Դավաճաններին չի կարելի ներել

Դավաճաններին չի կարելի ներել

Քաղաքական ու քրեական մեղադրանքը, պետությունից վարձատրվող պաշտոնյաների եւ պետությանը հարկ վճարողների հանդեպ քննադատությունը պետք է իրարից տարբերվեն: Ասենք, երբ ասում ենք, որ ձախողել են երկրի կառավարումը, կորցրել մեր վստահությունը, անարդյունավետ վատնել հանրային միջոցները` դրանք քաղաքական գնահատականներ են: Իսկ երբ ասում ենք` կոռումպացված են, դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, գործարքի են գնացել մեր թշնամիների հետ` դրանք քրեական մեղադրանքներ են, լուրջ դատ, դատաստան, պատիժ պահանջող: Եթե քաղաքական գնահատականներն ընդամենը մեր վերաբերմունքն են ու կարծիքը, որը կարող է նաեւ էմոցիոնալ լինել ու փաստարկման կարիք չունի, ապա քրեական հանցագործությունների մեջ մարդուն մեղադրելիս պետք է նաեւ ապացույցներ ունենաս, հիմնավորես:

Օրերս մի շատ զուսպ, գրագետ եւ լուրջ մարդ ինձ հավատացնում էր, որ «Նիկոլ Փաշինյանը դավաճան է», եւ փաստարկների մի ամբողջ շարք էր թվարկում` վստահ, որ այդքան պատահականություններ բնության մեջ չեն լինում: Առհասարակ, դավաճանությունն ամենածանր մեղադրանքն է, որը կարելի է առաջադրել որեւէ անձի: Եվ դավաճանությունն ու դավաճաններին ներել չի կարելի` լինի դա պետության հանդեպ դավաճանություն, զուգընկերոջ, պրոֆեսիայի, թե սկզբունքների: Մեկ անգամ դավաճանության գնացողն էլի կգնա` տրորելով ու ոտնահարելով ամեն սրբություն: Եթե մարդը չի գիտակցում, որ հավատարմությունն ու հաստատակամությունն ամենից արժեքավոր որակներն են, եթե նա պատրաստ է հանուն շահի, փողի, փառքի, հանուն անցողիկ հաճույքների` ուրանալ արժեքավորն ու մնայունը, մոռանալ իր ակունքներն ու սկզբունքները: Եթե կարող է գայթակղվել ու հրաժարվել իր դավանանքից, սրբություններից, սիրուց, ուրեմն նա այլեւս մարդ չէ: