Մոլեռանդության դարաշրջանը
Արդեն քանի օր է մտածում եմ, թե ինչպես մեկնաբանել Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ծավալվող ցավալի իրադարձությունները: Եկա այն եզրակացությանը, որ ոչինչ էլ պետք չի հորինել, քանի որ տարիներ առաջ թուրք մի պրոֆեսոր արդեն իսկ ամենայն ճշգրտությամբ ձևակերպել է խնդիրը: Մասնավորապես քաղաքի գրավման տարեդարձի կապակցությամբ նա գրել էր հետևյալը. «Այսօր փառահեղ քաղաքակրթություն հանդիսացած Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնապոլսի` բարբարոս և մոլեռանդ մի ցեղի կողմից գրավման տարեդարձն է»:
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու կամպանիան հենց այդ բարբարոսական քաղաքականության շարունակությունն է, քանի որ նախագահ Էրդողանը հետևողականորեն ոչնչացնում է Թուրքիայի Հանրապետությունն ու փորձում վերադառնալ իր վայրենի նախնիներին, որոնք գրավեցին քրիստոնեական աշխարհի մարգարիտը` Կ. Պոլիսը: Ի դեպ իմ մտահոգությունն ամենևին էլ պայմանավորված չէ քրիստոնեական ջատագովությամբ: Ընդհակառակը` էական չէ, թե որ քաղաքակրթության մասին է խոսքը, քանի որ մշակութային յուրաքանչյուր արժեքի ձևախեղումը, անկախ պատկանելիությունից, հարված է առաջին հերթին հենց մարդկությանը: Նույն տրամաբանությամբ, եթե քրիստոնյա ֆունդամենտալիստները փորձեն ձևախեղել Երուսաղեմի ալ-Ակսա (Օմարի) մզկիթը կամ էլ եթե Աֆղանստանում նորից սկսեն պայթեցնել Բուդդայի արձանները, ապա խնդրի էությունը դրանից չի փոխվում, քանի որ գործ կունենանք բարբարոսության միևնույն ակտի հետ:
Բայց, այնուամենայնիվ, զարմանալ պետք չէ, քանի որ ժամանակակից աշխարհի էությունն է այդպիսին. նեոլիբերալիզմի տիրապետության, ազգայնական էգոիզմի, կրոնական ֆունդամենտալիզմի և ձախական անզիջում աղանդավորության վերելքը հենց ինքնին հակամշակութային է և անմարդկային: Իսկ իրավիճակի զավեշտալիությունը կրկնապատկվում է առաջադեմ մարդկության դատապարտման ակցիաներով, երբ Քրիստափոր Կոլումբոսի արձանը ոչնչացնողները ապրումակցում են Սուրբ Սոֆիայի տաճարին: Եվ ընդհանրապես ի ՞նչ դատապարտման մասին կարող է խոսք գնալ, երբ համայն մարդկության հեգնական լռության պայմաններում աշխարհի մշակութային քարտեզից ինչ-որ մի օր անհետացան Ջուղայի հայտնի խաչքարերը:
Կարծիքներ