Հինգ օր անց հռնդյունով բակ ներխուժեց հսկա աղբատարը

Հինգ օր անց հռնդյունով բակ ներխուժեց հսկա աղբատարը

Բակում իրարանցում էր. հինգ օր շարունակ, անվերջանալի հարստության պես, մարդկանց կողմից ավելորդ համարված, մերժված, չգիտես ինչու «աղբ» անունը վաստակած իսկական հարստությունը, որ բլրանման կիտվում, թափվում ու հոսում էր «աղբ-լեռան ստորոտի» լայնքով ու երկայնքով... աղբատարը եկել էր տանելու: 
Տեսնելո՜ւ բան էր այդ հինգ օրերին մայրաքաղաքի կենտրոնական բակերից մեկում արմատապես փոխված իրավիճակը: Փոքրիկներ ունեցող մայրիկներն ու հայրիկներն այլեւս կարիք չունեին անվերջ պատրվակներ հորինելու իրենց երեխաներին գազանանոց չտանելու համար: Գազանանոցն ինքն էր եկել բակ՝ փոքրիկներին հյուր: Իսկ ովքեր տանը փոքրիկներ չունեին, նեխող աղբի խեղդող հոտի ու դրա շուրջ վխտացող, պատառ կիսող ընտանի ու վայրի կենդանիների իրար ծվատող անդադրում կռիվների ֆոնին լուտանքներ էին թափում, բարձրաձայն հայհոյում իշխանություններին: 

Աղբարկղերից միշտ ինչ-որ պիտանի, օգտակար բան փնտրող ու գտնող մուրացկաններն այդ հինգ օրերին չէին համարձակվում մոտենալ հսկայական շրջան գծած աղբի տիրույթին: Նրանց դեմ, կենդանական աշխարհը հարձակումներից պաշտպանող հզոր վահանների պես, կանգնում էր երեխաների փայտերով զինված բանակը: Եվ այսպես հինգ օր շարունակ «վայելում էինք» բակ ներխուժած ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ: Անտանելի հոտն ամենեւին չէր զսպում աղբին տիրոջ իրավունքով առաջինը մոտեցող թափառական շների վայրագ ախորժակը: Ինչքա՜ն էին սպասել այդ երանելի օրվան, երբ հանգիստ ու անշտապ, մի ոսկոր գտնելու անհույս հույսով կարող էին անվերջ քրքրել աղբի պարունակությունը:

Ուշադիր դիտելիս նրանցից մի քանիսի աչքերում նույնիսկ երջանկության արցունքներ էին նկատվում: Ո՜ւր էր, թե այդ արցունքները տեսնեին ու վերջապես լռեին հայհոյող հարեւաններս: Նրանք, որ ամբողջ օրը հալածում, բակից դուրս էին քշում անօթեւան անասուններին, տնանկ ասուններին: 
Նեխահոտն անտանելի էր դառնում, որից աներես առնետների ախորժակն էլ ավելի էր գրգռվում: Այդ օրերին ականատես եղանք, թե ինչպես առնետն ու կատուն, գունդուկծիկ դարձած, մահու եւ կենաց պայքարի են բռնվել գարշահոտ արձակող մի պատառի համար: Ո՞վ էր տեսել, որ կրծողն այդքան հանդգնություն ունենա կատվազգիի վրա հարձակվելու համար: Իրոք, որ ԻՐԱՎԻՃԱԿ ԷՐ ՓՈԽՎԵԼ: 

Հինգ օր անց, երբ հռնդյունով բակ ներխուժեց հսկա աղբատարը, սկսվեց աննախադեպ մի իրարանցում. ասես մեկի հրամանով, փայտերով զինված փոքրիկները փակեցին մեքենայի ճանապարհը: Ո՞վ էր համարձակվել բակից անվերադարձ տանել այդքան գունեղ ու հետաքրքիր իսկական կյանքի ԱՂԲ-ՊԱՏԱՌԻԿԸ, որում չկար հորինված եւ ոչ մի բան, ամեն ինչ իսկական էր: Ո՞վ էր համարձակվել զրկել իրենց կյանքի հետ չժամադրված այդ հանդիպումից: Կարճատեւ պայքարից հետո «կոմունան ընկավ»… ԱՂԲԸ տարան:
Իսկ մեծերը, ա՜խ այդ մեծերը, կրկին ամեն ինչից դժգոհ ու թերահավատ մեծերը, այդպես էլ չհասկացան, որ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ, սակայն իրենք նույնն են մնացել:

Մարիամ ՍՏԵՓԱՆՅԱՆ