Երեւակայությու՞ն, թե՞ սադրանք

Երեւակայությու՞ն, թե՞ սադրանք

Հայոց պետականության համար բախտորոշ այս փուլում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել՝ իրավիճակը գնահատելով որպես պատերազմական եւ իշխանություն-ընդդիմություն դիմակայության «հրադադարի» կոչ արել: Առաջին նախագահը վերստին ապավինել է ժողովրդի իմաստնությանը եւ հույս հայտնել, որ դժվարին ժամանակներում նա կհամախմբվի:

Թվում է, ամեն ինչ հասկանալի պիտի լինի նույնիսկ «ոզնուն»՝ արտակարգ իրավիճում ներքին տարաձայնությունները պետք է թողնել մի կողմ, կառավարությունից հաշիվ պահանջելու ժամանակը դեռ կգա: Բայց հայրենական փորձագիտական եւ լրագրողական որոշ շրջանակներ առաջին նախագահի հոդվածում ոչ այնքան քաղաքական տեքստ, որքան «կոնսպիրալոգիա» եւ ենթատեքստ են տեսնում: Ընդհուպ, որ դա պայմանանվորված է Ապրիլյան պատերազմի հարցով խորհրդարանական հանձնաժողովի լսումներին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայանալու պատրաստակամությամբ, քանի որ չորս տարի առաջ այդ օրերին «Սերժ Սարգսյանը հանդիպեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հասկանալի է, որ խոսվել են էական բաներ» եւ եթե Սերժ Սարգսյանը պահանջում է, որ հանձնաժողովի նիստը տեսաձայնագրվի եւ մի օրինակը տրամադրվի իրեն, ապա այդ նախապայմանն «ուղղված չէ հանրությանը կամ հանձնաժողովին, այլ ավելի շատ նման է ուղերձի՝ ուղղված տարբեր խմբավորումների, որոնք առնչություն են ունեցել այդ իրադարձություններին» եւ «Լեւոն Տեր-Պետրոսյանն  արձագանքեց արագ ու ստանձնեց միջնորդի դեր՝ իշխանությունը սառեցնում է հանձնաժողովի աշխատանքը, փոխարենը երկրորդ եւ երրորդ նախագահներին սպասարկող զզմ-ները դադարեցնում են «հակապետական գործունեությունը»,:

Այս մանվածապատի դիտարկումների ենթատեքստն այն է, որ Ապրիլյան պատերազմի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն «ինչ-որ բան գիտի» կամ առնվազն տեղյակ է այնքանով,որ զգուշանում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր բացահայտումներից: Սա աբսուրդ է: Ի՞նչ կարող էր իմանալ պաշտոնաթող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ապրիլյան պատերազմից:

Առհասարակ, ո՞վ հնարավորություն  ուներ տեղեկանալու, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը հարձակման հրաման կտա: Նման որոշում ընդունելիս  նա որեւէ կենտրոնի հետ խորհրդակցե՞լ է, թե՞ ոչ՝ դա Ադրբեջանի եւ այդ երկրի գաղտնիքն է, որ նրանք գոնե տեսանելի ապագայում չեն հրապարակայնացնի: Չի հրապարակայնացվի նաեւ, թե ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատերազմի պատճառների, հանգամանքների եւ հետագա հնարավոր քայլերի մասին: Միամտություն է կարծել, որ, եթե անգամ առաջին եւ երրորդ նախագահներն ինչ-որ համատեղ ծրագիր են մշակել, ապա այսօր Սերժ Սարգսյանը դա կհանրայնացնի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին «կդնի անհարմար դրության մեջ»: Եթե նման մտահոգություն ունենար, առաջին նախագահը կառաջարկեր ընդհանրապես դադարեցնել խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, փակել Ապրիլյան պատերազմի թեման: Լեւոն Տեր-Պետրոսյաը խոսել է խորհրդարանական քննությունը սառեցնելու նպատակահարմարությունից:

Պետք է հասկանալ, որ նա առաջարկում է հետաձգել, ավելի հանգիստ իրավիճակի թողնել այդ հարցը, կենտրոնանալ համավարակը հաղթահարելու վրա, հնարավորություն տալ, որ իշխանություններն անկաշկանդ գործեն: Ի՞նչն է  այստեղ անհասկանալի: Առարկայորեն՝ ոչինչ, եթե կա իրավիճակը սթափ գնահատելու ցանկություն: Պարզվում է, ոմանց համար արտակարգ դրությունը սեփական երեւակայությունն իրացնելու հնարավորություն է: Կամ՝ հանրությանն ավելի տագնապալի ուղերձներ հղելու: Այլապես նրանք Արցախի համապետական ընտրությունները նույնպես թեմա չէին դարձնի: