Դուք մոնոպոլիաների դեմ էիք, բա ինչո՞ւ եք ամեն ինչ կենտրոնացնում

Դուք մոնոպոլիաների դեմ էիք, բա ինչո՞ւ եք ամեն ինչ կենտրոնացնում

Տարին մեկնարկեց մարզերում ծննդատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիաներով ու ճամփաներ փակելով։ Փաստարկներից մեկն այն էր, որ որտեղ ծառայություններն ավելի շատ են մատուցվում, այնտեղ դրանք ավելի որակյալ են։ Նախարարն անգամ բերեց Երեւանի օրինակը, որտեղ 4 խոշոր բժշկական կենտրոնների փոխարեն ավելի արդյունավետ կլիներ մեկ առավել խոշորն ունենալ։

Առողջապահական կազմակերպիչ, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը համաձայն չէ, ասում է, որ առողջապահությունում, ինչպես ցանկացած այլ ոլորտում, որակ ծնվում է մրցակցության պայմաններում։ «Այսինքն՝ նայենք օրինակով, մի հիվանդանոցը բերում է մի նոր սարք ու դրանով փորձում իր մոտ բարձրացնել հաճախելիությունը, մյուս հիվանդանոցը, ի պատասխան, իր մոտ այլ ծառայություն է ներդնում, ու այսպես իրար նայելով ու կոնկուրենցիա ապահովելով՝ զարգանում է հիվանդներին մատուցած ծառայությունների քանակն ու որակը, բժիշկներն իրար հետ մրցակցելով՝ գնում են վերապատաստվելու։ Եթե չկա մրցակցություն, չկա զարգացում։ Եթե նախարարն այսքան պարզ բանը չի հասկանում, ուրեմն ես հերթական անգամ համոզվում եմ, որ իր տեղում չէ, եւ որ նրա համար ամենակարեւորը, որ ամեն ինչ լինի մոնոպոլ, կենտրոնացված… դուք մոնոպոլիաների դեմ եք, բա ինչո՞ւ եք ամեն ինչը կենտրոնացնում»,- հարցնում է Գրիգորյանը։

«Եթե ներկա իշխանության համար Սահմանադրությունը հիմք չէ, ուրեմն ի՞նչ ասեմ, մենք ապրում ենք աֆրիկյան ինչ-որ մի ցեղախմբում, որի առաջնորդը Գարդասիլ Գարդասիլովիչն է։ Լավ՝ Ծննդատուն Գարդասիլովիչը»,- հավելեց Գեւորգը։ Իսկ ինչ անել, եթե, այնուամենայնիվ, մարզային բուժկենտրոնը չի կարող մրցակցել մայրաքաղաքի խոշոր կենտրոնի հետ։ Այդ դեպքում էլ բժիշկ Գրիգորյանն ասում է՝ գոյություն ունի մարզերի համաչափ զարգացման ռազմավարություն։ Եվ մի հռետորական հարց է հնչեցնում՝ եթե մենք ամեն ինչն ուղղորդում ենք դեպի Երեւան, ո՞ւր մնաց մարզերի համաչափ զարգացումը։ Նա հիշեցնում է, որ նպատակը տեղում զարգանալն է։ Այսինքն, որ մարդիկ ծննդաբերեն մարզում, ոչ թե գան Երեւան։

Հիշեցնենք, որ Արսեն  Թորոսյանն ասել էր, որ օպտիմալացվում են բուժհիմնարկները, որոնց ժամանակ էր տրվել սարքավորումներով ապահովվելու եւ ծառայությունների որակի բարձրացման համար, բայց նրանք ոչինչ չեն արել։ Գեւորգ Գրիգորյանը հարցնում է՝ իսկ  ինչպե՞ս դա պետք է անեին մարզային ծննդատները․ դա պետք է լիներ պետական ֆինանսավորմամբ կամ այդ համայնքներին ու բուժկենտրոններին տրամադրված վարկային արտոնյալ ծրագրերով, որ կարողանային վերազինել կենտրոնները, աշխատանքային նորմալ պայմաններ ապահովել, եւ միայն դրանից  հետո նրանց պետք է ժամանակ տրվեր։ «Խնդիր չէ՝ օպտիմալացմանը դեմ չեմ, որովհետեւ արդյունավետ կառավարումը ենթադրում է դա, բայց այն պետք է ունենա իր ձեւն ու ստանդարտները, որոնք չկան, եւ որոնց բացակայությունից առողջապահության նախարարությունն օգտվում է»։ Գրիգորյանը կարծում է, որ այստեղ կա ֆինանսավորման խնդիր, ավելի ճիշտ՝ Թորոսյանը ցանկանում է ֆինանսավորել միայն կոնկրետ եւ յուրային բուժկենտրոններին։