ՌԴ-ում կարծում են, որ պետք է լինի օրինականության շրջանակում՝ լինի Քոչարյան, Սանասարյան, թե Նիկոլ Փաշինյան․Սմբատ Կարախանյան

ՌԴ-ում կարծում են, որ պետք է լինի օրինականության շրջանակում՝ լինի Քոչարյան, Սանասարյան, թե Նիկոլ Փաշինյան․Սմբատ Կարախանյան

Hraparak.am -ի հարցազրույցը Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ։  

-Պարոն Կարախանյան, ՊՎԾ ղեկավարի պաշտոնում կասեցված Դավիթ Սանասարյանի  քրգործը նրա կողմնակիցները մեկնաբանում են որպես կրեմլյան ակտիվ միջամտություն և հաշվեհարդար։ Իրենք թեեւ համաձայն չեն, որ Սանասարյանը հստակ արևմտամետ է, և անգամ սորոսական տանիք ունի, բայց կարծում են, որ ռուսները չէին ուզենա ՀՀ պետական համակարգում տեսնել նման բարձրաստիճան պաշտոնյայի։

-  Այսօրվա դրությամբ այդ փուլերը արդեն վաղուց անցած են։  Հետո, եթե Ռուսաստանն այդքան չուզենար դա, այսինքն՝ եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, Սանասարյանն ի սկզբանե չէր կարող նշանակվել ՊՎԾ ղեկավար։ Բայց նման բան առհասարակ չկա և դա հստակ երևում է ՌԴ-ում Միհրան Պողոսյանի ձերբակալությունից՝ այն, որ Ռուսաստանը ներհայաստանյան հարցերին չի խառնվում։ ՌԴ-ի համար գոյություն ունի Հայաստանի քաղաքական ղեկավարություն։ Իսկ եթե Հայաստանի իշխանություններն իրենց ներսում գտնում են, որ բարեկամը, ընկերը, ոչ ընկերը ապօրինի գործողություններ է կատարում, դա իրենց պրոբլեմն է, ոչ ՌԴ-ի։ Եվ, ասեմ հակառակը, ՌԴ-ում հիմա կարծիքներ են հնչում, որ հերթական ինչ-ինչ պոպուլիստական քայլերն են ուզում անել՝ դեպի Ռուսաստան, դեպի Ռուսաստանի կողմ, բայց դա լուրջ չի։ Եվ ՌԴ-ում այն կարծիքին են, որ կապ չունի՝ Դավիթ Սանասարյանն է, թե ով է, կապ ունի՝ խախտում տեղի ունեցե՞լ է, թե ոչ և այդ ամենը պետք է լինի օրինականության շրջանակում։ Լինի Քոչարյան, Սանասարյան, թե Նիկոլ Փաշինյան։

-Դուք 2018-ի հոկտեմբերին ինձ տված հարցազրույցում կանխատեսել էիք, որ 2019-ի մայիսին կտրուկ սրվելու են Փաշինյան- արևմտամետ քաղհասարակություն փոխհարաբերությունները։ Իրականում ի՞նչ է կատարվում։

- Նախ, ես նշել եմ 2 փուլ՝ 2019-ի մայիս և 2-րդ՝ 2020-ի մայիս։ Առաջին փուլում՝ ընդհանուր ֆոնով ու տենդենցներով իրավիճակի ընդհանուր գնահատականներով, կլինի այս տարվա մայիսին․ երբ այն արևմտյան ֆոնդերի ներկայացուցիչները, որոնք աշխատում էին և հիմա էլ աշխատում են հակառուսականության գաղափարախոսական ալիքի վրա և որոնք հայտնվել են օրենսդիր ու գործադիր օղակներում կամա թե ակամա սրելու են հարաբերությունները իշխանությունների հետ քանի որ  բնական է՝ ցանկացած իշխանություն՝ ելնելով իր կենսական շահերից  ձգտում է նորմալ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ Ու սա այն չէ, որը կոչվում է՝ լինել ռուսական գծի մեջ։ Սա գործունեություն է, որը շատ հարցերում բերելու է Ռուսաստանի հետ շահերի համընկնմանը։ Եվ բնական է, որ այդ պարագայում այն մյուս թևը (արևմտամետ) պետք է ակտիվանա։ Եվ այն, որ  ուսուցիչները, որոնք սովորեցրել են, պատրաստել, չեմ ուզում այդ ինստիտուտների ու կուրսերի անունները՝ Ֆլետչերից մինչև վերջ թվարկել, պահանջում են, դա սկզբունքային ծրագիր է՝ հակառուսաստանյան քաղաքականության խորացում։ Սա ի սկզբանե, այս իշխանության հիմքում դրված հակասությունն էր։ Թե հիմա հետագայում ո՞ր ուժը ավելի կբարձրացնի նժարը, ժամանակի խնդիր է։ Բայց այս պահին էլ այդ ամենը ուժի մեջ է։ Իսկ ամենավտանգավոր ու ամենասկզբունքային ու ստուգատեսային փուլը լինելու է մյուս տարվա մայիս ամսին։ Իսկ եթե հաջորդ մայիսը Հայաստանի իշխանությունները նորից դիմավորեն քաղաքական, տնտեսական սկզբունքային ու էական զարգացման արդյունքներ չգրանցելով, նաև՝ պետական-ծրագրային պետական խնդիրների հետ կապված, ապա շատ բացասական տենդենցներ են լինելու, որոնք ոչ մի լավ բան չեն կանխատեսելու Հայաստանի իշխանությունների համար։ Նորից եմ ասում՝ ակնկալվում են կոնկրետ զարգացումներ ու արդյունքներ ենթադրենք՝ կոնկետ ինչ արտաքին քաղաքականություն ենք ցանկանում ՌԴ-ի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, ԵՄ-ի հետ (Հայաստանը)։ Ոչ թե պատեհապաշտ քայլերով առաջ ենք գնում՝ ժողովրդին էլ ուրախացնելով տարբեր էպիզոդիկ երևույթներով կամ դրանց վրա շեշտադրումներ անելով։ Ուզում եմ այս համատեքստում ավելացնել նաև, որ այսօրվա դրությամբ ՌԴ-ն մնացել է միակ երկիրը, որ դրական սալդո ունի արտաքին տրանսֆերտների առումով, որովհետև բոլոր այն երկրները, որտեղից դեռևս գալիս են տրանսֆերտներ, այսօրվա դրությամբ Հայաստանից ավելի շատ դուրս է գնում, քան մտնում։ Հայաստանից դեպի ՌԴ էլ է մեծացել էդ գումարները, բայց ամեն դեպքում, գրեթե միակ երկիրն է մնացել, որ դրական սալդո ունի՝ մոտ 2 անգամ գերազանցելով Հայաստանից ՌԴ մտնող գումարները։ Այստեղ էլ աննախադեպ վիճակ է, որովհետև վերջին  տարիներին, անգամ պաշտոնական տվյալներով՝ մոտ 250 միլիոն դոլարով ավելացել է այն գումարների քանակը, որ Հայաստանից դուրս է գալիս ՌԴ։ Եվ ՌԴ-ում կա էն մտավախությունը, որ Հայաստանի իշխանությունները շարունակելով այս էգոցենտրիկ անձնակենտրոն քաղաքականության տենդենցները կամաց-կամաց հեռանում են ինչպես ստրատեգիական մտածողության արժեքներից, այնպես էլ   ժողովրդավարական արժեքներից։ Քանի որ անձնակենտրոն ու էգոցենտրիկ այս որոշումների ընդունումն ու թիմում՝ այս իրավիճակը, Հայաստանը կանգնեցրել են նաև արտաքին ներդրումների պրոբլեմի առաջ։ Մարդիկ հստակ ասում են, որ չեն կարող այս իրավիճակում լուրջ ներդրումներ լինել։ Իհարկե, կգան, կխոսեն, ՌԴ-ից մոտակա ժամանակներս սպասվում են գործարարների նոր այցելություններ, ուսումնասիրություն, բայց կա այն գնահատականը, որ նոր համակարգային մտածողություն ու սկզբում հայտարարվող ժողովրդավարական արժեքներն այսօրվա դրությամբ չկան։ 

- Վատիկանում ՀՀ նախկին  դեսպան Միքայել Մինասյանը օրերս հոդված էր գրել՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների նոր ճարտարապետության մասին՝ «2 պետություն 1 նպատակ» սկզբունքով։ Ինչպես կարձագանքեն ՌԴ իշխանություններն այս առաջարկին։

-Դե դա պարզ է։ Բայց եթե այդ ամենը չլիներ Միքայել Մինասյանի անվան ներքո, այդ, այսպես ասած, բրենդի ներքո․․․Այս իրավիճակում ՌԴ-ն բոլոր նման տեսակ առաջարկները կքննարկի, կլսի։ Բայց կա մի էական բայց․ Միքայել Մինասյանը հսկա մեդիառեսուրսների տեր լինելով՝ ուղղակի կամ անուղղակի ՌԴ-ում հայտնի է որպես գործիչ, որի մեդիառեսուրսները ռուասատանյան քաղաքական գործիչների քաղաքական մեծամասնության կարծիքով՝ միշտ եղել են հակառուսականից մինչև չափավոր, միջին կամ պասիվ հակառուսական սպեկտրի տիրույթում։ Եվ այստեղ մի քիչ դժվար է ընկալել Միքայել Մինասյանի կողմից նման առաջարկները։ Իհարկե, պարզ է, որ սա ասում է Սերժ Սարգսյանը, Ռուաստանը հասկանում է, որ սա Սերժ Սարգսյանի միջնորդավորված խոսքն է, նա խոսք է, տվել չէ՞, որ 2019-ին կխոսի։ Ինչևէ․ կամաց-կամաց  ՌԴ իշխանությունների մոտ քաղաքական զոնդաժ է տեղի ունենում, բայց այսօրվա դրությամբ ՌԴ իշխանությունները հակված չեն։

Հարց չկա՝ մարդկանց կարծիքները փոխվում են, իրավիճակները, գաղափարախոսական թեզերն ու գործողությունները՝ նույնպես և դա մենք տեսել ենք, թե Հայաստանում դա ոնց է տեղի ունենում։ 180 աստիճան այս կողմ, այն կողմ։ Այստեղ պրոբլեմ չկա, ուղղակի այսօրվա դրությամբ դեռ սա է։ Հիմա կփոխվի՞, Միքայել Մինասյանը կստեղծի՞ իր խումբը, քաղաքական ուժը կամ հասարակական-քաղաքացիական միավորումները, էդ դեպքում նոր կքննարկվի։ Բայց, այսօրվա դրությամբ, այն, ինչ ներկայացվեց  «Նեզավիսիմայա գազետայում», կոպիտ ասած՝ ռուսները ասեցին՝ կրակոց բաց երկինք։