Եվրոպայում նման դեպքերում ավտոմատավորներին բերում-կանգնեցնում են լճափին

Սեւանի կապտականաչ ջրիմուռներն արդեն ոչ միայն մասնագիտական շրջանակներին են անհանգստացնում, այլեւ ամբողջ հասարակությանը։ Սեւանա լճի ավազանի բնակիչները եւս խորապես անհանգստացած են այն հարցով, թե ինչ է կատարվում Սեւանի հետ։
Նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ-ում երեկ ասաց, որ խնդիրները մի քանի «աղբյուրներից» են, այն, որ Գեղարքունիքում կեղտաջրերի եւ կոյուղաջրերի ողջ ծավալը հոսում է Սեւան, ինչը, ի դեպ, միշտ է եղել, ինչպես նաեւ ափամերձ տարածքների ռեստորաններից ու հյուրանոցներից։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարքներն են, որոնցից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են գնում լիճ։ Եվ վերջապես՝ լճի սառը շերտի վնասումը՝ մակարդակի իջեցման պատճառով։
Ինչ վերաբերում է քայլերին, ապա նախարարությունը դիմել է Գերմանիայի կառավարությանը՝ լայնամասշտաբ հետազոտություններ իրականացնելու համար։ Դրանից հետո պետք է պարզ լինի, թե ինչ քայլեր ու լուծումներ պետք է ձեռնարկվեն։
«Sos Սեւան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը վրդովված է նախարարի պատասխանից։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ տարիներ շարունակ տեղական մասնագիտական շրջանակները՝ հիդրոէկոլոգներ, ԳԱԱ ինստիտուտներ, Սեւանի հարցով մասնագիտացված բնապահպաններ, մատնացույց են արել խնդիրներն ու լուծումները։ Նաեւ այս կառավարության անդամներին առաջարկել են չիրականացնել լճից հավելյալ ջրառ։ Ոչ ոք բնապահպաններին չի լսել։ «Դրա համար էսօր էս վիճակում ենք։
Գերմանիայից մա՞րդ ենք կանչում, ինչի՞, մեր փորձագետները մեռե՞լ են։ Ես ստեղ միտում եմ տեսնում, գուցե իրադարձություններից առաջ եմ ընկնում, գուցե կոպիտ եմ ասում»,- հայտարարում է բնապահպանը։ Իսկ կառավարությունից էլ նրան ասել են, որ «ջուր չկա, գյուղացին առանց ջրի մեռնում է, դուք էլ պատճառ կդառնաք, որ գյուղացին մնա առանց բերքի»։
Բնապահպանի խոսքով՝ լիճը փրկելու հրատապ քայլերից մեկն այն պետք է լինի, որ լճից ջրառը չգերազանցի 55 միլիոն խորանարդ մետրը, մաքրվի ջրի հատակը, ավելացվեն լճի ձկնապաշարները, որովհետեւ համապատասխան ձկնապաշարների դեպքում այս իրավիճակը չէինք ունենա (ձկները կուտեին ջրիմուռները)։
Նաեւ այն գետերում, որոնք հոսում են դեպի Սեւան, աճեցվեն իշխանի ձկնապաշարներ։ Ցանցավանդակային տնտեսություններն էլ, ըստ Ադամյանի, մեծ բաժին ունեն ջրի աղտոտման հարցում։
Ըստ բնապահպանի՝ Սեւանի այս վիճակը նոր չի ստեղծվել, այն Հայաստանի բնակչության հավաքական ամենաթողության հետեւանք է։
«Կամաց-կամաց ջրի որակի փոփոխությունը բերեց նրան, որ լուրջ կրճատում սկսվեց ձկնապաշարների։ Իհարկե նաեւ՝ չկառավարվող որսագողությունը։ Էսպես ձեռք-ձեռքի տալով, չլսելով բնապահպաններին՝ եկել, էսօր կանգնել ենք էս վիճակի առաջ»,-արձանագրում է բնապահպանը։ Սիլվա Ադամյանը հայտարարում է, որ Սեւանի հատակը մաքրելու գերթանկարժեք սարքը, որը Հայաստանը գնել էր տարիներ առաջ, չկա։
Ասաց, որ բնապահպաններից ոչ ոք չի տեսել, ավելի ճիշտ՝ մի անգամ են տեսել ու վերջ։
ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը դեմ չէ Գերմանիայից փորձագետ հրավիրելուն։ «Եթե ես լինեի, դրսից մարդ կհրավիրեի շատ կոնկրետ նպատակով։ Դեռ մի քանի տարի առաջ առաջարկել եմ մոդելավորել ամբողջ լճում պրոցեսը, հաշվարկ իրականացնել եւ համակարգչային լուծումով ստանալ պատասխանը։
Եվ ստանալ մի քանի սցենար, ընտրություն կատարել էդ սցենարների մեջ։ Հարկավոր է շատ կոնկրետ բերել էդ մասնագետներին, ասել՝ խնդրում ենք մոդելավորել, մեր մասնագետներին էլ սովորեցնեն, թե ոնց պետք է արվի, դնեն-հաշվեն, թե ինչ տեղի կունենա։ Թե չէ այսպես կիսասիրողական մակարդակով ստուգել՝ ֆոսֆատը շա՞տ է, քի՞չ է… հենա մենք անում ենք»,- ասում է գիտնականը։
Ըստ նրա՝ աշխարհում նման փորձ կա, երբ մոդելավորել են Չադ լճի 5 սցենար եւ հիմա հետեւում են, թե որ սցենարն է տեղի ունենում։ Ֆրանսիայում, Հունգարիայում կա ճահճացած լճի վերականգնման փորձ, Սեւանն էլ ունի։ Մասնավորապես, երբ 60-ականներին լիճը սկսեց ծաղկել (ծաղկումը սկսվել է 40-ականներից), Լենինգրադի, Յարոսլավլի եւ Սովետական Միության տարբեր գիտահետազոտական ինստիտուտներ աշխատել են, գնահատել են, որ պետք է 1903,5 մետր մակարդակ ապահովել, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա։ Եվ դրա համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել, 50 կիլոմետրանոց Արփա-Սեւան թունել է փորվել։ Բայց 60-ականների համեմատ, իրավիճակը փոխվել է։ Այն ժամանակ ձուկ է եղել, հիմա չկա, այն ժամանակ մաքրոֆիտի շերտ է եղել, հիմա չկա, այն ժամանակ հազարավոր հեկտարներով ջրածածկ անտառներ չեն եղել, հիմա կան։ Ջերմաստիճանի գործոն է փոխվել։
Գիտնականն ասաց, որ ի սկզբանե 170 միլիոն խորանարդ մետր ջրառը տարիներ շարունակ եղել է Հայաստանի կառավարությունների խաբեությունը, օրենսդրական մակարդակով ապօրինություն։ «17 տարի խաբում են։ Պառլամենտին խաբել են, կառավարությանը խաբել են։ Կամ կառավարությունն է պառլամենտին խաբել՝ ամեն անգամ ասելով՝ դրական կլինի, եղել է այն, ինչ հիմա կա։ Ո՞վ է պատասխան տվել։ Ոչ ոք»։ Նրա համար անհասկանալի է նաեւ նոր իշխանությունների կադրային քաղաքականությունը։
Սեւանն այս վիճակին բերող մարդիկ այսօր իրենց պաշտոններին են։ Կամ․ «Էսօր ձուկը տասնյակ անգամ պակաս է, քան պետք է լինի, հայտարարում են՝ էսքան արդյունագործական նպատակով թույլ ենք տալիս բռնել։ Եվրոպայում նման դեպքերում ավտոմատավորներին բերում-կանգնեցնում են լճափին, որոշ ժամանակով՝ 2, 3, 5 տարի, մինչեւ որ վերականգնվի։ Հետո արդեն արի՝ 20 հազար տոննա բռնի, ո՞վ է քեզ բան ասում։ Բայց հիմա այդ 200 տոննան են մինչեւ վերջ բռնում ու հետո խոսում են վերականգնելուց»։
Սեյրան Մինասյանը Սեւանա լճի վրա տեսնում է նույն ձկնորսական ցանցերը, ինչ նախկին կառավարությունների օրոք։ Ձուկն էլ օրերս Սեւանում վաճառում էին 100 դրամով։
«Սաղ օրը ֆինանսներից են խոսում։ Կա փող, չկա փող, էս կլինի, էն կլինի։ Լիճը պետք է փրկել, որովհետեւ էդ 200 հազար մարդուն ստիպված են լինելու տեղափոխել Գեղարքունիքից, էդ հոտից ու վիճակից։ Բա էդ ժամանակ փողի մասին չե՞ն մտածի»։
Կարծիքներ