Աննախադեպ հեռախոսազրույց. ու՞մ անունից է «պահանջում» Ալիեւը

Աննախադեպ հեռախոսազրույց. ու՞մ անունից է «պահանջում» Ալիեւը

Երեկ Ադրբեջան է այցելել թուրքական ներկայանալի պատվիրակություն՝ պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, զորամիավորումների հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ: Նախորդել էր Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների այցն Անկարա: Այս համապատկերին Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այսօր կայացած՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Տեղեկատվությունն աչքի է ընկնում դիվանագիտական բավական կոշտ ձեւակերպումներով: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա Իլհամ Ալիեւը փաստացի Վլադիմիր Պուտինից բացատրություն է պահանջել հուլիս-օգոստոս ամիսներին Ռուսաստանից Հայաստան առաքված ռազմական բեռների մասին: «Դա մտահոգություն է առաջացրել ադրբեջանական հանրության մոտ»- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը ոչինչ չի ասում ՌԴ նախագահի պատասխանի մասին: Այստեղ, սակայն, կարեւորն այն է, որ Իլհամ Ալիեւի քարոզչական դեմարշը համընկնում է թուրքական զինվորական պատվիրակության Բաքու այցին: Ու՞մ անունից է Ռուսաստանին պահանջներ ներկայացնում Ալիեւը: Ի՞ր, թե՞ Էրդողանի: Հայտնի է, որ տավուշյան սրացման երկրորդ օրը՝ հուլիսի 13-ին, Ռուսաստանի նախագահին զանգել էր Էրդողանը: Պաշտոնական տեղեկատվության մեջ բաց ասված էր, որ քննարկվել է ԼՂ կարգավորման հարցը:

Հաջորդեց ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը, որտեղ դիվանագիտական լեզվով Թուրքիային հասկացվում էր, որ այդ գործընթացում Ռուսաստանը չի պատրաստվում առանձնակի դերակատարություն ստանձնել: Ամեն ինչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Ակնհայտ է, որ Հայաստան ռազմական նշանակության բեռներ առաքելու թեմայի հրապարակայնացմամբ Իլհամ Ալիեւը «ստուգողական կրակոց է արձակել»: Անշուշտ՝ Թուրքիայի հրահանգավորմամբ: Մնում է հասկանալ, թե ո՞րն է ենթատեքստը: Էրդողանը վերստին փորձում է Ռուսաստանի հետ ԼՂ հարցով սեպարատ գործընթաց սկսել, թե  հարցն այդ հարթությունից արդեն դուրս է, եւ Թուրքիան դիմում է կոնկրետ քայլերի: Այն է՝ Ադրբեջանում մշտական ռազմական ներկայության հաստատման: Իսկ որ դա հիմնավորապես քննարկվող թեմա է, այլեւս գաղտնիք չէ: