ՊՆ-ն սպաներին չի ճանաչում պատերազմի մասնակից, որ գումար չտա

ՊՆ-ն սպաներին չի ճանաչում պատերազմի մասնակից, որ գումար չտա

Պաշտպանության նախարարությունը որոշ սպաների չի ճանաչում որպես մարտական գործողությունների մասնակից, որ նրանց չվճարի մարտական գործողություններին մասնակցելու համար նախատեսված միանվագ գումարը: Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների զինգրքույկներում, ինչպես 2016-ի քառօրյա պատերազմից հետո, այժմ էլ չեն նշում այդ հանգամանքը, որպեսզի զորացրվելուց հետո մարդիկ չկարողանան օգտվել ուսման վարձի 100 տոկոս զեղչից։ Մեզ հետ զրույցում զինծառայող լեյտենանտ Խանամիր Աբրահամյանն ասաց, որ իրենք ծառայություն են իրականացրել զինամթերքի պահեստում, որը հակառակորդի ավիացիայի կողմից պայթեցվել է, սակայն իրենց ՊՆ-ն չի ճանաչում որպես մարտական գործողությունների մասնակից։

«Ես ՊՆ-ից խնդրում եմ, որ ինձ ճանաչեն մարտական գործողությունների մասնակից եւ վճարումը տան մարտական գործողությունների մասնակցի հաշվարկով, այլ ոչ թե՝ ինչ ուզում են, անեն։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք այդ ծառայություններն անցել ենք, եւ ինձ համար շատ անհասկանալի է․․․, ես չեմ ուզում ցույցեր, միտինգներ անել, ես իրենց դիմում եմ գրել ու ես գիտեմ, որ պատասխան չեմ ստանալու, մի ապուշ բան են գրելու, եւ եթե իրենք այդ ապուշությունը գրեն, միանշանակ՝ դատական գործընթաց եմ սկսելու։ Ու մենակ ես չեմ, բացի մեր 12 հոգուց, էլի մոտ 50 հոգի կան։ Խնդիրն այն է, որ ինձ համար վիրավորական է, որ ես այդ ամենի միջով անցել եմ, բայց այսօր ոչ մի բան չեն անում։ Նոյեմբերի 10-ից հետո մեզ ասել են, որ մենք կարող ենք գնալ, մենք եկել ենք Հայաստան, եւ պարզվեց, որ մեզ ոչ մի տեղ հաշվառում չեն արել, այդ ողջ ընթացքում մեզ հաշվառման կանգնացրած չեն եղել՝ ռազմական գործողությունների ընթացքում»,- ասաց զինծառայողը։

Այսինքն՝ ստացվում է, որ Դուք, ըստ փաստաթղթերի, Արցախում նույնիսկ չե՞ք էլ ծառայել՝ հարցրինք։ «Այո, եթե ես այդ մարդկանց անընդհատ չզզվացնեի, չասեի, որ բողոքելու եմ եւ այլն, ոչ մի բան չէին անելու։ Ընդամենը մեր բախտը բերել է, որ 2-3 անգամ պաշտոնական հաշվառում են կատարել, եւ այդ հաշվառման ցուցակները մենք գտանք եւ ասացինք, որ դրանց հիման վրա մեզ պարտավոր են հաշվառման կանգնեցնել, թե չէ՝ բացարձակ այդ ձեւակերպումն էլ չէին ուզում տալ»,- պատասխանեց լեյտենանտ Աբրահամյանը։ Նա նաեւ ասաց, որ մարտական գործողությունների մասնակից ճանաչվելու դեպքում իրեն միանվագ վճարվող գումարը, իր հաշվարկներով, կկազմի մոտ 450 հազար դրամ․ «Իբր թե ինձ մոտ 100 հազար դրամ են վճարելու, բայց մինչ օրս չեն վճարել, եթե ճանաչեն մարտական գործողությունների մասնակից, վճարը մոտավորապես 450 հազար կկազմի։ Ես այդ գումարը ստանալու եմ եւ դա ուղարկելու եմ Ղարաբաղ՝ իմ ընկերներին։ Դա միանվագ վճար է՝ որպես ռազմական գործողություններին մասնակցության աշխատավարձի նման ինչ-որ մի բան, որպես ծառայության վճար։

Մինչ այժմ ինձ չի հաջողվել այդ ծառայության վճարի հաշվարկի կարգը ձեռք բերել, երբ հարցնում ես, ասում են՝ ռազմական գաղտնիք է, եւ այդ կարգը չեն տրամադրում, բայց իմ ընկերները, որ տարբեր զորամասերում են եղել, իրենց մոտ տեսել եմ, մոտավորապես տրամաբանորեն հաշվում եմ։ Ինձ նման էլի 50 հոգի կան, որ իրենց եւս չեն ճանաչում մարտական գործողությունների մասնակից»։