Երբ վաղը գրեն Թավրիզ…

Երբ վաղը գրեն Թավրիզ…

Ադրբեջանական բանակը հերթական լայնածավալ զորավարժություններն է անցկացնում: Այդ առթիվ առաջնագծում է եղել հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը եւ հրահանգել «պատրաստ լինել բոլոր զորատեսակներից հուժկու հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության»: Հասանովի շրջագայության «պատվին» զորավարժություններում ընդգրկված ստորաբաժանումներից մեկի զինվորներն այնպիսի շարային կարգ են ընդունել, որ կարդացվել է հետեւյալ «ուղերձը»` հայկական կողմին. «Մեր հաջորդ հանգրվանը Շուշին է: Սպասեք մեզ»:

Ադրբեջանական բանակի զորավարժությունների տրամաբանությունը միշտ էլ հարձակողական է եղել, բայց քարոզչա-տեղեկատվական նման բացահայտում, կարծես, առաջին անգամ է արվում: Եվ դա, ըստ երեւույթին, պայմանավորված է ոչ այնքան հայ-ադրբեջանական դիմակայության ներկայիս փուլի առանձնահատկություններով, որքան աշխարհաքաղաքական մթնոլորտի ադրբեջանական ընկալմամբ: Տեւական ժամանակ է` ադրբեջանական մամուլը սեւեռված է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սցենարի վրա: Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը դա դիտարկում է որպես տարածաշրջանում իր հավակնությունները գործնականացնելու հնարավորություն: Մամուլ է սպրդել քաղաքագիտական վերլուծություն, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է փակ տեսնել Իրանի հետ Հայաստանի սահմանը, ապա այդ գործառույթը կարող է կատարել ադրբեջանական բանակը` «վերահսկողություն հաստատելով հարավային Զանգեզուրում»:

Դժվար է ասել, թե նման սցենար քննարկվում է ԱՄՆ-Ադրբեջան խորհրդատվությունների ընթացքում: Բայց Ադրբեջանը փակ երկիր է, այնտեղ ոչ ոք չի կարող տուրք տալ սեփական երեւակայությանը, եթե այն չի համընկնում պաշտոնական մոտեցումներին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանում ռազմական ծրագրավորումների մակարդակով քննարկվում է Արցախի դեմ այնպիսի պատերազմի սցենարը, երբ ադրբեջանական բանակը վերահսկողություն կհաստատի Իրանի հետ սահմանի վրա` ներառյալ Մեղրիի հատվածը, եւ ֆիզիկական կապ կհաստատի Նախիջեւանի, իրականում` Թուրքիայի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը բավականին ծավալուն անդրադարձ է կատարել ռուսաստանցի քաղաքական գործիչ Ժիրինովսկու այն հայտարարությանը, որով նա ափսոսանք է հայտնել 1946թ.-ին Իրանի հյուսիսից խորհրդային զորքերը դուրս բերելու Ստալինի որոշման համար: Ադրբեջանցի հեղինակը, սակայն, դա համարել է Ադրբեջանի դեմ Ռուսաստանից «հյուսվող թակարդ»:

«Ուրիշի օգնությամբ սեփական երազանքները չեն իրականացվում»,- գրել է մեկնաբանության հեղինակը: Դա բացահայտ ակնարկ է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման պարագայում Ադրբեջանը թույլ չի տա, որ Ռուսաստանն իր տարածքն օգտագործի եւ ռազմական աջակցություն ցուցաբերի Իրանին: Ընդհակառակը, Բաքուն կփորձի օգտագործել հարմար առիթը եւ ներխուժել իրանական տարածք` նախապես այնտեղ հրահրելով «ազգային-ազատագրական շարժում»: Ադրբեջանում, այսպիսով, քաղաքականապես ձեւավորվում է «միասնական պատմական հայրենիքի վերականգնման» նպատակ: Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական զինվորներին արդեն իսկ վարժեցնում են` ընդունելու «Թավրիզ-Բաքու-Անկարա» գրություն ցուցադրող շարակարգի: Մնում է ժամանակի ընտրությունը` երբ, ինչպես, որ զորավարժությունների ժամանակ դա ցուցադրել հրապարակային` միջազգայնացնելով Ադրբեջանի «վերամիավորման» տեսլականը: Դա կախված կլինի աշխարհաքաղաքական զարգացումներից: