Հասարակություն

Մոսկվա-Երեւան երթուղին մոտ մեկ ժամով երկարել է

Մոսկվա-Երեւան երթուղին մոտ մեկ ժամով երկարել է

Ռուս-ուկրաինական պատերազմն իր հետեւանքները թողեց նախեւառաջ օդային հաղորդակցության վրա։ Ուկրաինայի օդային տարածքը հենց առաջին օրվանից փակվեց, դեպի Ռուսաստան թռիչքները կրճատվեցին։ Նախ՝ Հայաստանից Ռոստով, Կրանսնոդար թռիչքները դադարեցվեցին, քանի որ դրանք մոտ են Ուկրաինային, ուստի վտանգավոր է այդ տարածքով թռչելը։ Բայց նաեւ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ թռիչքների դեպքում են խնդիրներ առաջացել։ Նախ, մի քանի օր է՝ Մոսկվա թռչում են լրիվ այլ՝ ավելի երկար երթուղով, քանի որ ստիպված են շրջանցել Ռուսաստանի հարավը։ Բացի այդ, ռուսական մի շարք խոշոր ավիաընկերություններ վերջին օրերին հայտարարեցին, որ դադարեցնում են թռիչքները ինչպես Երեւան եւ Գյումրի, այնպես էլ շատ այլ երկրներ։

Սրան զուգահեռ՝ սկսվեց ՌԴ քաղաքացիների աննախադեպ մեծ հոսք դեպի Հայաստան, ինչն ավելացրեց ՌԴ-ից Հայաստան ուղեւորափոխադրումների պահանջարկը։ Դա էլ իր հերթին մի քանի անգամ բարձրացրեց օդանավի տոմսի արժեքը։ Երեկ Մոսկվա-Երեւան ուղղությամբ միակողմանի տոմսը միջինը 300-400 հազար դրամ էր, այսինքն՝ 2-3 անգամ թանկ։ Եվ այս ողջ ուղեւորահոսքը սպասարկում են հիմնականում հայկական երկու ավիաընկերություններ՝ «Արմենիան» եւ նորաբաց «Ֆլայ ուան Արմենիան»։ Իհարկե, այնպես չէ, որ ռուսական բոլոր ավիաընկերությունները դուրս են եկել շուկայից՝ դադարեցնելով թռիչքները, բայց խոշորների չվերթները չեղարկվել են, օրինակ՝ «Աէրոֆլոտի», S7-ի, Ural Airlines-ի եւ այլն։ Փոխարենը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ թռիչքներ են իրականացնում ռուսական նորահայտ կամ ոչ մեծ ավիաընկերությունները, ինչպիսիք են Azimuth-ը, Pegas Fly-ը, Ир Аеро-ն, նաեւ Utair-ը եւ Red Wings-ը։ «Զվարթնոցի» պաշտոնական կայքում ռուսական ուղղություններով այս ընկերություններից բացի նաեւ հայկական ավիաընկերությունների չվերթներ են նշված դեպի ՌԴ որոշ քաղաքներ, Թբիլիսի, ինչպես նաեւ եվրոպական, թուրքական, իրանական ու արաբական ավիաընկերությունների թռիչքների վերաբերյալ տեղեկություններ կան՝ դեպի Եվրոպա, Թուրքիա, Իրան եւ արաբական երկրներ։

Այս պահին հայկականներից ամենախոշորը համարվող «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը մեզ ասաց, որ իրենք Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ օրական երկու չվերթ են անում՝ չհաշված չարթերային թռիչքները։ Իսկ այդ իրավիճակը, հատկապես ռուսական ընկերությունների կողմից թռիչքների դադարեցումը, իրենց պլաններում ինչ-որ բան փոխե՞լ է։ Խաչատրյանն ասաց՝ փոխել է դեռեւս իրենց մտքում, ոչ թե պլաններում․ «Այսինքն՝ մենք դեռ պետք է ադապտացվենք այս իրավիճակին։ Բայց պլանները դեռ չեն փոխվել, մենք աշխատում ենք նախկին պլանով, որովհետեւ դեռեւս ռեսուրս էլ չունենք, որպեսզի կարողանանք առաջացած պահանջարկն ամբողջությամբ բավարարել։ Էնտեղ նաեւ ռուսական կողմից կիրառվող սահմանափակումներն են դեռ շատ ուժեղ գործում՝ քովիդով պայմանավորված, հետեւաբար, մենք հիմա մտածում ենք, որ երբ սահմանափակումները հանվեն, եւ չվերթների քանակը հնարավոր լինի ավելացնել, էդ ժամանակ հնարավոր կլինի խոսել արդեն մի քիչ ավելի մեծ պլանների մասին՝ նոր օդանավեր, նոր անձնակազմ, որպեսզի կարողանանք եղած պահանջարկը բավարարել»։

Ինչ վերաբերում է գների կտրուկ աճին, «Արմենիայի» փոխտնօրենն ասաց, որ դա մի քանի գործոնով է պայմանավորված՝ սկսած նավթի գնի կտրուկ աճից, մոտ մեկուկես ժամով երթուղու երկարելուց, ինչպես նաեւ օդանավերի միակողմանի բեռնվածությունից՝ Մոսկվա-Երեւանը լիքն է գալիս, Երեւան-Մոսկվա ուղղությունը՝ ոչ այդքան։ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ թռիչքներ է իրականացնում նաեւ նորաբաց «Ֆլայ ուան Արմենիա» ընկերությունը, որի առաջին թռիչքները հենց Երեւան-Մոսկվա ուղղությամբ էին, սակայն ձախողվեցին, քանի որ ռուսական կողմը թույլտվություն չէր տվել։ Հիմա այդ խնդիրը լուծվել է, եւ մարտի 1-ից ընկերությունն ինտենսիվ թռիչքներ է իրականացնում Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ։ «Ֆլայ ուան Արմենիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց, որ այս պահին իրենք ունեն շաբաթական 2 չվերթ՝ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ։ «Ամսի 14-ից այդ երկուսը դառնալու է 5 չվերթ, բայց դա պլանավորված ավելացում էր՝ պայմանավորված նրանով, որ ՌԴ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման օպերատիվ շտաբը Հայաստանին հատկացված քվոտաներն ավելացրել էր»։ Ըստ Անանյանի՝ այս ավելացումը կապ չունի պատերազմի առաջացրած իրավիճակի հետ։

Անանյանը նույնպես ասաց, որ գնաճը մի քանի գործոնով է պայմանավորված․ «Նախ, հիմա մենք ականատեսն ենք շատ մեծ պահանջարկի, աննախադեպ է տոմսերի պահանջարկը, որ կա Մոսկվայից դեպի Երեւան, եւ դա գների վրա ազդում է։ Բայց, միեւնույն ժամանակ, մենք այս շուկայում ամենամեծ փոխադրողը չենք եւ գնագոյացման վրա մեծ ազդեցություն չենք ունենում։ Հետո՝ պիտի հաշվի առնենք, որ նաեւ երթուղիներն են փոխվել՝ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանի հարավում թռիչքային գոտիների ձեւափոխում է տեղի ունեցել, այսինքն՝ երթուղին մոտ մեկ ժամի չափով, եթե ոչ ավելի, երկարել է։ Այդ ամենի արդյունքում մեզ մոտ ընդհուպ 600 եվրոյի էր հասել Մոսկվա-Երեւան միակողմանի տոմսի գինը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image