Իսկական մտավորականն ու գրչի մարդը

Իսկական մտավորականն ու գրչի մարդը

Երեւանի փողոցներով քայլելիս չես գտնի մեկին, որ Երվանդ Մանարյանի անունը լսելիս հիացմունք չարտահայտի: Գիտե՞ք արդյոք, որ Երվանդ Մանարյանը Ատրպետի արեւելահայերենով գրված պատմվածքը մի գիշերում սցենարի է վերածել հյութեղ արեւմտահայերենով, եւ այս սցենարով նրա եղբայրը՝ ռեժիսոր Արման Մանարյանը, նկարահանեց մեր կինոյի անկրկնելի «Տժվժիկը»: Գաղտնիք ասած չենք լինի, դուք էլ բազմիցս համոզվել եք, որ Երվանդ Մանարյանը հրաշալիորեն տիրապետում է գրավոր խոսք ու բանին, ասել է թե՝ գրչի մարդ է: Ավելի լայն իմաստով՝ իսկական մտավորական:

Մեր իրականության մեջ, թերեւս, որպես մտավորական եւ գրչի մշակ, անկրկնելի ու անգերազանցելի է Մեծն արտիստ Վահրամ Փափազյանը: Նրանից հետո, անշուշտ, պետք է հիշել, եւ չենք կարող չհիշել Արման Կոթիկյանին՝ որպես գրչի մարդ ու մտավորական: Հիմա եկել է պահը, եւ առիթ է, որ հատուկ շեշտենք՝ Երվանդ Մանարյանը ոչ միայն հրաշալի դերասան է, անխոնջ թատերական գործիչ՝ վաստակաշատ եւ ժողովրդական, այլեւ եւ առաջին հերթին՝ իսկական մտավորական եւ գրչի մարդ…    

Կարդացե՛ք, կարդացե՛ք նրա գրած հոդվածները, հրապարակումները, հիշողությունները, պարսկական հոդվածաշարը… Եվ երիցս կհամոզվեք, թե ինչպիսին պետք է լինի եւ է իսկական մտավորականը:


Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ