Նժդեհի սիմվոլիկան

Նժդեհի սիմվոլիկան

Երեկվանից սոցիալական ցանցերը «պայթում են» վարչապետ Փաշինյանի մասին հիացական գրառումներից: Նրան գովում են նույնիսկ ՀՀԿ-ականները:  Բայց մի հանգամանք, կարծես, ուշադրությունից դուրս է մնում: Երեկ Աշխաբադում Նժդեհի մասին Ալիեւի շուրթերով խոսում էր Պուտինը: Եւ Փաշինյանի պատասխանի հասցեատերն էլ, անկասկած, առաջին հերթին Ռուսաստանի նախագահն էր: Երեւանում Նժդեհի արձանը խորհրդանշում է Հայաստանի ինքնիշխանությունը, պատմական իրողությունը, որ անկախ պետականությունը մենք նվեր չենք ստացել, ձեռք ենք բերել հերոսական պայքարով, թափած արյամբ եւ քաղաքական ինքնակազմակերպման բացառիկ ջանքով:

Մոսկվայի վարկածով, որ հաջողությամբ փոխ է առել Ադրբեջանը, հայ ժողովուրդն իր անգամ ֆիզիկական գոյությամբ պարտական է Ռուսաստանին: Միայն այս «դոկտրինից» է մակաբերվում «Երեւանը վաղնջական թուրքական քաղաք է,»ալիեւյան կարգախոսը: Այն շրջանառության է դրվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում տեղի ունենա «փոխզիջում»՝ Երեւանը մնում է հայերին, իսկ ահա ԼՂ-ն եւ հարակից տարածքները «պետք է վերադարձնել»՝ ինչպես որ պայմանավորվել են բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան մեկ դար առաջ: Նժդեհի սիմվոլիկան խախտում է ռուս-թուրքական համաձայնությամբ հաստատված՝ հայ-ադրբեջանական ստատուս-քվոն: Նժդեհը կազմակերպել է Սյունիքի ինքնապաշտպանությունը, որ պատերազմ էր բոլշեւիկա-թուրքական համաձայնության դեմ:

Ակնարկելով, որ խորհրդային բռնատիրությունը բազմաթիվ մարդկանց է դատապարտել եւ այսօր նրանց չի կարելի «ժողովրդի թշնամի» անվանել՝ վարչապետ Փաշինյանը դիմում էր Ռուսաստանի նախագահին, որի իշխանությամբ փակվեց ստալինյան ձեւախեղումների վերացման թեման: Այնքան, որ ներկայիս Ռուսաստանում Ստալինի պաշտամունք ունի հարցվածների ավելի քան քառասուն տոկոսը: Դա, ինչ խոսք, աղետ է առաջին հերթին Ռուսաստանի համար, բայց երբ նույն աշխարհընկալումը փորձ է արվում տարածել ողջ պոստխորհրդային տարածքում, ծագում է դիմադրության եւ ազգային ինքնության պահպանման անհրաժեշտություն: Երեւանի կենտրոնում Նժդեհի արձանը խորհրդանշում է այդ դիմադրությունը, բոլշեւիկա-ստալինյան դարաշրջանի մերժումը: Սա է պուտինյան Ռուսաստանի համար անընդունելի: Սրա հետ է, որ Մոսկվայում չեն կարողանում հաշտվել: Ալիեւը Աշխաբադում դարձավ Պուտինի խոսափողը: Պատասխանը միանշանակորեն հստակ էր՝ Հայաստանը չի հրաժարվի ինքնությունից: Թեման եզրափակվեց դարձյալ խորհրդանշորեն՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին նվիրեց ռուս դիվանագետ Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Ի՞նչ ուղերձ էր դա:

Որ ելցինյան Ռուսաստանը կաշկանդվա՞ծ չէր բոլշեւիակ-թուրքական պայմանավորվածություններով: Ակնհայտ է մի բան. եթե Նժդեհը չպաշտպաներ Սյունիքը եւ այն բոլշեւիկների կամոք «թողնվեր» Ադրբեջանին, ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն անհամեմատ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեր: Եւ դեռ հարց է՝ կկարողանա՞ր վերակազմակերպվել եւ վերստին միջազգային ազդեցիկ խաղացող դառնալ:

Գուցե դա՞ էր ուզում Ռուսաստանի նախագահին ասել Հայաստանի վարչապետը: Հեյդար Ալիեւի աշխատակազմի քարտուղարության պետ Էլդար Նամազովը, որ ներկայումս գլխավորում է Ադրբեջանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, օրերս հոդվածաշար է հրապարակել ,,միացյալ Ադրբեջանի,, եւ տարածաշրջանում թուրքական գործոնի թեմայով: Նամազովը ելակետ է ընդունում 120 միլիոն թուրք բնակչության առկայությունը:

Աշխարհաքաղաքական այդ ահազանգին առերեսվող Ռուսաստանի համար Նժդեհի սիմվոլիկան մի՞թե դաշնակից չէ: