Բռնվեցիք, ժողովուրդ ջան․ «Լույսը» հաղորդում է տալիս հանցագործության մասին 

Բռնվեցիք, ժողովուրդ ջան․ «Լույսը» հաղորդում է տալիս հանցագործության մասին 

Երեւանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարեւոր հայտարարությամբ հանդես եկավ։

Խաժակյանը հայտարարեց, որ փաստաթղթերի կեղծում է տեղի ունեցել քաղաքապետարանում՝ կապված Հայկ Մարությանի արձակուրդ գնալու հետ․ «Այսօր ես ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էին քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին։ Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին եւ ասել, որ Հայկ Սարգսյանն իրավունք չուներ այդ լիազորությունն իրականացնելու, հետո ես շարունակել եմ, ասել եմ, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք։ Նոյեմբերի 4-ին այս որոշումը ստեղծվել է հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով, որն իրականում գրվել էր նոյեմբերի չորսին։ Ես դիմում եմ դատախազությանը, երբ ինձնից այս փաստաթուղթը ցանկանան, ես այն կտրամադրեմ։ Պարոն քաղաքապետ, սա Ձեր կարգադրությունն է, սա Ձեր ստորագրությունը չի։ Բռնվեցիք, ժողովուրդ ջան։ Կա՛մ ինձ դատի տվեք՝ զրպարտության պատրվակով, կա՛մ թող դատախազությունը գա, ինձնից ուզի այս փաստաթուղթը։ Դուք տեսնում եք՝ նույն որոշումը ո՛չ քաղաքապետի ստորագրությամբ եւ շատ բազմաթիվ տարբերություններով»։

Երեւանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանն արձագանքեց Դավիթ Խաժակյանի ելույթին՝ ասելով, թե սա արհեստական աղմուկ է, որ սկիզբ է առել անցած ամսվանից․ «Մեզ մնում է հեռակա կարգով դատախազության մեր գործընկերներից ներողամտություն հայցել՝ պատճառվող անհարմարությունների եւ ժամանակի կորստի մասին։ Վստահ եմ, որ դատախազության մեր գործընկերները շատ լավ պատկերացնում են, որ նոյեմբերի 26-ից մեկնարկած այս արհեստածին աղմուկն իրականում օրինականության հետ աղերս չունի, սա մշակված արշավ է, որի միակ թիրախը քաղաքային իշխանությանը վարկաբեկելն է»։