Սևանի անմխիթար վիճակի համար մեղավոր են բոլորը, բացի նախարարից

Սևանի անմխիթար վիճակի համար մեղավոր են բոլորը, բացի նախարարից

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողներին փորձեց մասնագիտորեն բացատրել, թե ինչու է այսօր Սեւանի վիճակն այդքան աղետալի։ Սակայն բաց մնաց ամենակարեւոր հարցը՝ ով է այս ամենի մեղավորը եւ ով պետք է պատասխանատվություն կրի, որ, ինչպես BBC-ն է իր ռեպորտաժում նկատել, Հայաստանի «գեղեցկուհին» ճահճանում է։ Ըստ Գրիգորյանի՝ այսօրվա իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման հետեւանքով է։ Ապա թվարկեց որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ՝ սկսած բնակլիմայական փոփոխություններից, մինչեւ մարդկանց կողմից անփույթ վերաբերմունքը, կոյուղաջրերը եւ կենցաղային աղբը։

«Ես բերել եմ 2012 թվականի տեսչական ստուգումը, որտեղ որ մաքրում պետք է իրականացվեր, բոլոր մասնաճյուղերում նշված է, որ մաքրում չի իրականացվել, այսինքն՝ պետությունը գումարներ է վճարել տարբեր տարիներին այս մաքրումների համար, բայց չի իրականացրել»,- ասաց Գրիգորյանը՝ սլաքն ուղղելով նախկինների կողմը։ 

Ապա անմիջապես անցավ իրեն ուղղվող մեղադրանքներին, թե անցյալ տարի նույնպես կային այդ կապտականաչ ջրիմուռները, որոնք Սեւանի «ծաղկման» պատճառ են դարձել, ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում գործողություններ չեն կատարվել, որ դեմն առնեն։ Պարզվեց՝ մաքրման աշխատանքներ կատարվել են, բայց իրենք որոշել են գնալ ոչ թե ընթացիկ աշխատանքներով՝ մրցույթ հայտարարել առաջվա նման, փող ծախսել ու Սեւանը մաքրել, այլ ավելի խորը խնդիրներ վերհանել։ Դրա համար էլ մինչեւ օրս ախտորոշում են Սեւանի խնդիրները, գնահատում են գնահատման ենթակա հարցերը, քննարկում քննարկման ենթակա խնդիրները, վերլուծում, հետազոտում, նորից գնահատում, նորից քննարկում, նորից վերլուծում, հետո դրանք կամփոփեն, նիստ կհրավիրեն, նորից քննարկեն, նորից կախտորոշեն եւ այսպես շարունակ։ 

«Ամեն ինչ պետք է լինի գիտականորեն հիմնավորված հիմքերի հիման վրա»,- իրենց գործողությունների ռազմավարական պլանը ներկայացրեց պարոն Գրիգորյանը։ Իսկ մինչ նրանք քննարկում են, ախտորոշում եւ գնահատում, բնապահպանները շարունակում են ահազանգել, որ «Սեւանը կորցնում ենք»։ Արփա-Սեւան թունելի շինարարության մասով քրեական գործ կա հարուցված, Սեւանի մաքրման աշխատանքների մասով՝ 2 քրեական գործ, ջրօգտագործման մասով եւս կա քրեական գործ։

«Մենք ճահճացման չենք գնում, բայց ունենք խնդիրներ, եւ դրանց ադեկվատ չարձագանքելու դեպքում որակական շատ մեծ վնասներ կունենանք»,- ասաց Գրիգորյանը՝ այս անգամ էլ սլաքներն ուղղելով դեպի հանքատերեր։ Հարցրինք՝ ո՞վ է, ի վերջո, Սեւանի այս վիճակի համար մեղավոր։ Բնապահպաններն իրեն են մեղադրում, ինքն էլ սլաքներն ուղղում է նախորդների կողմը, կարո՞ղ է հասցեական ասել՝ նախկիններից ով ինչով է մեղավոր, եւ ինքն անձամբ ունի՞ այս հարցում պատասխանատվություն, որ պատշաճ քայլեր չի ձեռնարկել։

«Նախորդների մեղքի հետ կապված՝ իմ նշած տարաբնույթ քրեական գործերը եւ ընթացիկ գործընթացները, կարծում եմ, տալիս են ե՛ւ իրավական գնահատական, ե՛ւ պատժի հետ կապված, թե ով է մեղավոր եւ ինչքանով է մեղավոր։ Իրավապահ մարմինների ֆունկցիա չեմ ուզում իմ վրա վերցնել։ Իսկ թե ինչ ենք արել մենք՝ առաջին անգամ ամբողջովին գույքագրվել են մաքրման ենթակա իրական ծավալները, առաջին անգամ ուսումնասիրվել են Սոթքում նախկինում ենթակա պոչամբարների եւ թափոնակույտերի ծավալները, եւ հենց այս պահին էլ եռաչափ մոդելավորում է իրականացվում, որպեսզի այնտեղ ռեկուլտիվացման աշխատանքներ կատարվեն։ Ջրի հոսքի եւ կառավարման հետ կապված՝ ամենօրյա աշխատանքներ են կատարվում, կողակի վերականգնման ծրագիրն ենք իրականացնում»,- ասաց նախարարը՝ շարունակելով թվարկել, թե ինչ աշխատանքներ են կատարել եւ կատարում, բայց դրանից Սեւանի վիճակը, միեւնույն է, չի բարելավվում։ 

«Եվ մնացած ընթացիկ գործողությունները, ինչը որ պետք է անենք հիմա՝ որոշ խնդիրներ լուծելու մասով, եւ ախտորոշելու ավելի մեծ խնդիրներ լուծելու մասով»,- դեկլարատիվ ոճով շարունակեց նախարարը։ Ի դեպ, նշեց, որ մինչ օրս էլ մաքրման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ պետք է պարզվեր, թե որտեղ պետք է մաքրվի եւ ինչ ծավալներով։ Հետո նույն հարցով այլ բան նշեց, թե մաքրման աշխատանքների մրցույթ հայտարարվել է նախկինի նման, նախատեսված է 110 մլն դրամ հատկացնել, բայց տարբերությունն այն է, որ այս անգամ մաքրման ծավալներն էականորեն ավելացել են, եւ հույս հայտնեց, որ 2020-21 թթ․ վերջնականապես մաքրած կլինեն Սեւանը։

Ի վերջո, ե՞րբ վերջնական կավարտվի Սեւանի խնդիրների ախտորոշումը, ե՞րբ կմեկնարկեն կոնկրետ գործողությունները, ե՞րբ կունենանք հստակ արդյունք։ «Ախտորոշմանը զուգահեռ, գնում են կոնկրետ գործողություններ, դրանցից մեկը մաքրման աշխատանքներն են, ռեստորաններում եւ հյուրանոցներում տեղադրվող մաքրման կայաններն են, կողակի վերականգնման ծրագիրն է, Սեւանի ջրառի ամենօրյա հսկումը եւ մոնիտորինգի իրականացումն է, կոնկրետ գործողություն է Սեւանի ամենօրյա խնդիրների կառավարումն իրականացնելը»,- կրկնեց նախարարը։ Հարցրինք՝ նախկին նախարարները սրանում իրենց մեղքի բաժինն ունե՞ն, քրեական գործերը հարուցվել են ներքեւի օղակների նկատմամբ։ Գրիգորյանն ասաց․ «Տեսեք, այն մասով, եթե այս տարի մենք աշխատանք կատարենք, եւ էդ աշխատանքը լավը չլինի, անկախ նրանից՝ ես դրա հետեւանքով քրեական պատասխանատվության եմ ենթարկվում, թե ոչ, ես՝ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդ, պատասխանատու եմ իրականացված աշխատանքների համար։ Բայց եթե նախարարը, փոխնախարարը կամ այլ պաշտոնյա որեւէ գործողություն է կատարել, որի համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, դա իրավաբանների գործն է»։