Բյուլբյուլօղլու ակամա բացահայտումը

Բյուլբյուլօղլու ակամա բացահայտումը

Ադրբեջանում տիրող հայատյացության մասին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին բավականին ուշագրավ հայտարարություն է արել։

Անդրադառնալով Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերին Ադրբեջան չթողնելու հարցին՝ դեսպան Բյուլբյուլօղլին Haqqin.az լրատվական կայքի հետ զրույցի ժամանակ ասել է, որ այդ մարդկանց Ադրբեջան մուտք գործել թույլ չեն տալիս իրենց իսկ անվտանգության համար։ Դեսպանը նշել է, որ նույնիսկ Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերին Ադրբեջան մուտք գործելու իրավունք կտրվի միայն այն բանից հետո, երբ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։ Իհարկե, այստեղ ուշագրավ է այն, ինչ ասել է ադրբեջանցի դեսպանը՝ շեշտելով այլ պետության քաղաքացի էթնիկ հայերի անվտանգության հարցը։

Ստացվում է, որ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի քաղաքացի է, էթնիկ հայը չի կարող զգալ իրեն անվտանգ, այն պարզ պատճառով, որ ինքը հայ է։ Այս դեպքում հարց է առաջանում․ եթե դեսպանի մակարդակով Բաքուն ակամա խոստովանում է, որ հայերն անվտանգ չեն կարող իրենց զգալ Ադրբեջանում, ի՞նչ երաշխիք կարող է տալ, որ հայերն Ադրբեջանում իրենց կզգան ապահով ու անվտանգ նույնիսկ իրենց էթնիկ-պատմական տարածքի՝ Արցախի հողի վրա, երբ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղի՝ առաջարկում է լայն ինքնավարություն Արցախի համար՝ Ադրբեջանի կազմում։

Այն, որ Ադրբեջանում պետական քարոզչության մակարդակի վրա է գտնվում տոտալ հայատյացությունը, գաղտնիք չէ։ Տարրական դպրոցական դասագրքերից սկսած՝ սերմանվում է հայի՝ որպես ադրբեջանցու թշնամու կերպարը ամեն մի ադրբեջանցու մեջ։ Այս դեպքում մի՞թե հնարավոր է երեսուն տարվա քարոզած հայատյացությունը մեկ օրում չեզոքացնել, երբ դեսպանն է նույնիսկ ակամա խոսում այդ մասին։ Իհարկե, հնարավոր չէ։

Չէ՞ որ, վերջին հաշվով, այդ բացասական էներգիան, որը կա հայերի հանդեպ ատելությամբ կուտակված ադրբեջանական միջավայրում, չի կորչելու կամ մեկ ակնթարթում փոխակերպվելու այլ որակի էներգիայի։ Իհարկե, դեսպանն այլ կողմ է տարել իր խոսքը, անդրադարձել այն հարցին, որ Բաքուն չի փոխել իր կեցվածքն այս հարցի ուղղությամբ, զարմանք հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ի կողմից Բաքու ուղարկված հատուկ դիվանագիտական գրության բովանդակությունը «լրատվական արտահոսքի» արդյունքում դարձել է մամուլի սեփականությունը, եւ որ իրականությանը չի համապատասխանում լրատվամիջոցներում այն տեսակետի շրջանառումը, որ այդ գրությունից հետո Բաքուն խոստացել է հարցը կարգավորել, սակայն այն, ինչ ասել է Բյուլբյուլօղլին, արդեն բավական է տիրող մտայնությունները դիվանագետի ձեւակերպմամբ հասկանալու համար։ Ի վերջո, հայտնի խոսք կա, որ ասում է՝ լեզուն խոսում է սրտի ավելցուկից