Անտոնիո Մենեգետտի եւ Ջանկառլո Ջանինի․ Զրույց՝ առանց դիմակի

Անտոնիո Մենեգետտի եւ Ջանկառլո Ջանինի․ Զրույց՝ առանց դիմակի

Հատված իտալացի նշանավոր հոգեբան, փիլիսոփա եւ նկարիչ Անտոնիո Մենեգետտիի «Կինոն, թատրոնը, անգիտակցականը» գրքից, որտեղ հեղինակը ներառել է նաեւ իր հոգեվերլուծական զրույցն իտալական կինոյի աստղերից մեկի՝ Ջանկառլո Ջանինիի հետ։  

Մենեգետտի - Կցանկանայի հարցնել՝ նկարահանման հրապարակն ազատագրո՞ւմ է, արդյոք, վախից, հասցնո՞ւմ է ինքնամաքրման, թե՞ շեշտադրում է միայն տվյալ հոգեբանական ապրումը։ 

Ջանինի - Նկարահանման հրապարակում աշխատանքը, անկասկած, ազատագրում է։ Դերասանն ունի երեւակայականի մեջ թաքնվելու հնարավորություն, այսինքն՝ ապրելու իրականում գոյություն չունեցող կյանքով, արտապատկերելու սեփական գաղափարներն ու իր երեւակայության պտուղները եւ արարելու մի բոլորովին այլ հարթություն։ Այլ աշխարհի արարմանը նպաստում են մի շարք տարրեր՝ բեմը, կինոխցիկը, օբյեկտիվը եւ այլն։ Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է նշանակում այլ հարթություն խորասուզվելը․ ամեն ինչ նախատրամադրում է երեւակայական ինքնաներկայացմանը։ Իմ կարծիքով՝ ֆիլմի նշանակությունը որոշվում է ոչ թե պատկերաշարով ու երկխոսություններով, այլ այն տպավորությամբ, որը մնում է դիտումից հետո։ Խոսքը զգացողության մասին է, որը տարբեր կերպ է ձեւավորվում յուրաքանչյուրիս մեջ եւ գերազանցում է ինչպես սցենարը, այնպես էլ դրա պատկերային մարմնավորումը։ 

Մենեգետտի - Հետեւաբար՝ Դուք պնդում եք, որ կինոնկարահանումները բերում են մաքրագործում, ազատագրում, համենայնդեպս՝ դերասանի պարագայում։ Ես կցանկանայի առավել մանրամասն կանգ առնել այդ հարցի վրա․ կատարսիսային էֆեկտը հանդիսանում է բոլորի կողմից ընդունված աքսիոմ՝ քննադատների, փիլիսոփաների, դեռեւս հին հունական ժամանակներից։ Սակայն կարո՞ղ եք Ձեր սեփական փորձին հիմնվելով՝ ասել, որ Ձեզ իսկապես զգում եք ազատագրված։ 

Ջանինի - Առնվազն՝ մասնակի։ Այն ամենը, ինչը երբեւէ հաջողվել է անել կինեմատոգրաֆում, ցանկություն է առաջացնում միշտ կրկնելու, հետեւաբար՝ նկարահանման փորձառությունը, ըստ էության, այնքան էլ ազատագրող չէ։ Սակայն, հավանաբար, կյանքում ոչինչ չի բերում ազատագրում։ Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կյանքի այս անընդմեջ մրցավազքը, որին բոլորս մասնակցում ենք, եւ որն է մեր առաջ դրված նպատակը։ Յուրաքանչյուր մարդ կյանքում փնտրում է ինքնարտահայտում։ Գուցեեւ, հենց այդ պահերն էլ հանգեցնում են ազատագրման․ չէ՞ որ արտահայտչականությունը եւս հաղորդակցության ձեւ է, եւ երբեք չգիտես, թե քեզ ուր կհասցնի։ Մի էքսպրեսիվ դրսեւորմանը հաջորդում է մյուսը հաղորդելու պահանջմունքը, ինչը թույլ է տալիս քննադատորեն վերանայել արդեն արտահայտածը։ 

Մենեգետտի - Պատասխանը սպառիչ էր, ես կարծում եմ, որ ազատագրումը վերածվում է մշտական որոնման՝ նպատակին չհանգեցնող եւ այդ իսկ պատճառով նախկին փորձերի կպչուն կրկնության սթրես առաջացնող։ Ուզում եմ Ձեզ ուղղել եւս մեկ հարց․ նկարահանման հրապարակում Ձեզ շրջապատում են բազմաթիվ մարդիկ ու առարկաներ՝ ռեժիսոր, ստատիստներ, անդրադարձիչներ, կինոխցիկներ եւ այլն։ Սեփական նվիրական փորձով առաջնորդվելով՝ կարո՞ղ եք ասել, թե որն է դերասանի գործողությունների ուժային կետը, որն է չափանիշը։ Ի՞նչն է Ձեզ վրա ամենաշատն ազդում, ի՞նչն է առաջացնում առավել մեծ հետաքրքրություն։ Խոսքն ինչ-որ մի երեւույթի մասին է, որը Դուք միշտ հաշվի եք առնում՝ ձգտելով հնարավորինս մեծ արդյունքների։ 

Ջանինի - Բավականին բարդ հարց է։ Գուցեեւ, խոսքն ինքս ինձ ստուգելու մասին է, այսինքն՝ ներքին պայքարի մասին, որի ընթացքում մեզ գրոհում են տարօրինակ հարցեր, օրինակ՝ «ի՞նչ եմ ես անում», «ի՞նչ հարթության մեջ եմ ես սա գործում», «ես խաղո՞ւմ եմ, թե՞, իրոք, ապրում եմ իմ սեփական կյանքը»։ Նկարահանման հրապարակում, որտեղ ամեն ինչ պատրաստ է գործողության մեկնարկի համար, ես չեմ կարողանում հասկանալ (համենայնդեպս՝ ինձ հետ դա է տեղի ունենում)՝ այդ պահին արտացոլում եմ իմ սեփական կյա՞նքը, թե՞ լոկ մասնակցում իմ անձին չառնչվող կինոնկարահանումներին։ Անձամբ ես համարում եմ, որ գլխավոր հնարքը հենց այդ զգացողությունն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, որոնցից է նաեւ իմ արածը որպես աննշանություն ու անկատարություն դիտարկելը։ Ֆիլմին առնչվող աշխատանքի ամբողջ օրվա ընթացքում ամենահետաքրքիր պահն այն է, երբ հնչում են «դուբլ, մոտոր, սկսեցինք» բառերը։ Առանց այդ պահի ես չէի կարողանա զբաղվել իմ արհեստով եւ, հնարավոր է, հենց այդ պատճառով էլ ես մի օր այն կթողնեմ, որովհետեւ, վերջիվերջո, ես հարցնում եմ ինքս ինձ․ «Ինչո՞ւ եմ սրանով զբաղվում։ Ինչի՞ն եմ ուզում հասնել»։ Եվ այդժամ ես հայտնաբերում եմ, որ իմ արածը մանր ու անկարեւոր է։ 

Մենեգետտի - Դուք ասացիք շատ ավելին, քան սպասում էի։ Բայց ես, այնուամենայնիվ, ավելի սուր կդարձնեմ հարցս․ ի՞նչ որոշակի առարկա է ավելի շատ գրավում Ձեր ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնում նկարահանումների ընթացքում։ Դուք արդեն պատասխանել եք այդ հարցին, նույնիսկ եթե ինքներդ Ձեզ հաշիվ չեք տալիս այդ մասին։ Ես միայն ուզում եմ հստակեցնել՝ գիտակցո՞ւմ եք, արդյոք, այն, ինչն արդեն ասացիք։

Ջանինի - Պարզ է, որ այդ առարկան կինոխցիկն է։ Ես կասեի, որ կինոնկարահանող սարքի ետեւում՝ իր անվակներով ու ներսում պտտվող ժապավենով, թաքնված է շատ ավելին։ Եթե մտածենք այն մասին, որ կինոժապավենի վրա նկարահանվող պատկերն անբավարար լուսավորության դեպքում կլինի չափից դուրս մութ, իսկ հակառակի դեպքում էլ կմիաձուլվի ֆոնին, ապա կարելի է ասել, որ դերասանի շարժումները՝ ֆոտոններով հաղորդվող, փոխում են նրա արտահայտչականությունը, նրա կյանքը։ Ահա թե ինչն է գլխավորը, ո՛չ թե կինոխցիկի կամ ռեժիսորի դիրքը։ Խոսքը շատ ավելի բարդ մի բանի մասին է, քան ինքդ քեզ կինոնկարահանող սարքի հետ հարաբերակցելն է, բայց դա առավել խրթին ու առավել քան վերացական խոսակցության թեմա է։ 

Մենեգետտի - Մենք բացահայտեցինք հարցի էությունը։ Փորձեք հիշել՝ նկարահանումների ընթացքում ինքներդ Ձեզ հաշիվ տալի՞ս եք, որ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ շարժման վիճակում են հայտնվում՝ կողմնորոշվելով կինոխցիկի օբյեկտիվով։ Կինոխցիկն ընդամենը սարք է՝ մարդկային բանականության կողմից ստեղծված եւ իրադարձությունների արտացոլմանը ծառայող։ Սակայն խելահեղ գումարներ են ծախսվում այն նպատակով, որ կինոօբյեկտիվը տեսարանը նկարահանի որոշակի ձեւով։ Հետո, արդեն դիտման ընթացքում, մենք ամեն ինչ տեսնում ենք հենց այնպես, ինչպես դա նկարահանված է մոգական «աչքի» կողմից։ Դուք՝ ինքներդ, Ձեր դերասանական աշխատանքը գնահատում եք բացառապես օբյեկտիվի «աչքերով»։ Եթե մենք այդ երեւույթի առնչությամբ զբաղեցնենք կողմնակի դիտորդի դիրք եւ հետո սկսենք վերլուծել սոցիալական կյանքը՝ որպես անհատների եւ որպես ընտանիք մեզ ներգրավող, ապա չենք կարող ինքներս մեզ չհարցնել․ «Ապրո՞ւմ եմ, արդյոք, ինքս ինձ համար, հետեւո՞ւմ եմ իմ բնազդներին կամ գործո՞ւմ եմ արարքներ՝ կողմնորոշվելով այն ուղղությամբ, որն իմ կյանքում իրապես ոչինչ չարժե, բայց հետեւում է ինձ՝ կինոխցիկի օբյեկտիվի պես, այսինքն՝ ես չե՞մ ղեկավարվում, արդյոք, ինչ-որ մի օտարոտի, այլածին երեւույթի կողմից»։ Այդ ուղղությամբ արված հետազոտությունը մեզ համար կբացահայտեր, որ կյանքում եւս տեղի է ունենում նկարահանման հրապարակում տեղի ունեցածին նման մի բան։ Ենթադրենք, թե ես հայտնվել եմ այդ մոլորակում՝ չիմանալով դրա օրենքները։ Հետեւելով նկարահանումներին՝ ես կհանգեմ այն եզրակացությանը, որ մարդկային զանգվածի գործունեության ելակետը, կենտրոնը, դինամիկական իմաստով նրանց միակ միջնորդը հանդիսանում է նկարահանող սարքը, թեպետ ռացիոնալ մակարդակում կարելի էր մատնանշել գումարները, պրոդյուսերին, հանդիսատեսի պահանջները եւ այլն։ 

Ջանինի - Այո՛, դա կինոնկարահանող սարքն է, բայց այն ունի նույն դերակատարումը, ինչ գրիչը գրողի համար, ով թղթի վրա իր գաղափարների շարադրումը սկսել է այն նպատակով, որ ներկայացնի դրանք իրեն եւ մյուսներին։ Դերասանի արհեստով կարելի է զբաղվել տարբեր կերպ, այդ թվում՝ նաեւ թատրոնում, որտեղ չկա կինոնկարահանող սարք։ Յուրաքանչյուր երեկո խաղացվում է ներկայացում, որն ամբողջությամբ տարբերվում է նախորդից, անգամ եթե այն կարող է թվալ նույնը, քանզի այնտեղ վերարտադրվում են միեւնույն խոսքերն ու շարժումները։ Կինոխցիկը բացահայտում է նոր հնարավորություններ․ այն ունակ է ընդմիշտ արձանագրելու ժեստը, հնչյունը, ռեպլիկը։ Ժապավենի վրա դրոշմվածը ժամանակի ընթացքում կարող է աղավաղվել եւ նույնիսկ անհետանալ, բայց, այդուհանդերձ, դրա գոյության ժամանակը երկարաձգվում է, եւ դրա մեջ է ամփոփված կինոյի իշխանությունը։ Ո՞րն է նկարահանման իմաստը։ Նկարահանված նյութը ցուցադրել որքան հնարավոր է ավելի մեծ թվով մարդկանց։ 

Մենեգետտի - Հիմա ես կփորձեմ Ձեր ասածը թարգմանել գիտական լեզվով՝ զուգահեռներ անցկացնելով նաեւ թատերական աշխարհի հետ, որին հղում արեցիք։ Ըստ էության՝ հենց որ դերասանը հայտնվում է հանդիսատեսի առաջ, նրա ներաշխարհում խստորեն գործարկվում է «Գեր-Ես»-ի կարգադրությունը՝ ստիպելով լավագույն ձեւով խաղալ դերը, ցանկացած դեր՝ հանդիսատեսի համոզմունքներին ու պատկերացումներին համապատասխանող կամ, ինչը նույնն է, «Գեր-Ես»-ի պարտադրված պահանջմունքին համապատասխանող։ Խնդիրն այն է, որ դերասանը, ով առանձնանում է բարձր դյուրազգացությամբ, շատ տպավորվող է։ Հայտնվելով հանդիսատեսի առաջ, կինոխցիկի առաջ (ըստ էության՝ մյուս մարդկանց ներկայությունն արտահայտող)՝ դերասանը չի կատարում եսասիրական գործողություն, այլ ենթարկվում է հրամանին․ «Խաղա՛ քո դերը»։ Բայց ի՞նչ դեր։ Այն, որը տվյալ պահին թվում է լավագույնը, այսինքն՝ «նվիրի՛ր մեզ այդ դերը, նվիրի՛ր այդ կախարդանքը»։ Եվ դերասանն արձագանքում է այդ պահանջին, որը կոլեկտիվ անգիտակցականի «Գեր-Ես»-ն առաջադրում է կատարման համար։ Հենց այս տերմիններով էլ ես կձեւակերպեի դերասանի Ձեր անկեղծությունը։ Մենք արդեն շոշափել ենք այդ հարցը, բայց, այնուամենայնիվ, ասացեք՝ երբեւէ առիթ ունեցե՞լ եք Ձեզ ավելի շատ մարդ զգալու դերասանական խաղի ընթացքում։ Մարդ զգալը նշանակում է խաղաղությամբ լցվել ինքդ քեզ հետ, քո կյանքի հետ միայնակ մնալուց եւ հիմքը ոտքիդ տակ ամրապնդելուց․ այդժամ նույնիսկ բարեկամական ձեռքսեղմումից զգում եք, թե ինչպես է այդ հպման միջոցով փոխանցվում հոգին։ Այսպիսով, կինոնկարահանումների ընթացքում հարստանո՞ւմ, թե՞ սնանկանում է Ձեր ներաշխարհը։ 

Ջանինի - Ամեն անգամ, երբ նկարահանվում եմ կինոյում եւ աշխատում եմ իմ հերոսի կերպարը ստեղծելու ուղղությամբ, ես ինչ-որ բան եմ բացահայտում ինքս իմ մեջ։ Դա հարստացնում է, որովհետեւ գոյություն չունեցող հերոսին հետազոտելը նշանակում է ինքդ քեզ հետազոտել։ Հետեւաբար՝ դերասանը, կարծես, միշտ օժտված է բազմաթիվ մարդկային դեմքերով։ Անձամբ ես նախընտրում եմ խաղալ կատաղի հերոսների դերեր, քանի որ համարում եմ, որ մարդկայինը կարելի է բացահայտել նաեւ այնտեղ, որտեղ դա ընդունված է համարել մութ ու կեղտոտ։ Ես մշտապես ձգտել եմ մերկացնել, մակերեւույթ հանել մարդկային էության ճշմարիտ գծերը։ Ինձ հետաքրքրում են տարաբնույթ կերպարներ, որովհետեւ դրանք ինձ հարստացնում են։ Շատ տեսարաններ ինձ դժվարությամբ են տրվում հատկապես հոգեբանական տեսանկյունից։  

Թարգմանությունը՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ