Խորհրդային դեժավյուի զգացումը

Խորհրդային դեժավյուի զգացումը

Շուրջ երկու տասնամյակ (մինչև 2018 թվականը) ինձ համար որպես տեղեկատվական օբյեկտիվության օրինակ էր ծառայում արտասահմանյանի համար հեռուստառադիոյի հաղորդումներ իրականացնող «Գերմանական ալիք» (Deutsche Welle, կրճատ՝ DW) պետական կազմակերպությունը: Կազմակերպության «Made for minds» («Նախատեսված է մտածողների համար») կարգախոսն էլ կարծես ստեղծվել էր հենց այդ վերաբերմունքը հաստատելու նպատակով: Նույնիսկ 2011-ին Բոննում, գերմանական կողմի հրավերով և ֆինանսավորմամբ, մասնակցել եմ այդ կազմակերպության կողմից կազմակերպված՝ ֆեյսբուքյան ակտիվության վերաբերյալ միջազգային կոնֆերանսին:

Ի դեպ, այն խթան հանդիսացավ, որպեսզի վերածվեմ «ֆեյսբուքյան ակտիվիստի», ինչը պահպանվեց մի քանի տարի: Սակայն 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից, իսկ այնուհետև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո «DW»-ի նկատմամբ վերաբերմունքս փոխվեց: Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր կարող եմ ասել, որ փոփոխությունն ամբողջականացվեց: Այսօր կարող եմ ասել, որ այն վերածվել է ժամանակին Վլադիմիր Լենինի (Ուլյանովի) բնութագրած՝ ագիտացիայի և պրոպագանդայի միջոցի: Իհարկե, ոչ թե դասակարգային, ինչպես Լենինի ժամանակ էր,  այլ հակառուսականության միջոցի: Երկու-երեք օր առաջ նման մտքեր ծագեցին, երբ համացանցում որոնում կատարելիս պատահաբար բացեցի «DW»-ի ռուսալեզու կայքը: Որը բավական ժամանակ չէի դիտարկել: 

Բնականաբար, առաջին քայլը «DW»-ի «Ուկրաինա» խորագրով էջը բացելն էր: Այնուհետև դրա «Ամենաընթերցվածն այսօր» ենթախորագրում առկա վերնագրերի դիտարկումն է: Թեև արդեն ծանոթ էի, այնուամենայնիվ, «Ուկրաինան ռուսական օկուպացիայից ազատագրել է 1060 բնակավայր» վերնագրի հղումով բացեցի օգոստոսի 7-ի առաջին կեսի իրադարձություններն ամփոփող հոդվածը: Եվ այդտեղ բախվեցի առաջին տարօրինակությանը. նշված հոդվածն ուներ այլ վերնագիր՝ «Ուկրաինայի հետախուզություն. օկուպացված տարածքներում հարկադիր զորահավաք է ընթանում»: Անկեղծ, մեկ երկու անգամ ետ ու առաջ գնացի, սակայն տեսողական խաբկանք չկար: «Ամենաընթերցվածն այսօր» ենթախորագրում առկա վերնագիրն ու հենց հոդվածի վերնագիրն իրար չէին բռնում: Ինչևէ, անցա հոդվածի ընթերցանությանը: Այն պարունակում էր 16 կարճ նյութ՝ համապատասխան հղումներով:

Ամենավերջին նյութը վերաբերում էր Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկու հայտարարությանը 1060 բնակավայր «ազատագրելու» մասին: Դա օգոստոսի 7-ի ժամը 00.05-ի նյութն էր: Քանի որ, ինչպես արդեն ասել էի, նման վերնագրի կամ նյութի արդեն հանդիպել էի մի քանի օր առաջ, ենթադրում եմ, որ այդ կեղծ տեղեկատվությունն ինչ-որ պարբերականությամբ դրվում է «DW»-ի կայքում: Կեղծ, քանի որ, որքան հիշում եմ, Ուկրաինայի զինված ուժերը մարտերով որևէ բնակավայր չեն ազատագրել: Ընդհակառակն, Դոնբասում անընդհատ հանձնում են այս կամ այն բնակավայրը: Պատերազմի սկզբում ռուսական զորաբանակի կողմից Կիևի և Չեռնիգովի մարզեր թափանցելն ու այնտեղից հետ քաշվելը ռազմական սխալ պլանավորման արդյունքում էր:

Քանի որ արդեն ներկայացրել եմ հոդվածի վերջին նյութը, ապա ներկայացնեմ նաև առաջին նյութը՝ սահմանափակվելով այդ երկուսով: Առաջինում խոսվում է Ելենովկա ավանում ուկրաինացի ռազմագերիների պահման շենքի հրթիռակոծման մասին: Դա 53 գերիների զանգվածային սպանությունը (75-ն էլ վիրավոր) հերթական անգամ Ռուսաստանի վրա գցելու փորձն էր: Բայց փոխվել էր ռուսական կողմին հասցեագրված մեղադրանքի հիմնավորումը. քանի որ Արևմուտքում քննադատաբար ընդունվեց ամերիկյան հրթիռներով գերիների պահման վայրի հրթիռակոծումը՝ այս անգամ դա ներկայացվեց որպես «հատուկ գործողություն՝ ընդդեմ Ուկրաինային արևմտյան ժամանակակից զենք մատակարարելուն»:

Նախկինում ընդամենն ասվում էր, որ ռուսական կողմը գնդակոծել է գերիների պահման շենքը, որպեսզի թաքցնի գերի ուկրաինացիների նկատմամբ կիրառված խոշտանգումները։ Ավելացվել է նաև շենքի հրթիռակոծման վերաբերյալ ռուսական տեղեկատվության վերաբերյալ դրույթը: Ըստ ուկրաինացիների, ռուս քարոզիչների ստեղծած հեռուստատեսային պատկերն ուղղված էր ուկրաինական հասարակության ապակայունացմանը և ուկրաինացի ռազմագերիներին բարոյալքելուն: Մնացած կարճ նյութերի ընթերումը խորհրդային տարիների պարբերականների դեժավյուի զգացում առաջացրեց. որքան լավն ենք մենք ու որքան վատն են իմպերիալիստական երկրները: Ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում իմպերիալիստների դերում ներկայացվում է Ռուսաստանը, իսկ որպես «մերոնքականներ», բնականաբար, ուկրաինացիները: 

Հ. Գ. 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած ռուս-ուկրաինական հակամարտությունը բացահայտեցին արևմտյան աշխարհի դավանած սկզբունքների ու արժեքների անարժեքայնությունը: Դրա մասին է խոսում նաև հակամարտության միակողմանի լուսաբանումը, ինչը ազատական լրագրության հիմնական սկզբունքներից մեկի խախտում է: Եվ ինչը հերթական անգամ վկայեց, որ միջազգային հարաբերություններում գերիշխում է ոչ թե ժողովրդավարության սկզբունքը՝ ինչպես նախկինների օրոք հայաստանյան լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների աշխատակիցներին փորձում էին համոզել բազմաթիվ արևմտյան փորձագետները, այլ չափազանց կոպիտ դրսևորումներով աշխարհաքաղաքական շահերը: Ինչ վերաբերում է կոնկրետ «Գերմանական ալիքի» կարգախոսին, ապա ժամանակն է, որ այն վերածվի «Նախատեսված է հավատացողների համար» տարբերակի: