Նոր աշխարհակարգի շեմին

Նոր աշխարհակարգի շեմին

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահն այցելեց Իսրայել՝ Օսվենցիմի ազատագրման 75-ամյակի միջոցառումներին մասնակցելու: Բայց կարեւորը ոչ այնքան բուն այցն էր, որքան Պուտինի ելույթը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների մասնակցությամբ միջազգային գագաթնաժողով հրավիրելու անհրաժեշտության մասին: «Աշխարհում օրեցօր ավելի են մեծանում նոր մարտահրավերները: Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ, պատասխանատվություն են կրում աշխարհի ճակատագրի համար: Եվ կարող են անցկացնել հանդիպում, որը նվիրված կլինի գլոբալ խնդիրներին ու մարտահրավերներին: Այդպիսի հանդիպումը կարելի է կազմակերպել ցանկացած երկրում, աշխարհի ցանկացած կետում, որը հարմար կլինի նշված երկրների առաջնորդներին»,- հայտարարեց Պուտինը: 

Միջոցառմանը ներկա Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անմիջապես արձագանքեց նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ լիովին կիսում է Պուտինի մտահոգությունները եւ ողջունում այդպիսի հանդիպում անցկացնելու մտադրությունը: Իսկ Մակրոնն այդտեղ փաստացի ներկայացնում էր Եվրամիությունը: Նախաձեռնությունը ողջունեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեսը, նույն օրը դրական արձագանք եղավ Չինաստանի արտգործնախարարությունից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, չբացառելով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը, ակնարկեց, թե առաջարկն առավել դետալացված ներկայացնելու անհրաժեշտություն կա: Եվ միայն ԱՄՆ-ն, ո՛չ ի դեմս միջոցառմանը ներկա փոխնախագահ Փենսի, ո՛չ էլ նախագահ Թրամփի մակարդակով առայժմ տեսակետ չի հայտնել, բայց դա, ըստ էության, ժամանակի հարց է:

Ռուսական քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում Պուտինի ելույթը գնահատվեց իբրեւ երկրի ներսում սկսված փոփոխությունների նոր ալիքի լիովին տրամաբանական սպասարկում՝ արտաքին քաղաքականության ոլորտում: Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Ժիրինովսկին, ով Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողի վաղեմի համարում ունի, «Ռոսիա» հեռուստաալիքի ուղիղ եթերում Պուտինի ելույթը մեկնաբանեց իբրեւ նոր, բազմաբեւեռ աշխարհակարգի հաստատման մեկնարկ: Ըստ նրա՝ Ռուսաստանը միջազգային խոշոր խաղացողներին առաջարկում է այդպես էլ չկայացած միաբեւեռ աշխարհակարգի տեսությունը դնել մի կողմ եւ անցնել աշխարհի նոր բաժանման: Ըստ նրա՝ այդ բաժանումը կարող է ունենալ մոտավորապես հետեւյալ տեսքը. ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան՝ Կանադայի եւ Ավստրալիայի հետ միասին, ձեւավորում են առանձին աշխարհաքաղաքական բեւեռ՝ ազդեցության գոտի ունենալով ողջ ամերիկյան մայրցամաքը:

Եվրամիությունը՝ ի դեմս ֆրանս-գերմանական տանդեմի, իբրեւ ազդեցության գոտի է ստանում Աֆրիկան, Չինաստանը՝ Հարավ-արեւելյան Ասիան, ներառյալ՝ Ինդոնեզիան եւ Ֆիլիպինները: Դե, իսկ Ռուսաստանն իր ազդեցության ուղեծրում պետք է ներառի ողջ հետխորհրդային տարածքը, Իրանը, Թուրքիան, Արաբական թերակղզու երկրները: Հեռուստաբանավեճի ընթացքում Ժիրինովսկին հղում արեց այն իրողությանը, որ չի բացառվում՝ Մեծ հնգյակն ապագայում վերածվի ութնյակի, ներառելով նաեւ Գերմանիան՝ որպես Եվրամիության տնտեսական լոկոմոտիվ, Հնդկաստանը եւ Բրազիլիան՝ իբրեւ Հարավային Ասիայի եւ Հարավային Ամերիկայի ամենախոշոր տերություններ: 

Ժիրինովսկու ասածներին կարելի էր լուրջ չվերաբերվել, եթե վերջինիս կանխատեսումները երկարաժամկետ կտրվածքով չիրականանային: Բայց հիշեցնենք, որ երբ 20 տարի առաջ Պուտինն առաջին ժամկետով ընտրվեց նախագահ, եւ Ռուսաստանը կալմեջ արած օլիգարխները (մասնավորապես՝ Վ. Գուսինսկին եւ Բ. Բերեզովսկին) Պուտինին առավելագույնը կառավարման մեկ ժամկետ էին կանխատեսում, Ժիրինովսկին նախագահի երդման արարողությունից հետո հայտարարեց. «Հեղափոխությունը Ռուսաստանում ավարտված է, բոլորս գնում ենք մեր տեղերը՝ երկարաժամկետ աշխատելու: Բոլորը պետք է լծվեն նոր Ռուսաստանի կառուցմանը»: Հիմա հետահայաց կարելի է տեսնել, որ լիբերալ-դեմոկրատների առաջնորդը գիտեր, թե ինչ է ասում: Որտեղ են հիմա Բերեզովսկին եւ Գուսինսկին, մեկնաբանելու կարիք չկա, երկուսի ճակատագիրն էլ հայտնի է: Իսկ Պուտինն ու Ժիրինովսկին դեռեւս ձիու վրա են, չնայած ոչ երիտասարդ տարիքին: 
Միջազգային մամուլը մասամբ ողջունում, մասամբ էլ կասկածի տակ է դնում Պուտինի նախաձեռնությունն այն իմաստով, որ ԱՄՆ-ն ոչ մի դեպքում չի համաձայնի աշխարհի նոր վերաբաժանման քննարկում անգամ սկսելուն, քանզի համարում է, որ միաբեւեռ աշխարհակարգը կայացած է, եւ ինքն է այդ աշխարհակարգի գլուխը:

Բայց նախագահ Թրամփի որոշ գործողություններն ու հայտարարությունները ճիշտ հակառակ տրամաբանության մեջ են, եւ չի բացառվում, որ Վաշինգտոնն ինքն է խրախուսում նոր ինքնուրույն բեւեռների ձեւավորումը: Մասնավորապես հենց Թրամփն էր, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո աղբամանը նետեց Օբամայի եւ գլոբալիստ-դեմոկրատների նախաձեռնած տրանս-ատլանտյան տնտեսական գոտու ծրագիրը, որ նախատեսում էր ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրամիության փաստացի միավորումը նույն տնտեսական համակարգում: Հենց Թրամփն էր, որ առեւտրային պատերազմ հայտարարեց Չինաստանին ու Եվրամիությանը՝ բարձրացնելով մի շարք ապրանքների ներմուծման մաքսային սակագները: Հենց Թրամփը Մեծ Բրիտանիային աննախադեպ տնտեսական արտոնություններ խոստացավ՝ բրեքզիթն ավարտին հասցնելու եւ Եվրամիությունից դուրս գալու դիմաց: Հենց Թրամփը 2019-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հետեւյալ կերպ բնորոշեց ԱՄՆ-ում ընթացող ներքաղաքական զարգացումները. «Սա պայքար է գլոբալիստների եւ հայրենասերների միջեւ»:

Ըստ այդմ, միանգամայն հավանական է, որ մեծ տերությունների մասնակցությամբ սկսվում է ուժերի չափման, զուգահեռ գաղտնի եւ բացահայտ բանակցությունների փուլ՝ ազդեցության գոտիների վերաբաշխման նպատակով: Այդ գործընթացում կարող են լինել եւ ցավոտ զարգացումներ՝ հատկապես փոքր պետությունների համար, նաեւ՝ հետխորհրդային տարածքում: Այս համատեքստում Հայաստանը, ունենալով ղարաբաղյան հիմնախնդիր, պետք է կարողանա վարել ծայրահեղ զգույշ, բացառապես ներազգային շահերից բխող եւ խիստ հաշվարկված քաղաքականություն: Չներքաշվելով այնպիսի աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որ իրապես կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի գոյությունը իբրեւ պետություն: Եվ դա առաջին հերթին այս պահին գործող իշխանության խնդիրն է: Բայց այդ իշխանությունն առայժմ զբաղված է պսեւդո-քրեական գռեհիկ շոուների բեմադրմամբ՝ ցավոք, ապացուցելով, որ այլ բանի այդպես էլ ընդունակ չեղավ: Իսկ ժամանակը գնում է:

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ