Խոշոր գումարներ Հայաստանում սպասվող խոշոր համաժողովին մասնակցելու համար

Խոշոր գումարներ Հայաստանում սպասվող խոշոր համաժողովին մասնակցելու համար

Հայտնի է, որ ՏՏ ոլորտի 2019թ.-ի համաշխարհային համաժողովը  կանցկացվի Հայաստանում։
Ըստ նախնական տվյալների, ՏՏ համաշխարհային համաժողովը  Հայաստան կբերի 2000-2500 պատվիրակ աշխարհի 80 երկրներից։
Նշենք, որ ՏՏ ոլորտի խոշոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել էր դեռ նախկին իշխանությունների ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք։ 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ ՏՏ ոլորտը կառավարության առաջնահերթություններից է և սա ,իրոք, ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի դիրքն ընդլայնելու և ամրապնդելու հրաշալի հնարավորություն է։

Սակայն, ինչպես ցույց են տալիս հանգամանքները, Հայաստանում կայանալիք համաժողովին  մասնակցելն  այդքան էլ հեշտ գործընթաց չէ։ Ավելին, խոշոր միջոցոցառումը խոշոր գումարներ է պահանջում։

Իհարկե գիտենք, որ այս ոլորտում, ընդ որում թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա, կան ընկերություններ, որոնք լուրջ գումարների են տիրապետում, ուստի մասնակցությունը նրանց համար խնդիր չէ։ Սակայն կան այնպիսնները նաև, խոսքը սկսնակ կազմակերպությունների մասին է, որոնք, ֆինանսական խնդիրներով պայմանավորված, չեն կարողանա մասնակցել համաժողովին։

Մեզ հետ զրույցում «Դիջիֆենս» ընկերության ներկայացուցիչը՝ Արթուրը, ով նույնպես ցանկություն ունի ներկայանալ համաժողովին, իր դժգոհությունները հայտնեց միջոցառման կազմակերպչական աշխատանքների մասով։
«Միայն ստենդ ունենալու համար պետք է վճարել 25 հազար դոլար։ Մատների վրա կարող ենք հաշվել այն կազմակերպություններին, ովքեր կարող են այդքան գումար վճարել։ Այո, հասկանում ենք, որ այդ գումարը Հայաստանում չեն սահմանում, միջազգային միջոցառում է, բայց, կարծում եմ՝ մեր երկրի ընկարությունների համար գոնե պիտի վերանայվեր սահմանած գինը, որպեսզի ավելի էժան լիներ»։ 

«Դիջիֆեն» ընկերությունից մեզ նշեցին նաև , որ միայն այցելությունը 500-600 դոլար է։ 

Քաղաքացին նշում է , որ, այդուհանդերձ, հիմնական  դժգոհությունը կապված է կազմակերպչական աշխատանքների հետ․ «Աջուձախ հրավեր են ուղարկում ՏՏ ոլորտով զբաղվող բոլոր ընկերություններին, բայց երբ փորձում ենք հետադարձ կապի դուրս գալ, ուղղակի անհնար է, որևէ պատասխան չկա, արձագանք չկա։  Հեռախոսահամարները չեն պատասխանում, մենեջերները կորած են։ Մի խոսքով ամեն ինչ տարօրինակ վիճակում է»։

Մենք նույնպես մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար փորձեցինք կապվել գալիք համաժողովը համակարգող մարդկանց հետ, սակայն ապարդյուն, որևէ արձագանք չկար։

Կարեն Մարտիրոսյան