Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:

Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։

Ստորև ներկայացվում են որոշ դեպքեր՝ գործերի շահերից ելնելով չնշելով դրանց ամբողջական հանգամանքները։

Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։