Արցախցիներին վտանգ չի՞ սպառնում

Արցախցիներին վտանգ չի՞ սպառնում

Վարչապետի պաշտոնն ատամներով պահող անձի ասելով արցախցիներին վտանգ չի սպառնում: Թե ինչի հիման վրա է ձևավորվել այդ կարծիքը՝ միայն իրեն է հայտնի: Որովհետև իրականության մեջ ճիշտ հակառակն է: Հակառակն է՝ հաշվի առնելով թշնամի երկրում առկա համատարած հայատյացությունը: Բայց եթե ինքն  ուզում է, որ ես ու ինձ նման մտածող մարդիկ գոնե այդ հարցում հավատան իրեն՝ թող իր ընտանիքի կամ եղբայրների ընտանիքների անդամներին մի քանի օրով ինկոգնիտո (ծածուկ) ուղարկի Արցախ: Ենթադրում եմ, որ ռուսական խաղաղապահները հաճույքով կկատարեն Նիկոլի դիմումը և նրանց կտեղափոխեն Արցախ:

Ինչևէ, հիմնվելով սեփական անհիմն կարծիքի վրա՝ նա արցախցիներին հորդորում է չլքել իրենց բնակության վայրերը: Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի՝ եթե չփորձեր մանիպուլյատիվ ձևով հիմնավորել այդ հորդորը: Այն է՝ արցախցիները պետք է մնան իրենց բնակավայրերում, որպեսզի ադրբեջանցիները չհայտարարեն, թե էթնիկ զտումն իրականացնում են հենց հայերը: Առաջին հայացքից խելքը գլխին հիմնավորում է: Բայց քանի որ միլիարդ (ԱՄՆ դոլարով) էլ տաս՝ Նիկոլն իր ընտանիքին չի ուղարկի Արցախ, ուրեմն ինչպես կարող են արցախցիները մնալ այնտեղ: Իսկ եթե դրան գումարենք նաև այն, որ մարդիկ արդեն քանի օր է լքել են իրենց տունն ու տեղը և գիշերում են բաց երկնքի տակ՝ պատկերը կամբողջանա: 

Զարմանալիորեն, այս հարցում ազգակործան պատուհասի (իշխանություն պահպանելը, քանի որ արցախցիների հոսքը Հայաստան մեծապես կվտանգի նրա գոյությունը) և ռուսական կողմի շահերը համընկնում են: Արցախում ժողովրդի մնալը ձեռնտու է նաև ռուսներին՝ իրենք կունենան ձևական հիմք այնտեղ մնալու համար: Որովհետև դժվար է ասելը, թե ինչ կարող են անել նրանք, եթե ողջ Արցախը դատարկվի մինչև 2025 թվականը: Ենթադրում եմ նաև, որ մինչ այդ կարող է ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը: Բնականաբար, ռուսական կողմի հաղթանակով, քանի որ դա խոստովանում են նույնիսկ Արևմուտքում և հատկապես ԱՄՆ-ում: Ինչից հետո իրենք կկարողանան ավելի ազատորեն գործել մեր տարածաշրջանում: Ժողովրդի մնալը ձեռնտու է նաև Արցախի իշխանություններին, սակայն նրանց գոյությունը դժվար թե երկար հանդուրժի Իլհամը: Նախաձեռնելով վերջին ռազմական ագրեսիան՝ թշնամին առաջ էր քաշել երկու նպատակ:

Մեկն Արցախի Պաշտպանության բանակի կազմացրումն էր, ինչը կարծես թե մոտենում է ավարտին: Երկրորդն իշխանության մարմինների վերացումն էր, ինչը կհետևի բանակի վերացմանը: Եվ այստեղ ոչինչ չեն կարող անել ո՛չ արցախցիները և ո՛չ էլ ռուսները՝ եթե վերջիններս նույնիսկ ցանկանային ինչ-որ բան անել:
Եվ այդ առումով պետք չէ խաբվել Եվլախում ընթացող բանակցություններից: Սկսելով հումանիտար հարցերից՝ թշնամին աստիճանաբար կկենտրոնանա վերը նշված նպատակները կյանքի կոչելու վրա: Ռազմական գործողության առումով ժամանակավոր դադարը նրա համար անհրաժեշտ է միջազգային խիստ արձագանքները մեղմելու առումով: Միայն էդքան: Ինչ մնում է Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին ընդունելուն, ապա դա բնական է, քանի որ փողոցից չէ, որ ուղարկվելու էին բանակցելու: Եվ չէին ուղարկվելու նաև Արցախի նախագահն ու այլ ղեկավար անձինք, որոնց առումով արդեն հրապարակվել է Ւլհամի որոշումը՝ կանգնեցնել իրենց դատարանի առջև: Միակ հարցը, որ բավականին անորոշ է, դա 30 հազար տղամարդկանց ցուցակի առումով կատարվելիք գործողությունն է: Հասկանալի է, որ նման մեծ ցուցակի առկայությունն արցախցիներին վախեցնելու համար էր: Բայց հայկական կողմի կապիտուլյացիայից հետո վախեցնելու խնդիրը դուրս կգա, իսկ ժամանակներն էլ ուրիշ են, որպեսզի համակենտրոնացման ճամբարներ ստեղծեն: Ցուցակի առումով ինձ մեկ այլ խնդիր էլ է հետաքրքրում՝ ինչպե՞ս են կարողացել հայթայթել այդքան քանակի տվյալներ: Դա կատարվել է տեխնիկակա՞ն ճանապարհով, թե՞ դավաճանության շնորհիվ: Կարծում եմ, որ ապաշնորհ ու դավաճան ղեկավարին պաշտոնից հեռացնելուց հետո պետք է պարզվի նաև այդ հարցը: Ընդսմին, բազմաթիվ հարցերից մեկը: