Կուժն ու կուլաները

Կուժն ու կուլաները

Նիկոլ Փաշինյանի շատ գործողությունների հետեւում մի պարզ բանաձեւ է թաքնված՝ «կատու ճղելու» կամ «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» ժողովրդական ասացվածքի հանգով։ Երբ, ասենք, ընդդիմության շարքերից մեկին թիրախավորում է, սակայն խոսքն ավելի շատ ուղղված է լինում բոլորովին այլ անձի կամ բոլորին։ Բայց այս տրյուկն առավել հաճախ կիրառվում է սեփական թիմի նկատմամբ։ Կարծում եք՝ Հայկ Մարությանի դեմ ձեռնարկված արշավը սոսկ Հայկ Մարությանից ազատվելու իմա՞ստն ուներ։ Բոլորովին՝ ոչ։ Այն թիմին հերթական անգամ սաստելու, զսպելու, իրենց գլխի գալիքը ռեալության մեջ պատկերացնելու մեսիջ էր իր մեջ պարունակում։ Որ բոլոր նրանք, ովքեր երբեւէ կհամարձակվեն թիմից տարանջատվել, իր հրահանգները չկատարել, ինքնուրույն գործունեություն ծավալել կամ քննադատել իրեն, կարժանանան Հայկոյի ճակատագրին։

Եթե ընտրովի պաշտոնում, միլիոնից ավելի բնակչություն ունեցող մայրաքաղաքի քաղաքապետի նկատմամբ են նման գործընթաց ձեռնարկում, ի՞նչը պետք է խանգարի, որ որեւէ այլ օղակի նկատմամբ դա չանեն՝ լինի որեւէ համայնքի ընտրված ղեկավար, նախարար, պատգամավոր, թե ինչ-որ անկախ մարմնի առաջին դեմք։ Եվ, առհասարակ՝ անընդհատ պետք է հիշել Երեւանի պետական համալսարանի, Պետական վերահսկողության ծառայության, ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի, Գորիսի ու Երեւանի քաղաքապետերի ոդիսականները։

Տեսեք՝ այդ բոլոր անձանց փոխելն ինչպիսի խնդիրներ են առաջացրել մեր պետության համար, բայց Փաշինյանը ձեռնպահ չի մնացել այդ գործընթացները նախաձեռնելուց։ Անգամ եթե դրանք վտանգներ են պարունակել մեր պետության համար։ Հիմա դուք կարծում եք, ասենք, Հրաչյա Սարգսյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը կամ թեկուզ՝ Ապարանի քաղաքապետը երբեւէ ռիսկ կանե՞ն հակադրվել Նիկոլ Փաշինյանին։