Պետք է փորձեն ընդհանուր եզրեր գտնել կոլեկտիվի հետ

Պետք է փորձեն ընդհանուր եզրեր գտնել կոլեկտիվի հետ

Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները ոչ մի կերպ չեն հաշտվում համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հետ։ Բաժնի պետերի եւ թաղապետի զրույցները, Արամ Դանիելյանի հարցազրույցները՝ մամուլին տրված, որոնցում նա մանրամասն բացատրում էր, թե ինչու է որոշ աշխատակիցների բարձր պարգեւավճարներ տվել, արդյունք չեն տվել։ Ասում են՝ թաղապետը դիմել է ծայրահեղ միջոցների՝ կողքի թաղից «տղա» է բերել՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, որը հանդիպել է կոլեկտիվի հետ ու խոստացել, որ երկուշաբթի օրվանից իրենց հայտնի Արամ Դանիելյանն էլ չի լինելու, իսկ նրա փոխարեն գործի է գալու մի բոլորովին ուրիշ, պուպուշացած Արամ Դանիելյան։ Իզուր ջանքեր։ Կոլեկտիվը չի նահանջում։ 
Երկուշաբթի Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն իրենց ստորագրություններով ամրագրված նամակ են տարել քաղաքապետ Հայկ Մարությանին, որում նկարագրել են վերջին կես տարվա իրենց չարչարանքները, տեղեկացրել, որ թաղապետը գործ չի անում, որ իրենց հետ չի շփվում։

«Չենք պահանջել, որ ազատի նրան պաշտոնից, ուղղակի խնդրել ենք քաղաքապետի միջամտությունը, բայց մենք չենք հավատում, որ նա կփոխվի։ Այս երկու օրը նա մեզ հանգիստ է թողել, բայց ինչ կլինի վաղը, չգիտենք։ Մենք չենք ուզում նրա հետ աշխատել»,- ասում է համայնքային աշխատող Ա․-ն։ Մեզ հայտնի դարձավ, որ թաղապետը չի ցանկանում անցկացնել մայիսի 9-ի տոնի կապակցությամբ Արաբկիր համայնքում նախատեսված միջոցառումը՝ ասելով, թե իրեն այն պետք չէ։ Նա դեմ է եղել նաեւ, որ երեխաներին ապրիլյան պատերազմի հերոս, արաբկիրցի մայոր Հայկ Թորոյանի հիշատակի օրը տանեն Եռաբլուր։ Այդ հարցի քննարկման ժամանակ հարցրել է․ «Երեխաներին գերեզմա՞ն եք տանում, ինչ է»։ «Եռաբլուրը գերեզման չի, սրբավայր է»,- բացատրել են թաղապետին նրա աշխատակիցները եւ որոշել են գնալ։ 
Հանուն արդարության տեղեկացնեմ՝ թաղապետը միացել է նրանց, իր ավտոմեքենան վարել է դեպի Եռաբլուր, բայց ճանապարհին մոլորվել է։ Այս պատմությունն անեկդոտ է դարձել համայնքապետարանում։

Ինչո՞ւ կոլեկտիվը չի ցանկանում հաշտվել ղեկավարի հետ։ Ասեկոսեներ կան, որ արաբկիրցիների անհնազանդության ակցիաների հետեւում նախկին թաղապետն է՝ Լիդերը՝ Հովհաննես Վարդանյանը։ Այդ լուրերը ծնվում են կարոտից։ Արաբկիրցիները, որոնք հիմնականում Վարդանյանի ենթականերն են եղել, հենց այդ «էմոցիայով»՝ կարոտով են հիշում նրա պաշտոնավարման շրջանը։ Պատմում են, որ նա բոլորի հետ շփվում էր, թաղի ամեն մի փողոց գիտեր, ոտքով շրջում էր ու զրուցում բնակիչների հետ։ «Ես գիտեմ այնքան, որքան գրված է լրատվամիջոցներում»- ասաց նախկինը։ Ի՞նչ էմոցիաներով եք Դուք հետեւում իրավիճակին՝ հարցրինք Վարդանյանին։ «Բավական ժամանակ է՝ էմոցիաներով չեմ հետեւում,- ասաց նա,- կարծում եմ, պետք է փորձեն ընդհանուր եզրեր գտնել կոլեկտիվի հետ, ընդհանուր հայտարարի գան, որ խնդիրները լուծում ստանան»։ Ասում են անգամ, որ Դուք եք անհնազանդությունը կազմակերպում։ «Ոչ մի իմաստ չկա։ Առջեւում այնպիսի խնդիրներ, լուրջ թեմաներ ունենք, որ դրան չենք էլ անդրադառնում»։ Դուք Ղարաբաղո՞ւմ եք։ «Համեստ կպատասխանեմ՝ այո»։