Վազգեն Սարգսյանի անվան հաշվին ձայներ են հավաքում եւ անում քայլեր, որոնց Վազգենը կողմ չէր լինի

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն օրերս մի գրառում էր արել, պնդելով, որ ընտրության հայտ են ներկայացրել ուժեր, որոնցից ոմանք Ալիևին, Էրդողանին և Նիկոլ Փաշինյանին են իրենց ձայները նվիրելու: Ըստ Մելիքյանի` ընտրելով Արտակ Զեյնալյանին քաղաքացիներն իրենց ձայնը տվել են Ալիևին, Էրդողանին, Նիկոլ Փաշինյանին և տորիչելյան դատարկությանը: Այս պնդմանն Արտակ Զեյնալյանը հակադարձել էր, ասելով, թե ինքը ռազմի դաշտում իր ոտքն է կորցրել, Մելիքյանի անունը նաև կապելով նախկին իշխանությունների հետ:
Ռուբեն Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ եթե Արտակ Զեյնալյանն իր ոտքը ռազմի դաշտում կորցրել է, դա ամենևին չի նշանակում, որ Ալիևի և Էրդողանի հետ համագործակցել չի կարող: Նա կարծում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան հաշվին ձայներ է հավաքում, սակայն անում է քայլեր, որոնց Վազգեն Սարգսյանը պարզապես կողմ լինել չէր կարող: Իրավապաշտպանի պնդմամբ` այլևս երբեք Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու պատրվակով չպետք է լռել «Հանրապետություն» կուսակցության զազրախոսությունների դեմ.
«Այդ կուսակցությունը համագործակցելով Նիկոլ Փաշինյանի հետ, անթաքույց կերպով համագործակցում է Ալիևի և Էրդողանի հետ: Այն մարդիկ, ովքեր ձայն են տվել Արտակ Զեյնալյանին, ձայն են տվել Ալիևին և Էրդողանին, ես դա այսօր ևս պնդում եմ: Զեյնալյանն արձագանքել է իմ գրառմանը, վկայակոչելով իր վիրավորման հանգամանքը` ոտքը, սակայն եթե կորցրել ես ոտքդ, չի նշանակում, որ չես կարող Ալիևի ներկայացուցիչը լինել Հայաստանում: Լռության օր էր, ես չարձագանքեցի նրա այդ պնդումներին, սակայն ուրախ եմ, որ այսօր ունեմ նրան արձագաքնելու հնարավորություն: Մենք մի ուժի հետ գործ ունենք, որը բավականին մեծ թվով ձայներ է հավաքել Վազգեն Սարգսյանի անվան հաշվին: Այսինքն` այդ կուսակցության թիվ մեկ կապիտալը Վազգեն Սարգսյանի անունն է, բայց թե ինչ կաներ Վազգեն Սարգսյանն այն մարդկանց հետ, որոնք հանձնեցին Արցախը, ինձ թվում է բոլորս կարող ենք պատկերացնել: Անկախ այն բանից, թե ով ում եղբայրն է, ով է պատերազմին մասնակցել և ով ոչ, եկեք մի բան պատկերացնենք` ինչպե՞ս կվարվեր սրանց հետ նույն Վազգեն Սարգսյանը: Արամ Սարգսյանի մասով շատերը զսպվածություն են ցուցաբերել հենց Վազգեն Սարգսյանի անվան համար, ինչն իմ կարծիքով` սխալ է: Մարդիկ հարց չեն տալիս` ո՞վ է Արամ Սարգսյանն` առանց Վազգեն Սարգսյանի: Ո՞վ է նա որպես ինքնուրույն քաղաքական գործիչ: Նա իր կյանքում ի՞նչ է արել: Ունի՞ մի արժանիq, որի համար կարելի էր ընտրել նրան: Մարդիկ չպետք է ձևական կանխավարկածներով ապրեն, որ եթե նա Վազգենի եղբայրն է, մյուսն էլ վիրավորում է ստացել, չեն կարող համագործակցել թշնամու հետ: Եթե Վազգեն Սարգսյանի անունը չլիներ, այդ խմբակը չէր կարող այսքան ձայն հավաքել: Արտակ Զեյնալյանը պատերազմին մասնակցելու և ոտքը կորցնելու հանգամանքը վաճառում է հանրությանը: Մենք նման բազմաթիվ օրինակներ ունենք, օրինակ` Սասուն Միքայելյանը: Այնպես որ բոլոր այդ մարդիկ էլ կարող են դավաճանել իրենց երկիրը: Եթե ձեռք ես սեղմում մեր հաղթանակները զրոյացնող մարդու հետ, դառնում ես դավաճան: Վատ է, որ մարդկանց չափում են արտաքին հանգամանքներով, չխորանալով գաղափարների մեջ: Վստահ եմ, որ Արտակ Զեյնալյանն այսօր ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմելու, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ իմ դիտարկումները ճիշտ են: Արտակ Զեյնալյանը, եթե այդքան հարգում է Վազգեն Սարգսյանի անունը, թող գնա Նիկոլ Փաշինյանի թերթի այն էջերը գտնի, եւ տեսնի, թե Փաշինյանը շաբաթը քանի անգամ էր Վազգենին ամենակեղտոտ ձևով պախարակում և թշնամանք տարածում նրա մասին: Երբ բանակում զինվոր էր զոհվում` Նիկոլն իր թերթում գրում էր, որ Վազգեն Սարգսյանը ծնողների Ամանորն է շնորհավորում», - խոսքը եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:
Կարծիքներ