Հետկուլիսային պայմանավորվածություններ կան՝ մինչև տարեվերջ միջանցքի դիմաց սահմանների բացման մասով
ՀՀ իշխանությունների հետ հետկուլիսային պայմանավորվածություններ կան մինչև տարեվերջ այսպես ասած միջանցքի դիմաց սահմանների բացման մասով :Որպես նոր նախագահ, Փեզեշքիանը փորձեց ցույց տալ, որ պատրաստ է աշխատել հավաքական Արևմուտքի հետ: «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը:
«Եվ ոչ միայն պատրաստ է, նպատակահարմար է տեսնում, որ պետք է խոսել հավաքական Արևմուտքի հետ. առաջին զանգեը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ՝ դա դեմոնստրացիա էր այն բանի, որ Իրանը որոշակի համագործակցության եզրեր է փորձում փնտրել հավաքական Արևմուտքի հետ, հետևաբար այս կոնտեքսում փորձում էր իր հանդեպ դրական պատկեր ձևավորել Արևմուտքի մոտ: Այս պարագայում դա դիվանագիտական մանյովր է, որպեսզի նա հասկանա՝ հավաքական Արևմուտքը պատրաս՞տ է նոր նախագահի հետ աշխատել: Այսպես ասած, նա ալիքներն էր ստուգում: Եվ ես կարծում եմ, որ դեռևս կշարունակվեն նման հայտարարությունները, առ այն, որ Իրանի նախագահը պատրաստակամ է հավաքական Արևմուտքի հետ ունենալ հարաբերություններ, փորձել բարի դրացիական ու գործնական հարաբերություններ հաստատել: Սա հատուկ ուղեգիծ է, որ Իրանը ձեռք է բերել նոր նախագահի շնորհիվ»,-ասաց Կարապետյանը:
Այսօր տեղի ունեցած հարձակումը Թեհրանում, որի ժամանակ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիան սպանվեց հենց Իրանի տարածքում, ի դեպ, վերջինս եկել էր մասնակցելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը: Միջազգայնագետը նշում է, որ այս սպանության ձեռագիրն Իսրայելինն էր ու ամենացնցող հանգամանքն այն էր, որ այն տեղի էր ունեցել Իրանի տարածքում, և այս փաստը կարող է ազդել երկրի հեղինակության վրա: «Եվ դա կարող է կտրուկ սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում, բայց այդուհանդերձ, տեսնում ենք, որ պաշտոնապես նախագահը խստիվ հայտարարություններով հանդես չի գալիս, այլ ասում է, որ պատժիչ գործողություններ կլինեն, բայց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը կպահպանվի: Ուզում է ասել, որ դա կարմիր գիծ է իրենց համար»,-ասաց Կարապետյանը:
Անդրադառնալով Փաշինյանի հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի հետ, ասաց, որ Խամենեի հայտարարությունն այն մասին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար, պաշտոնական Երևանը իր հաղորդագրության մեջ այդ մասին հղում չի կատարել, այլ մեջբերել է Խամենեի այն խոսքը, որ բարի դրացիական , առևտրատնտեսական հարաբերություններին են զարկ տրվելու:
«Այդ կարևորագույն հանգամանքի մասին հայկական կողմն իր պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ չի հատկացրել: Ես հասկանում եմ դրա նպատակը որն է, ընդամենը Ալիևի ցայտնոտը չառաջացնելու համար, որպեսզի խաղաղության դարաշրջանի փաստաթուղթը ստորագրելու համատեքստում հանկարծ նորից չպղտորվի էմոցիոնալ ֆոնը, որը ձևավորվել է, որ պատրաստ են ստորագրել խաղաղության փաստաղթուղթ, այսպես ասած»,- ասաց միջազգայնագետը:
Հետևաբար հասկանալի է, որ Իրանը որպես խորքային պետություն, իր դիրքորոշումը, կարմիր գծերն ու հայեցակարգը չի փոխել, և հստակ ևս մեկ անգամ, հասկանալով, որ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ է սկսվում՝ ևս մեկ անգամ հիշեցնում է ՀՀ իշխանություններին իր դիրքորոշման մասին։
«Ես հակված եմ կարծելու, որ ՀՀ իշխանությունների հետ հետկուլիսային պայմանավորվածություններ կան մինչև տարեվերջ այսպես ասած միջանցքի դիմաց սահմանների բացման մասին համաձայնությունը: Եվ ես ավելին քան վստահ եմ, որ իրանական կողմը տեղյակ է այդ մասին և վերստին, ևս մեկ անգամ, նման առիթն օգտագործելով, ուղիղ Փաշինյանին տեքստով հասկացրեց, որ դա իրենց համար կարմի գիծ է և որպեսզի վերջինս գիտակցի, որ նման քաղաքականությունը կործանարար է լինելու Հայաստանի համար, հետևաբար Իրանը իր զգուշացումը կատարեց »,-եզրափակեց Կարապետյանը։
Կարծիքներ