Էրդողանի ծաղրանկարը շատ է զայրացրել թուրք չինովնիկներին

Էրդողանի ծաղրանկարը շատ է զայրացրել թուրք չինովնիկներին

Նիդերլանդների ընդդիմադիր, նացիոնալ-ազատական «Ազատություն» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գիրտ Վիլդերսի թվիթերյան էջում հրապարակած ծաղրանկարը զայրացրել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ թուրքական պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Հոլանդացի ընդդիմադիր գործիչը հրապարակել էր Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե՛ Էրդողանին, թե՛ նրա ղեկավարած, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ–AKP) կուսակցությանը։ Ծաղրանկարում Էրդողանի գլխի վրա ռումբանման սեւ գլխարկ է պատկերված, իսկ գլխարկի վրա գրված է «AK  PARTİ» (ԱԶ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)։ Նկարի վերևում Վիլդերսը գրել է «Terrorist» (Ահաբեկիչ)։

Թուրք պաշտոնյաները մեկը մյուսի ետևից արձագանքել են Վիլդերսի հրապարակմանը։

«Կա, այսպես կոչված, հոլանդացի պատգամավոր (Գիրտ Վիլդերս), որը վատ է խոսում մեր մասին: Ի տարբերություն նրա՝ մենք չենք ընդունում ռասիզմը, և ֆաշիստները տեղ չունեն Թուրքիայում», - ասել է Էրդողանը, փոխանցում է թուրքական «Daily Sabah» թերթը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ 
«Եվրոպայի ռասիստ ​​անհաջողակները ցույց են տվել իրենց իրական գույները, երբ բախվել են իրականությանը»։ «Նրանք փորձում են օգտվել իսլամաֆոբիայից և այլատյացությունից: Իսկական ժամանակն է, որ մենք ասենք՝ «կանգ առ» Եվրոպայի ֆաշիստ, փչացած քաղաքական գործիչներին», - հավելել է Չավուշօղլուն:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ Եվրոպան ավելի ու ավելի վտանգավոր տեղ է դառնում մուսուլմանների համար: «Հարձակողական ծաղրանկարների, մուսուլմանների դեմ անջատողականության մեղադրանքների և մզկիթների դեմ արշավանքների «շան սուլիչի» քաղաքականությունը խոսքի ազատության հետ կապ չունի», - նշել է նա։

«Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Նաջի Բոստանջըն նույնպես քննադատել է Վիլդերսին՝ նշելով, որ վերջինս «իր կեղտոտ հռետորաբանության գերին է: «Նա ամոթ է մարդկության համար: Հուսով ենք, որ հոլանդացիները, որոնք պատկանում են քաղաքակիրթ աշխարհին, կանեն այն, ինչ անհրաժեշտ է», - շեշտել է նա ՝ հույս հայտնելով, որ ծայրահեղ աջական պատգամավորը չի ընտրվի Հոլանդիայի հաջորդ ընտրություններում։

ԱԶ կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հոլանդացի պատգամավորին «արհամարհելի», «մարդկության թշնամի» ու «ֆաշիստ» է անվանել։ «Պարտավորություն է այս արհամարհելի ֆաշիստների դեմ պայքարելը», - ընդգծել է Չելիքը:

«Մարդկությունը նրա մեջ չէ, ինչ նրանք կարող են ասել: Միակ պատճառը, որ նրանք հարձակվում են մեր նախագահի վրա, այն է, որ նա ճնշվածների կողքին է հանուն մարդկության, առանց փոխզիջման», - հավելել է կուսակցության խոսնակը:

Ի պատասխան թուրք պաշտոնյաներին՝ «Ազատություն» կուսակցության  ղեկավար Գիրտ Վիլդերսը թվիթերյան էջում գրել է. «Թուրքերը զայրացած են, քանի որ ես Էրդողանին ահաբեկիչ անվանեցի: Ճշմարտությունը երբեմն տհաճ է, բայց ոչ պակաս ճշմարիտ»:

Անդրադառնալով կոնկրետ Էրդողանին՝ Վիլդերսը «Twitter»-ում կիսվել է վերջինիս ելույթից մի հատվածով ու գրել. «Էրդողանն ինձ ֆաշիստ է անվանում: Բայց դա նրա սեփական գաղափարախոսությունն է»։