Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Սիրելի ընթերցող, 

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի 4-րդ համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։ 

Այս համարում թերթի գրաֆիկ դիզայներ Անահիտ Կոստանյանը ստիկերների միջոցով ամփոփել է թավշա (հակա)հեղափոխական տարին եւ այն իրադարձությունները, որ եղան այս ընթացքում։ 

Երաժշտագետ Հասմիկ Համբարյանը զրուցել է կանադաբնակ, երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի հետ․ «Վարպետանալով ակադեմիական, հատկապես` խմբերգային երաժշտության ասպարեզում` Վահրամը նաեւ բացահայտել է ստեղծագործական նոր մի դաշտ: Նա շարունակաբար հայտնաբերում է մարդկային ձայնի հնչողության նոր հնարավորություններ` զանազան էլեկտրական սարքավորումներով առավել հարստացնելով էքսպերիմենտալ վոկալի արտահայտչամիջոցները»։ 

Սիրանուշ Փարսադանյանը գերմաներենից թարգմանել է Ֆրանց Կաֆկայի «Երազ» պատմվածքը․ «Երբ Կ-ն հայացքով դեռ հեռուն էր զննում, հանկարծ իրեն շատ մոտ՝ ճանապարհին՝ գրեթե իր հետեւում, նման մի շիրմաթումբ նկատեց: Նա արագ ցատկեց խոտերի մեջ: Հազիվ էր Կ-ն ոտքերն առաջ մղել, կորցրեց հավասարակշռությունը եւ ծնկի վրա ընկավ ճիշտ գերեզմանաթմբի վրա»։ 

Թերթի սյունակագիր Արփի Ոսկանյանն այս անգամ անդրադարձել է Թատերականի ռեկտորի ընտրություններին եւ բողոքող ուսանողներին կոչ արել չհանձնվել․ «Ուսանողների կողքին կանգնած՝ հերվա հեղափոխականները հին, գլամուրային ու բուտաֆորիկ են թվում։ Իրական հեղափոխականներն այլեւս այդ  ուսանողներն են, որոնց պայքարը փորձում եք նսեմացնել՝ հիմքում «մերժվածների» ստվերներ փնտրելով»։ 

Նորա Գրիգորյանն անգլերենից թարգմանել է Վիլյամ Սարոյանի «Պատահական հանդիպումներ» գրքից մի հատված․ «Միշտ կա մեկը գնացքում, նավում, ավտոբուսում կամ ինքնաթիռում, ով ուզում է պատմել քեզ իր պատմությունը եւ իր հերթին ցանկանում է լսել քոնը, այդպիսով դուք փոխանակվում եք դերերով՝ լսողի եւ պատմողի»։ 

«Հողին հավատարիմ գրողը» հուշագրության մեջ Լիլիթ Երանյանը պատմում է արձակագիր, իր կուրսի ղեկավար Ռուբեն Հովսեփյանի մասին․ «Հիմի էլ հորիցդ պատմիր,- գլուխն ինձ վրա թեքելով՝ ասաց նա, եւ այսպես ծանոթացա գրող Ռուբեն Հովսեփյանի հետ: Թատերական ինստիտուտում ընդունելության քննության էինք, եւ բանավոր քննությանս երրորդ հարցը ժամանակակից հայ գրականությանն էր վերաբերում: Եվ  գրող Հովսեփյանին հետաքրքրեց հորս` գրող Հովհաննես Երանյանի գրականության մասին տեսակետներս»։  

Մերձավոր Արեւելքի ամենավառ կին պոետներից մեկին՝ Բեժան Մաթուրին է անդրադարձել ու նրա պոեզիան թարգմանել՝ թուրքագետ Կարոլինա Սահակյանը․ «Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան 24 լեզվով, արժանացել մի շարք գրական մրցանակների: 2005 թ. սկսել է գրել օրաթերթերի համար՝ որպես սյունակագիր: Հիմնական թեմաներն են՝ քրդական քաղաքականություն, հայկական հարց, քաղաքականություն, փոքրամասնությունների խնդիրներ, բանտային գրականություն եւ կանանց հարցեր»։ 

Աղավնի Գրիգորյանը իսպաներենից թարգմանել է Գաբրիել Գարիսա Մարկեսի «Շաբաթ օրվա գողը» պատմվածքը․ «Ընթրիքի ժամանակ գողը, որ շաբաթվա ընթացքում բանկում որպես գիշերային պահակ է աշխատում, բացահայտում է, որ Աննան իր սիրած ռադիոհաղորդման հաղորդվարն է, երաժշտական ծրագիր, որ ինքը լսում է  ամեն գիշեր՝ առանց բացառության»։ 

Թատերագետ, լրագրող Գայանե Մկրտչյանն անդրադարձել է Համազգային թատրոնի ֆրանսիական պրեմիերաներին․ «Վերջին ամիսներին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը երեք ներկայացման պրեմիերա ունեցավ, երեքն էլ՝ քիչ դերակատարներով կամերային ներկայացումներ»։ 

Համարում կարող եք կարդալ նաեւ հայ ժամանակակից բանաստեղծներ Հաբեթ Մուրադյանի եւ Հաս Չախալյանի բանաստեղծական շարքերը։ 

Քաղաքական ծաղրանկարչության մեծագույն վարպետ Օնորե Դոմիեի կյանքն ու գործունեությունն է իր ակնարկում անդրադարձել սցենարիստ Անուշ Բաբայանը․ «Որպես ծաղրանկարիչ՝ Դոմիեն ձեւավորվեց հեղափոխությանը զուգընթաց։ 1830թ․-ին, երբ Ֆրանսիայում տեղի ունեցավ Հուլիսյան հեղափոխությունը, խոսքի եւ մտքի ազատությունը հիմնաքար դարձավ երգիծական պարբերականների ստեղծման համար»։ 

«Անտարես» հրատարակչությունը «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով շուտով լույս կընծայի Ռաֆայել Նահապետյանի (1946-2010) «Ուշադրություն, սկսվում է» պատմվածքների ընտրանին: Համարում տեղ է գտել նրա լավագույն պատմվածքներից մեկը․ «Այդ աղջիկը պարզապես սիրվել էր ուզում։ Կյանքը նրա մեջ չէր տեղավորվում, ու նա բղավում էր, շատ ծիծաղում, վազում։ Բայց դա քիչ էր, նա նաեւ սիրվել էր ուզում, իսկ ես խաղում էի։ Հիմար ու տափակ խաղերից, որոնցից մենք շատ գիտենք»։