Միայն Մինսկի խումբ

Միայն Մինսկի խումբ

ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ, իմքայլական  Հովհաննես Իգիթյանը ղարաբաղյան խնդրի առնչությամբ հետաքրքիր տեսակետ էր հայտնել, ինչն առաջացրել էր խնդրով զբաղվողների զարմանքը, այն է` գուցեեւ ստորագրվի հաշտության նոր համաձայնագիր՝ 1994-ի նման, սակայն այլ ֆորմատով։ Ի՞նչ է դա նշանակում,  ի՞նչ նոր ֆորմատի մասին է խոսքը, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովում, որի անդամն եք նաեւ Դուք, նման խնդիր քննարկվե՞լ է, եւ կիսո՞ւմ եք այդ սպասումը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանին։ «Հատկանշական է, եւ մենք պնդում ենք, որ մեր դաշինքի քաղաքական գծի համար անչափ կարեւոր է ընդգծումը, որ ղարաբաղյան հարցը բացառապես պետք է լուծվի Մինսկի խմբի ու համանախագահության` համանախագահների` Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ, շրջանակներում, բացառապե՛ս»: Այդ դեպքում ինչո՞ւ էր նման բան ասում պարոն Իգիթյանը, տեսակետ կա, որ «տան» գաղտնիքն էր ակամա դուրս հանում։

«Հարցն ուղղեք իրեն, ես հստակ ներկայացրի իմ եւ մեր ֆրակցիայի մոտեցումը։ Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող խմբի ֆորմատը չպետք է բացվի, որովհետեւ մեկ անգամ ֆորմատը բացելու փորձ արվեց, եւ լավ բան չստացվեց»: Բոլոր դեպքերում, դուք հետո չքննարկեցի՞ք Իգիթյանի այդ հայտարարությունը` իմանալու, թե ինչու է նա նման հայտարարություն անում։ «Պարոն Իգիթյանն արել է հայտարարություն, այնուհետեւ պարզաբանումներ տվել այդ առնչությամբ. ավելացնելու բան չունեմ»: