Ո՞րն է մեր ազգային գաղափարախոսությունը․ մեր դժբախտությունների պատճառներից մեկը

Ո՞րն է մեր ազգային գաղափարախոսությունը․ մեր դժբախտությունների պատճառներից մեկը

Մարդիկ զարմանում են, թե ինչու համարյա բոլորը, ովքեր Հայաստանում գալիս են իշխանության, առեղծվածային ճանապարհով եւ արագությամբ հարստանում են ու կառչած մնում իրենց աթոռին: Բայց ի՞նչ կա զարմանալու: Մանուկ հասակից նրանց ուսուցանվում է, որ հենց դա է հաջողակ մարդու նպատակը՝ դառնալ թագավոր եւ ունենալ շատ ոսկի: Ո՞վ է ուսուցանում: Մեր ազգային գաղափարախոսությունը: Ինչպե՞ս թե՝ չէ՞ որ տասնամյակներ շարունակ լսում ենք, թե չունենք այդ գաղափարախոսությունը: Ինչպե՞ս թե չունենք՝ միշտ էլ ունեցել ենք: Դա մեր ժողովրդական հեքիաթներն են, որոնք դարեր շարունակ ստեղծել է մեր ժողովուրդը: Դրանք էլ հենց պարունակում են այդ գաղափարախոսությունը: Դրանց միջոցով է մանուկներին փոխանցվում, թե ինչը պետք է լինի նրանց կյանքի նպատակը: Եվ այդ հեքիաթները չեն ստեղծվել ինչ-որ ղեկավարի պատվերով, ինչպես ստեղծվում են մեր սահմանադրությունները, որոնք գրվում են պատվիրատուի նշանակած հանձնաժողովի կողմից՝ այնպես, որ պատվեր տվողը գոհ մնա: Այնպես, ինչպես գոհ են մնում հմուտ դերձակի կարած լավ կոստյումից, որն այդ մարդուն շատ է հարմար: Բայց քանի որ Հայաստանը չունի նավթ ու գազ, պատվիրատուի երազանքը՝ պահպանել թագը մինչեւ մահ, չի իրականանում: Գալիս է հաջորդ առաջնորդը, որն ունի մոտավորապես նույն կազմվածքը, ինչպիսին ուներ նրա նախորդը: Եվ չնայած նախորդի կոստյումն իրեն էլ է սազում, բայց դրսի որոշ ղեկավարների դուրը չի գալիս: Ու նոր ղեկավարը նորից է հավաքում դերձակներին եւ պատվիրում է կարել այնպիսի կոստյում, որը կհավանի ոչ միայն ինքը, այլ նաեւ գոհ կմնան դրսի պատվիրատուները: 

Մինչդեռ մեր ազգային գաղափարախոսությունը ոչ թե պատվերով է գրվել, այլ ստեղծվել է դարերով՝ չքավորության պայմաններում գոյատեւող հայ ժողովրդի կողմից, որին ճնշել ու կեղեքել են օտար եւ սեփական իշխանավորները: Եվ մեր նախնիների ստեղծած գաղափարախոսությունն արտահայտում է այդ սոված ու կեղեքված մարդկանց պատկերացումը, թե ինչպես է հնարավոր դուրս գալ այդ օրհասական վիճակից: 

Հիշո՞ւմ եք, թե ինչպես են ավարտվում մեր գրեթե բոլոր ժողովրդական հեքիաթները: Դրանց հերոսը կա՛մ դառնում է թագավոր, կա՛մ ստանում է թագավորության կեսը, կա՛մ էլ հարստանում է՝ ձեռք բերելով շատ ոսկի: Չգիտեմ՝ կա՞ արդյոք այնպիսի հին հայկական հեքիաթ, որի հերոսը, ասենք, բարելավում է իր հայրենակիցների կյանքը կամ բուժում է բոլոր հիվանդներին, կամ փրկում է բնությունը, որին մենք այսօր անվանում ենք շրջակա միջավայր: Այդպիսի բան քարոզող ժողովրդական հեքիաթ կա՞: Թե՞ միայն պաշտոն կամ հարստություն ստանալն է քարոզվում: 

Երբ մեր մանուկները գնում են մանկապարտեզ, նրանք համոզվում են, որ հենց փողն ու պաշտոնն են որոշիչը: Նրանց հանդեպ վերաբերմունքը կախված է նրանց ծնողների ունեցած կամ չունեցած այդ հատկանիշներից: Դպրոցում՝ նույնպես: Բուհ ընդունվելը, այնտեղ ուսումը բարեհաջող ավարտելը, լավ աշխատանք գտնելը, պաշտոններ ստանալը նույնպես սերտորեն կապված են ֆինանսական հնարավորություններից ու ազգականների պաշտոններից: Նույնիսկ ամուսնանալը, բանտից խուսափելը, բանակում չծառայելու իրավունք ձեռք բերելը եւ շատ այլ բաներ Հայաստանում կախված են ոչ թե մարդու տաղանդից, աշխատասիրությունից, բարոյական հատկանիշներից, խելքից ու գեղեցկությունից, այլ՝ «ոսկուց» եւ «աթոռից»: «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» ապրելաձեւը նույնպես այդ գաղափարախոսության հետեւանքն է:

Տիրանալով իշխանական լծակներին՝ մեր ղեկավարները հայկական ազգային գաղափարախոսությունից բացի որդեգրում են նաեւ Լյուդովիկոս 14-րդի՝ «Պետությունը ես եմ» եւ Լյուդովիկոս 15-րդի՝ «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» կարգախոսները՝ առանց հաշվի առնելու այդ թագավորների կառավարման արդյունքները: Իսկ արդյունքները ողբալի էին՝ 7-ամյա պատերազմում Ֆրանսիան պարտություն կրեց եւ զրկվեց իր գաղութներից, այդ թվում՝ Հնդկաստանից եւ Կանադայից: Նրա տնտեսությունն անկում ապրեց, լարվածությունը երկրում մեծացավ: Առաջնակարգ, հզոր Ֆրանսիան վերածվեց երրորդ կարգի պետության: Այդ ամենը հետագայում հանգեցրեց հեղափոխության:

Բայց մեր ղեկավարներին այդ հեռանկարը չի կանգնեցնում: Ավելին, այդ գաղափարախոսությունը, «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» կարգախոսը եւ Նիկոլո Մաքիավելիի՝ «նպատակն արդարացնում է միջոցները» գործելաոճը նրանք փոխանցում են իրենց ենթականերին: Իսկ վերջիններին ընտրելիս որոշիչ են անխոս հնազանդությունը եւ անձնական նվիրվածությունը, այլ ոչ թե արհեստավարժությունը կամ ազնվությունը: 

Իսկ թե ինչ տեղի կունենա Հայաստանի եւ նրա քաղաքացիների հետ՝ կարեւոր չէ: Գլխավորն իրենց ստեղծած այդ մաֆիոզ կառույցն է: Դա է պատճառը, որ շատերը, եւ ոչ միայն իշխանավորները, սեփական եւ խմբակային շահերից ելնելով՝ իրենց ուժը պատածի չափով փչացնում են այն ամենը, ինչը կարողանում են: Արդյունքում Հայաստանը, որը ԽՍՀՄ ամենաբարեկեցիկ հանրապետությունն էր, սովետական այն 3 հանրապետություններից մեկը, որը Մոսկվայից ստացվող դոտացիայի կարիքը չուներ, այսօր չի կարողանում գոյատեւել առանց տարեկան 600-700 մլն դոլար պարտք վերցնելու: 

Եվ այսօր արդեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վզին՝ ներառյալ նորածինները, դրված է շուրջ 5 հազար դոլարի պարտք:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ