Զույգի անհամատեղելիությունը` չստացված կյանքի պատճառ

Հարցազրույց ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Սիրինա Առաքելյանի հետ․
- Տիկին Առաքելյան, հաճախ ամուսնական հարաբերություններում բացակայում է փոխըմբռնումը, առաջանում են բազմաթիվ հոգեբանական խնդիրներ: Սա հնարավոր է նաեւ այն դեպքում, երբ զույգն անհամատեղելի է: Ի՞նչ է նշանակում զույգի համատեղելիություն:
- Ես կառանձնացնեմ համատեղելիության մի քանի տեսակ. բազային, որը կենսաբանական կամ ֆիզիոլոգիական համատեղելիությունն է, այսինքն` որքանով են կինն ու տղամարդն իրենց ապրելու ռիթմերով, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով համատեղելի, հնարավո՞ր է նրանց համատեղ ու ներդաշնակ գոյությունը,թե՞ ոչ: Կարեւորվում են ապրելու ռիթմը, ակտիվությունը, պասիվությունը: Համատեղելիության մյուս տեսակը հոգեբանականն է: Այստեղ արդեն կարեւորվում են բնավորության գծերը, ընդ որում` այդ գծերը կարող են շատ տարբեր լինել, բայց զույգը համատեղելի համարվի, քանի որ իրենց մոտ «զանգակի ու բամբակի» ասացվածքն է գործում: Մեկին կարող է գրավել իրենից տարբեր, մյուսին իր բնավորությամբ անձնավորություն: Այս դեպքում համատեղելիության գնահատումը շատ սուբյեկտիվ է: Օրինակ` եթե մեկը սարսափելի փնթի է, մյուսը` մաքրամոլական հակումներով, դժվար թե մեծ համատեղելիություն լինի նրանց միջեւ, քանի որ որքան էլ հարմարվողականության գործընթաց գնա, ի վերջո, առկա է տհաճության զգացողություն: Կամ, օրինակ, մեկը գուցե շատախոս է, մյուսը՝ քչախոս, բայց այդ «զանգակ, բամբակի» նման կարող են շատ համատեղելի լինել: Կամ՝ ներփակված, չշփվող մարդիկ շատ հաճախ գրավիչ են համարում շփվող մարդկանց:
Այսինքն` շատ անհատական է: Հաջորդ մակարդակն աշխարհայացքի, էթնոհոգեբանական ընդհանրություններն են, ընդհանուր աշխարհայացքը, գաղափարները: Որքան էլ նման լինեն բնավորության գծերը, խառնվածքի կամ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, շատ հաճախ շատ ավելի կարեւոր նշանակություն ունեն: Կարեւոր են նաեւ տարիքային առանձնահատկությունները: Որպես կանոն` կարող ենք ասել, որ ավելի երիտասարդ տարիքում շատ ավելի կարեւոր դեր են ունենում ֆիզիոլոգիական գրավչության տարրերը, իսկ հետագայում արդեն ավելի կարեւոր դեր են կատարում արժեհամակարգային տարրերը: Այստեղ ես կարեւորում եմ նաեւ սեռային առանձնահատկությունները, գիտակրթական մակարդակը, կենսափորձը, ընդհանուր ապրած պատմությունը:
- Հնարավո՞ր են երկարատեւ հարաբերություններ անհամատեղելի զույգի պարագայում, եւ ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ սա կարող է առաջ բերել:
- Եթե պահպանողական հասարակություն է, այո՛: Շատ կան նման դեպքեր հենց հայկական պահպանողական իրականությունում, հատկապես գյուղական միջավայրերում: Քանի որ կա ընտանիքի խնդիրները դուրս չհանելու սովորություն, պատկերացումներ, որոնք թույլ չեն տալիս բարձրաձայնելու շատ խնդիրների մասին, եւ տարիներ շարունակ անհամատեղելի անձինք կարող են չլուծված խնդիրներով երկարատեւ ընտանեկան կյանք ունենալ: Սա կարող է հանգեցնել հոգեբանական բազմաթիվ խնդիրների` կախված անձի տեսակից: Այդ խնդիրները կարող են արտահայտվել ամենատարբեր ձեւերով` նեւրոզներ, պսիխոսոմատիկ հիվանդություններ, հոգեբանական ներքին կոնֆլիկտային դժգոհության վիճակ, որը գալիս է այդ խորքային պատճառից, որ ինչ-որ բան այնպես չէ իր կյանքում, որ ինչ-որ բան այն ուղիով չի գնում, ինչով պիտի գնա, տհաճ, ապարդյուն ապրված տարիների, անիմաստ գոյության զգացողություն է լինում: Նման դեպքերում մարդու աշխարհայացքը շատ պահպանողական է, իր համար ավելի կարեւոր է, թե ինչ կմտածեն, քան թե այն, ինչ կա իրականում: Բացի այդ` դաստիարակությունը, արժեհամակարգը, կրթական մակարդակը, անձի զարգացվածության աստիճանը որոշիչ դեր են ունենում` սրանք կշարունակեն մնալ որպես հոգեբանակա՞ն խնդիրներ, թե՞ մարդն այլ լուծումներ կգտնի, ընդ որում` այդ լուծումը կարող է լինել ինչպես կապի խզումը, այնպես էլ հոգեբանական աջակցությունը եւ դրա միջոցով խնդիրների վերհանումը:
- Արդյոք անհամատեղելիության բոլոր տեսակների դեպքում հոգեբանական աջակցությունը կարո՞ղ է փրկել հարաբերությունները:
- Ոչ, իհարկե: Օրինակ` եթե ֆիզիոլոգիական համատեղելիություն չկա, հոգեբանն այդտեղ ի՞նչ կարող է անել: Բացի այդ` զույգի հետ հոգեբանական աշխատանքը պետք է լինի համատեղ որոշմամբ, ու իսկապես ցանկություն լինի, որ խնդիրները լուծվեն: Մարդը պետք է խնդիրները տեսնի, փորձի գտնել դրանք, ապա նոր հոգեբանը կարող է որոշակի աշխատանք տանել, հակառակ դեպքում ստացվում է` զույգից մեկը խնդիրը տեսնում է, մյուսը` ոչ: Լուծումը սա է` կա՛մ հարմարվելու, կա՛մ փոփոխության գնալու գործընթաց` կախված նրանից, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ:
- Մինչեւ ամուսնանալը երկարատեւ շփումից զույգը կարո՞ղ է հասկանալ` համատեղելի՞ են, թե՞ ոչ:
- Իհարկե, սակայն շատ հաճախ նույնիսկ այդ ժամանակը չի կարող որոշ խնդիրներ վերհանել: Օրինակ` հայկական միջավայրում մինչամուսնական սեռական հարաբերությունների արգելումը հանգեցնում է նրան, որ, օրինակ, ֆիզիոլոգիական համատեղելիության մասին զույգն իմանում է ամուսնությունից հետ, կամ ընդհանրապես գլխի էլ չեն ընկնում, որ անհամատեղելի են:
- Այս առումով ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնություն պլանավորող զույգին:
- Անկեղծ եղեք, փորձեք ավելի երկար ժամանակ շփվել, որպեսզի իրականում ճանաչեք կողակցին, ապա նոր կարեւոր որոշում կայացրեք: Քանի որ ամուսնությունը, ընտանիք կազմելը կյանքի ընթացքում լուծվող կարեւորագույն խնդիրներից են, որի ոչ նորմալ մտածված լուծումը կարող է մի ամբողջ կյանք կործանել, կյանքի ուղին փոխել: Պետք է ընդգծել նաեւ, որ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները երիտասարդ տարիքում հաճախ վճռորոշ նշանակություն են ունենում: Մարդը 18 տարեկանում սիրահարվում է, որոշում է ամուսնանալ` առանց խորը ճանաչելու: Բացի այդ` կյանքի ընթացքում ցանկացած մարդու արժեհամակարգում փոփոխություններ են տեղի ունենում: Զույգից մեկը կարող է հակված լինել զարգանալուն, անձնային աճ ապահովելուն, մյուսը դա չունենալ: Բնական է, որ տարիների ընթացքում փոփոխություններ են կատարվում մարդկանց հետ: Հատկապես զույգերի մոտ ընթացող ճգնաժամային փուլերում նրանք վերանայում են իրենց ընտանեկան կյանքը, եւ հաճախ իրավիճակներ են ի հայտ գալիս, երբ ամուսնալուծություններ են գրանցվում:
- Ընտանիքում ընթացող վեճերի բնույթը կարո՞ղ է անհամատեղելիության ցուցիչ լինել:
- Այո, շատ հաճախ այդ վեճերը լինում են անհամատեղելիության ցուցիչ, երբ, օրինակ, կոնկրետ շատ ավելի խորքային խնդիր կա, որը լուծում չի ստացել, եւ դա դրսեւորվում է ամենահիմար, անմեղ առիթներով վեճերի ի հայտ գալով: Սրանք կարող են հոգեբանի համար ախտորոշիչ նշանակություն ունենալ: Սակայն եթե խորքային խնդիրները լուծվում են, որպես կանոն` այդ հետեւանքային վեճերն էլ են լուծում ստանում: Վեճերի ժամանակ պետք է խուսափել ավելորդ, հուզառատ, բացասական որակումներից: Մարդիկ պետք է կարողանան իրենց հույզերը զսպել եւ վիրավորական ու ստորացնող արտահայտությունների, գործողությունների չդիմեն, որպեսզի դա հետագայում շատ ավելի վատ հետեւանքների չբերի, քան այն, ինչի համար վեճ էր գնում: Վեճեր լինում են բոլոր զույգերի մոտ: Հատկապես նոր կազմավորված ընտանիքներում: Այդ հարմարման գործընթացում որոշակի բախումներ են տեղի ունենում թե՛ արժեհամակարգային, թե՛ սովորութային, թե՛ հոգեբանական առանձնահատկությունների հետ կապված, եւ բնական է կոնֆլիկտային իրավիճակների առկայությունը: Հարցն այն է, թե ինչ ընթացք ու լուծում են ունենում դրանք: Արդյոք այդ անձանց վեճը հարթելու լուծումներն իրատեսակա՞ն են, արդյունավե՞տ, թե՞ կոնֆլիկտը սրում են եւ ավելի բարդացնում:
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարծիքներ