել, թալանել, խաբել: Այնպես որ, Հայաստանում իշխանափոխությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ պարտադիր: Հեռացողն էլ պարտադիր լինելու է Փաշինյանի դեմքով ու կերպարանքով արտահայտված իշխանություն-մղձավանջը: