Բերձորի սիմվոլիկան

Բերձորի սիմվոլիկան

Քսանյոթ տարի առաջ հայկական ուժերը բացեցին Հայաստան-Արցախ միջանցքը: Միջազգային հանրությունն այդ իրողությանը որեւէ դատապարտող արձագանք չհնչեցրեց: Բոլորի համար, կարծես, շարունակում է ընդունելի լինել, որ Հայաստանը եւ Արցախը պետք է ունենան ցամաքային հաղորդակցություն, եւ այն պետք է անցնի Բերձորով` նախկին Լաչինի շրջանով: Այդ սկզբունքն ամրագրված է մադրիդյան փաստաթղթում: Իսկ կարգավորման 1997թ. փուլային տարբերակով հայկական վերահսկողություն էր նախատեսվում Լաչինի ամբողջ շրջանի նկատմամբ: Այսօր նշվում է Բերձորի ազատագրման կամ Լաչինի միջանցքի բացման հերթական տարեդարձը:

Բերձորը խորհրդանշում է Հայաստան-Արցախ աշխարհագրական-ֆիզիկական միասնությունը, որի վրա կառուցվում է հայկական երկրորդ պետության տնտեսական, սոցիալական եւ ռազմական ինքնության համակարգը: Այն, ինչ քաղաքական գործիչներն սկսել են ձեւակերպել այսպես` մենք մի հայրենիք ենք, երկու պետություն: 1992թ. հունվարի 6-ին, երբ քննարկվում էր ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունը, Ռոբերտ Քոչարյանը մի անառարկելի իրողություն է սահմանել` եթե Հայաստանում իշխանության լիներ Դաշնակցությունը, ինքը կպահանջեր, որ նույնը ձեւավորվի նաեւ Արցախում: Այն ժամանակ այդ հորդորը չընդունվեց: Հետեւեցին անցանկալի զարգացումներ, ռազմա-քաղաքական կորուստներ: Ի վերջո իրավիճակը կայունացավ 1994թ. հրադադարից վեց ամիս անց, երբ Գերագույն խորհուրդն Ռոբերտ Քոչարյանին ընտրեց ԼՂՀ նախագահ: Քառորդ դար ներհայկական ստատուս-քվոն պահպանվեց: Մինչեւ տեղի ունեցավ ապրիլյան իշխանափոխությունը:

Այսօր Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ մտադիր է ձեւավորել եւ գլխավորել հակափաշինյանական հզոր ընդդիմություն: Մեկնաբանների մոտ տպավորություն կա, որ փորձ է արվում այդ շարժման առանցքային դերակատար դարձնել Արցախը: Ներքաղաքական դիսկուրս է բերվում տեսակետ, որ Փաշինյանի իշխանությունը քողարկված քարոզչություն է իրականացնում` արժեզրկելու Արցախի պատերազմը, համազգային ձեռքբերումները, հեղինակազրկելու մարտական գեներալներին: Սոցիալական ցանցերի արցախցի բազմաթիվ օգտատերեր այս կամ այն կերպ գեներացնում են դա: Բերձորը կարող էր դառնալ առկա տարընկալումները բացելու, առողջ երկխոսություն ծավալելու եւ ընդհանուր հայտարարի գալու հարթակ: Բերձորը խորհրդանիշն է Հայաստան-Արցախ միասնության: