Բոլորս հավաքվել ենք, որպեսզի անձինք, ովքեր ներկա են, իրենց պատասխանը տան․ Քոչարյանի գործով դատախազ

Բոլորս հավաքվել ենք, որպեսզի անձինք, ովքեր ներկա են, իրենց պատասխանը տան․ Քոչարյանի գործով դատախազ

Ռոբերտ Քոչարյանի գործով նախորդ նիստին պաշտպանական կողմը բացարկ էր ներկայացրել մեղադրող Պետրոս Պետրոսյանին՝ հիմնավորելով, որ դատախազը տեղյակ է եղել նախաքննության ընթացքում թույլ տված խախտումներին եւ ոչինչ չի ձեռնարկել։

Այսօրվա նիստին շարունակվեց միջնորդության քննարկումը։ Պետրոսյանին բացարկ հայտնեց նաեւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը բացարկի վերաբերյալ ասաց՝ ներկայացված փաստարկները բացարկի ինստիտուտի հետ կապ չունեն․ «Ըստ էության՝ փաստարկները հանգում են նրան, որ չեն ցանկանում Պետրոս Պետրոսյանին տեսնել հակառակ կողմում։ Հակառակ դիրքորոշում չլինելու դեպքում, չի կարող դատավարություն լինել։ Որդեգրել են այն ճանապարհը, որ քրեաիրավական վեճը լուծեն կողմերից մեկին վարույթից հեռացնելով։ Իմ համար ակնհայտ է, որ պաշտպանական կողմը այնպիսի դատախազ է ուզում, որ իրենց հետ համաձայնվի։ Նախորդ նիստին հնչեցվել են արտահայություններ, որոնք ունեցել են քաղաքական երանգ։ Խնդրում եմ՝ հայտնած բացարկը մերժել»։

Իր դեմ հայտնած բացարկին Պետրոս Պետրոսյանն արձագանքեց․ «Այդ խոսքը բացարկ չէր, այլ ուղղված էր հանրությանը մոլորեցնելուն։ Մենք բոլորս հավաքվել են այստեղ, որպեսզի անձինք, ովքեր ներկա են, իրենց պատասխանը տան»։

Պաշտպաններից Հայկ Ալումյանը դատախազի դիրքորոշումից հետո նախ առարկեց դատարանի գործողությունների դեմ․ «Դատական նիստերի դահլիճում մի քանի արտահայտություններ հնչեցին պաշտպանական կողմի նկատմամբ։ Եթե դատարանը այդ վիճակը չի կարող ստեղծել, ապա մենք պետք է մտածենք՝ մտնե՞նք այս դատարան։ Այս արարողությանը կարելի է ասել ամեն ինչ, բացի նրանից, որ այստեղ դատավարություն է։ Մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է»։ 

Ըստ Ալումյանի՝ Պետրոս Պետրոսյանի ցանկացած պնդում կառուցված էր կեսճշմարտության վրա։