«Օմիկրոն» շտամը գրոհում է․ նախարարը կանխատեսում է թվերի աճ

«Օմիկրոն» շտամը գրոհում է․ նախարարը կանխատեսում է թվերի աճ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Հունվարի 26-ի դրությամբ, օրինակ, Հայաստանում գրանցվել է 2556 նոր դեպք՝ 7407 թեստավորման պարագայում։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում, այսինքն՝ այս թիվը դեռ ամենաբարձրը չէ։

«Մենք չենք կարող ասել, որ այս թիվը դեռ պիկն է, մենք կարող ենք ասել, որ մենք թվերի բարձրացման դինամիկայում ենք հիմա գտնվում։ Եվ տեսնում ենք նաև, որ «Օմիկրոն» շտամի հետ կապված՝ թվերի բարձրացումը բավականին կտրուկ է ընթանում, և հաջորդիվ մենք դեռ ակնկալում ենք թվերի բարձրացում, չենք կարող ասել, որ մենք դեռ պիկի վրա ենք գտնվում»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ավանեսյանը։

-Իսկ հետազոտություն ունե՞ք պատճառահետևանքային կապի մասով, թե ինչով է պայմանավորված թվերի բարձրացումը, և այդ թվերի մեջ «Օմիկրոն» շտամով հիվանդացության դեպքերն ինչ տոկոս են կազմում։

-Պատճառահետևանքային կապը հստակ է, մենք արդեն իսկ բավական ժամանակ է՝ արձանագրել ենք, որ Հայաստանում ևս շրջանառվում է «Օմիկրոնը», և հետևելով դրա տարածման տենդենցին, մենք գիտենք, որ շատ անգամ ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» շտամը, ուստի շատ սպասելի էր, որ մեզ մոտ ևս պիտի թվերը բարձրանան։ Բայց ամենակարևոր գործոնն այն էր, որ մենք հասցնենք բավականին պատվաստումային ընդգրկվածություն ունենանք, որ հոսպիտալացման և ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի աճը կտրուկ չլինի։ Եվ մենք հիմա հոսպիտալացնում ենք արձանագրված դրական դեպքերի 5-6 տոկոսը։ Տեսնենք՝ հաջորդ շաբաթ ինչպիսի դինամիկա կունենանք։ Իսկ շտամի վերաբերյալ ինֆորմացիան մենք ստանում ենք լրացուցիչ հետազոտությունների արդյունքում, այսինքն՝ այդ փորձանմուշը նաև ենթարկում ենք հավելյալ սեկվենտավորման, որն իրականացվում է ընտրանքային սկզբունքով՝ ոչ բոլոր վերցված փորձանմուշներից, որովհետև նման ծախս կատարելու իմաստը չկա։ Մենք այս պահին տոկոսային հարաբերակցությամբ կարող ենք ասել, որ «Օմիկրոնը» ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս երկրներում մեծապես ճնշել է «Դելտա» շտամը, և հիմա մեծ մասամբ շրջանառվում է «Օմիկրոնը»։

-QR կոդով ռեստորաններ մուտք գործելու պահանջի շուրջ քննարկումները չեն դադարում, և պետք է նկատենք, որ մի կողմից Դուք նոր սահմանափակումներ եք մտցնում, մյուս կողմից թվերն ավելանում են։ Այս հակասությունն ինչպե՞ս կբացատրեք։

-Տեսեք, թվերի ավելացում, այո, կա, ինչը նշեցի՝ կանխատեսելի էր, բայց այստեղ հարցը, նորից եմ կրկնում, այն է, թե այս շտամի տարածման հատկությունները հաշվի առնելով՝ ինչպես զսպենք հիվանդացությունը, ինչպես զսպենք ծանր դեպքերը և մահացությունը։ Մեր քաղաքականության տրամաբանությունը դա է։ Մեր խնդիրն է ՝ ճիշտ պահին արձանագրել անձի՝ վարակված լինելու փաստը և նրան ուղարկել ինքնամեկուսացման, և երկրորդը, որպեսզի պատվաստումների արդյունքում ունենանք առողջական լավ ելքեր։

-Ստացվում է, որ եթե, միևնույն է, պատվաստվելուց հետո էլի մարդիկ կարող են վարակվել, և QR կոդ ցույց տալը դեռևս վարակված չլինելու հավաստագիր չէ, ապա այդ մարդիկ կարող են վարակված լինելով հանդերձ՝ գնալ ժամանցի վայրեր և վարակը փոխանցել։ Ուստի, իմաստը ո՞րն է QR կոդ պահանջելու։

-Այո, պատվաստումը, ինչը մենք բազմիցս նշել ենք, շտամների փոփոխության պարագայում մեզ ամբողջովին չի պաշտպանում վարակվելուց։ Բայց, միևնույն է, պատվաստված անձանց շրջանում վարակն ավելի նվազ է տարածվում, քան ոչ պատվաստվածների շրջանում։ Սա ևս հստակ է։ Տեսեք, ես միշտ կրկնում եմ, որ բոլոր սահմանափակումները չեն կարող 100 տոկոս էֆեկտիվություն ապահովել, թե՛ տարածման, թե՛ հիվանդացության ընթացքի մասով։ Բայց, ստեղծելով որոշակի ֆիլտրեր և սահմանափակումներ, մենք նվազեցնում ենք դրա ռիսկերը տարածման, հիվանդացության և մահացության։ Սա է ամբողջ տրամաբանությունը։