Առանց իդեալիզմի

Առանց իդեալիզմի

Ոչ մի ազգ սուրբ չէ, հայերս՝ եւս: Բոլորն Էլ լավ հատկանիշների հետ արատներ ունեն: Եվ ժամանակներ են գալիս, երբ ցցուն է դառնում որակների այս կամ այն խումբը: Դժբախտաբար, մեզ համար վրա են հասել գեշ դրսեւորույթի օրերը: Ազգային մեր ներկա աղետալի իրավիճակը, նախեւառաջ, բացատրվում է ունեցած հատկանիշների բացասական բեւեռացմամբ. խաբեություն, վախկոտություն, դավաճանություն, ապազգայնություն, մանիպուլյացիա, ծախվածություն, ուրացում, տգիտություն, զոմբիացում, կեղծարարություն, անտարբերություն, թուլամորթություն, արկածախնդրություն, շառլատանություն, ամբոխավարություն, կռապաշտություն, շահամոլություն… ահա երկարելուն միտված այն մոտավոր որակաշարը, որ մեր երկիրն ու ժողովրդին այս պահին դարձրել է գետնաքարշ մի գոյություն: Երեկվա մարտնչող, խիզախ, հաղթանակող, միասնականության ու ազգային պատվախնդրությանը հակված հանրության ստվերն իսկ այժմ դժվար է նշմարել: Կարծես մի դիվային ձեռք մեր արատներն էլեկտրական մեծ լիցքերով գրգռել, բազմապատկել ու առաջնային է դարձրել մեր ընթացիկ կյանքում: 

Ողջախոհության, պատասխանատվության ու արժանապատվության հսկայական կարիքի առջեւ ենք հայտնվել: Իսկ ընդհանրապես՝ մեր ազգային ախտաբանությունը նոր ու մանրակրկիտ հետազոտությունների կարիք ունի: Ներքին շատ խնդիրներ դեռեւս հստակ սահմանված չեն: Հարկ է իմանալ՝ հրատապորեն ինչից պետք է ձերբազատվել: Որպեսզի հնարավորինս դյուրին լինի հանրային ապաքինումը: Որպեսզի կասեցվի աղետի խորացումը: Թե չէ պետության շառլատան ու տգետ ղեկավարները երկիրն ավելի ու ավելի անդունդ կգոլերեն: Թե չէ նախկին նախագահը բայղուշի ու ոգեսպանի պես նոր աղետներ կկանխագուշակի երկրի համար՝ ինքն էլ քողարկված ձեւով մասնակցելով նոր պարտության ծրագրավորմանը: Թե չէ գլխավոր մեղսավորները նոր ոճիրներ կգործեն ազգի դեմ՝ մեղադրյալներ կարգելով իրենց շիտակ ընդդիմախոսներին ու քաղաքական հակառակորդներին: Թե չէ կարողունակ, փորձառու, ազգանվեր ուժերի կողմից առաջարկված հիմնավոր, անգամ մարգարեական գաղափարներն ու ծրագրերը  սուլոցի ու քամահրանքի կարժանանան: Թե չէ շատ-շատերը անտարբերորեն կսսկվեն սեփական մաշկի տակ՝ թողնելով, որ խարդախների քաղաքական վերնաաղանդը երկիրը դարձնի անպաշտպան, ուժազուրկ, անդեմ ու օտարահպատակ խաղադաշտ: 

Օգտակար, տեղին, փաստարկված ու հեռագնա շատ մտքեր ու առաջարկներ են հնչում հրապարակավ: Արժե, որ դրանք հավաքագրվեն մի ընդհանուր մատյանի մեջ՝ հետագա գործածության համար: Այո, գալու են մեր երկրի ու ազգի համար նոր ու բարի ժամանակներ, եւ գալիք առաջնորդները կարիք են ունենալու այսօր հոլովվող լավ գաղափարների թեկուզ մի մասը կիրառել իրենց գործունեության ընթացքում: Բայց ամեն մի լավ մտքի ետեւից վազել պետք չէ, գեղեցիկ ու գրավիչ գաղափարներ կան, որ երբեւէ չեն իրագործվելու իրենց իդեալիստական բնույթի պատճառով: Ուղղակի դրանք անիրատեսական են, ինչպես, օրինակ, կոմունիզմի ուսմունքը: Ներկա պահին, նմանապես, անիրատեսական է անընդմեջ քարոզվող ազգային մեծ համախմբումը: Գերակշիռ մեծամասնությունը, ցավոք, դեռ երկար ժամանակ, պատրաստ չի լինելու միավորվելու ազգային մեծ խնդիրների՝ Արցախի, Հայաստանի ազգային ինքնիշխանության եւ նմանօրինակ պահանջների շուրջ: Այդպիսին է մեր դառը իրականությունը եւ դրա հետ պետք է հաշվի նստել: Անգամ փոքր մասշտաբի հարցերում իդելաիզմ պետք չէ դրսեւորել:

Ահա մեր նախկին նախագահներն ուզում են միասին լուծումներ գտնել. Արդեն ակնբախ է, որ դրանք իզուր վատնված ջանքեր են լինելու սոսկ, քանի որ նրանցից մեկը՝ առաջին նախագահը, միանգամայն հակադիր մտածումի կրող է, ինչը, բնականաբար, չի ներդաշնակվելու մյուս պաշտոնակիցների գաղափարայնության հետ: Ուրեմն պետք է իրատես լինել եւ ջանքեր գործադրել այն ուժերով ու մտայնությամբ, որ մեր երկրի համար հուսալի ու արժանի հանգրվաններ են խոստանում: 

Իրականում, ազգի ու երկրի համար լավագույն լուծումները մեծամասնությունը կամ ինչ-որ համախմբվածություն չեն որոշում, այլ վճռում են սակավաթիվ մարդիկ, որ օժտված են համարժեք ընդունակություններով: Եվ շատերի ցանկալի պահվածքը լոկ այն կլինի, որ նրանք հավատան եւ ընդունեն նրանց գործերը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
գրող, հրապարակախոս