Որոնք են Իրանի «կարմիր գծերը» Հարավային Կովկասում

Որոնք են Իրանի «կարմիր գծերը» Հարավային Կովկասում

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում անցյալ տարվա լարվածությունից հետո, այս տարին աչքի ընկավ հերթական սրացմամբ։ Ադրբեջանական մամուլը հեղեղված է հակաիրանական հրապարակումներով։ Մեդիա տարածքում լարվածությունն այնքան է աճել, որ նույնիսկ ադրբեջանական պետական լրատվամիջոցներում եւ հեռուստատեսությունում ակտիվացվում է «Հարավային Ադրբեջանի» մասին թեզը, որը ակներեւաբար Իրանի հանդեպ տարածքային պահանջներ է ներկայացնում։ Ադրբեջանական այս քաղաքական գծի գլուխ կանգնած է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, ով չի խորշում Իրանի թյուրքալեզու բնակիչների առնչությամբ սադրիչ հայտարարություններ անելուց։ 

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը հատկապես ակներեւ դարձավ այն բանից հետո, երբ իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորոպուսը այս տարվա հոկտեմբերի 17-19-ին զորավարժություններ անցկացրեց Արաքս գետի ափին, ինչպես նաեւ՝ Իրանը գլխավոր հյուպատոսարան բացեց ՀՀ Կապան քաղաքում։ Հանուն արդարության նշենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը կապված է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության, «Զանգեզուրյան միջանցքի», ինչպես նաեւ արտառեգիոնալ ուժերի՝ ռեգիոնի գործերում ներգրավվածության հարցերի առնչությամբ Թեհրանի ունեցած կեցվածքի հետ։

Թեհրանում հստակ արտահայտվում են, որ «Զանգեզուրյան միջանցքն» օրինակ, կարող է հարվածի տակ դնել գոյություն ունեցող հայ-իրանական սահմանը, իսկ այդ սահմանի վերացումը Իրանի համար խիստ ցանկալի չէ, որովհետեւ այդ դեպքում Իրանը պարզապես կորցնում է դեպի Եվրոպա իր այլընտրանքային ճանապարհը, Իրանը դուրս է մնում էներգետիկ եւ տարանցիկ նախագծերից, Իրանի տարանցիկ նշանակությունը նվազում է, ձեւավորվում է պանթյուրքական առանց ընդդեմ Իրանի, Իրանը բլոկադայի մեջ է հայտնվում հակաիրանական ուժերի կողմից, նպաստավոր հող է ստեղծվում Իրանում անջատողականության հրահրման համար։

Ըստ Region monitor պարբերականի, Հայաստանն ըստ էության դառնում է արգելապատնեշ՝ ընդդեմ Իրանի պանթյուրքիստական առանցքի ձեւավորման համար եւ Երեւանը Թեհրանի համար դառնում է այլընտրանք ոչ-թյուրքական ճանապարհի եւ Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու համար։ Այս ամենն հաշվի առնելով է թերեւս, որ Իրանը դեմ է արտահայտվում ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխություններին եւ ընդգծում է հայկական Սյունիքում համագործակցության զարգացմանը։