«Հրապարակ». Գյուղացու երեխան պետք է ծանր ծառայություն անցնի, որ մեծահարուստի որդին չծառայի

«Հրապարակ». Գյուղացու երեխան պետք է ծանր ծառայություն անցնի, որ մեծահարուստի որդին չծառայի

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման։ Դրանով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաեւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով: Կառավարությունը նոր նախագծով առաջարկում է 24 միլիոն դրամի դիմաց զինծառայությունը կրճատել մինչեւ 4,5 ամիս: Այս նախագիծը բուռն քննադատության է արժանացել։ 

Թեմայի շուրջ զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

- ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած այս նախագծի մասին ի՞նչ կարծիք ունեք։

- Նախեւառաջ, սա սոցիալական անարդարություն ամրագրող օրինագիծ է։ Այսինքն՝ ինչ-որ մեկը պետք է գնա 2 տարի ծառայի, իսկ փոքր ընտրյալները, արդեն պաշտոնապես գումար վճարելով, կարող են իրենց քաղաքացիական պարտքը չկատարել։ Երկրորդ խնդիրն այն է,  որ 4 ամիս պատրաստությունն իրականում բավարար չէ լիարժեք ռազմական մասնագիտություն ստանալու համար։ Անսպասելի պատերազմի պայմաններում, երբ ամեն շունչը կարեւոր է, գուցե հնարավոր է շաբաթը մեկ ինչ-որ մի բան պատրաստել, սովորեցնել գոնե կրակել, բայց արդյունավետ գործող կենդանի ուժ՝ չորս ամսում, չեմ կարծում, որ հնարավոր է ստանալ։ Ծառայողները՝ ասեմ, որ քիչ թե շատ, այսպես ասած, մասնագիտանում են, արդեն սկսում են իրենց վստահ զգալ՝ գոնե մեկ տարի ծառայությունից հետո։

- Արդյո՞ք մարդուժի խնդիր չի առաջանա բանակում, դրանից բխող ի՞նչ հետեւանքներ կարող ենք ունենալ։

- Մեր բանակն այսօր, այո, ունի կենդանի ուժի խնդիր՝ կապված դեմոգրաֆիական իրավիճակի հետ։ Արցախի պաշտպանության բանակն էլ լրիվ կազմաքանդվեց, խայտառակ պայմաններում են զինվորները ծառայում։ Եթե նախկինում մարտական հերթապահությունը սկսվում էր միայն 5-6 ամիս ծառայելուց հետո, ապա այսօր այն սկսվում է շատ արագ, այսինքն՝ այդքան պատրաստվել էլ չեն տալիս։ Այստեղ եւս նկատելի է, որ մարդկային խնդիր կա։ Մարդաքանակի խնդիրը երեւում է նաեւ այն բանից, որ ուսումնավարժական հավաքների անվան տակ մարդկանց տանում են մարտական եռամսյա հերթապահության։ Այսինքն՝ ակնհայտ է, որ կա դեֆիցիտ, նույն դեֆիցիտը մի հատ էլ խորացնում են։ Ճիշտ է, ես չեմ կարծում, որ այս նախագիծը մեծ թվով մարդկանց է վերաբերելու՝ երեւի մոտ 500, 600 կամ 1000 ընտանիքի, որոնք համաձայնեն ազատել իրենց որդիներին ծառայությունից։ Սակայն, անկախ ամեն ինչից, այդ մի քանի հարյուր հոգին էլ պետք են մեր բանակին, եւ, փաստորեն, այդ մի քանի հարյուր հոգուն էլ հանում են։ Սա նաեւ նշանակում է, որ ծանրաբեռնվածությունը մնացածի վրա ավելանալու է․ մի քանի ժամ պակաս է նրանցից յուրաքանչյուրը քնելու, ավելի ծանր աշխատանքներ են անելու, որն ավելի մեծ թվով մարդկանց առկայության դեպքում ավելի հեշտ կարվեր։

Օրինակ, բանվորի, գյուղացու կամ, չգիտեմ՝ վարորդի երեխան պետք է առանց այն էլ մարտական ծանր հերթապահության պայմաններում երկու ժամ էլ պակաս քնի, դրա պատճառով էլ, սթրեսի կամ որոշումներ կայացնելու առումով, գուցե իր կյանքը վտանգող ինչ-որ բաներ չկարողանա ժամանակին նկատել, ինչ է թե մեծահարուստի որդին չծառայի, որովհետեւ փող ունի։ Այստեղ շատ կարեւոր է, որ մեր երկիրն է, մեր հայրենիքն է, եւ բոլորս պետք է պաշտպանությանը մասնակցենք։ Եվ օրենքը չպետք է խտրականություն անի։ Նախկինում էլ կային խնդրահարույց օրենքներ, օրինակ, նույն այս  ծառայությունից խուսափածներն ազատվում էին ծառայությունից, արդեն տարիքը լրանալուց հետո կարող էին վճարել տուգանք, քրեական գործը կարճել, բայց դա ժամանակին որպես ամնիստիա՝ տարեցտարի ավելացվում էր։ Ի վերջո, երբ Վիգեն Սարգսյանն արդեն վերջնական ճնշեց, որ դա  պետք է հանվեր, որ այլեւս չի կրկնվելու, իշխանափոխությունից հետո նորից սկսեցին դա շրջանառել։ Այսինքն՝ սա շատ վատ ուղերձ է։

- Արդյոք այս ծրագրով  բյուջե մտած գումարները կուղղվե՞ն բանակին, դրա հզորացմանն ու ամրապնդմանը։

- Ոչ, իհարկե, նրանք կարող են պաշտպանության նախարարի աշխատավարձ բարձրացնել, պարգեւավճարները շատացնել, գեներալների եւ այլոց նպատակներին ծառայեցնել։ Մի քիչ ֆանտաստիկ բան է այսօր շրջանառվող այն ինֆորմացիան, որ մենք չկռվենք, մեր տեղը ռոբոտներ են կռվելու, ինչ-որ անօդաչու սարքեր եւ այլն։ Ի վերջո, խնդիրն էլի լուծում է տեղում գտնվող զինվորը։ Այդ  բայրաքթարները շատ կարեւոր են, իհարկե, բայց եթե գետնի վրա դիրքը պահող զինվոր չկա, տեխնիկան իր փոխարեն չի պահելու։ Եթե դու զորքն Արցախից հանում ես, ու հենց հաջորդ օրը Ադրբեջանը հարձակում է սկսում, դա տեխնիկական միջոցների ու սպառազինության խնդիր չէ։ Դու ուղղակի չես պաշտպանում քո երկիրը, հողը, քո երկրի շահերը։

- Կարո՞ղ է պետությունն այդ գումարով պատերազմի ժամանակ վարձկան զինվորներ բերել որեւէ պետությունից։

- Իրականում, այստեղ խնդիրը ոչ այնքան գումարն է, ինչքան կազմակերպչական հարցերն են, որոնք բավականին երկար ժամանակ են պահանջում։ Կոպիտ ասեմ՝ ենթադրենք, ունենք 1 մլրդ դոլար, դա չի նշանակում, որ հեշտությամբ կարող եք դրան համապատասխան, ենթադրենք, 10 հազար վարձկան ճարել։ Դա այդպես չի աշխատում․․․ Դա այդքան էլ հեշտ բան չէ։ Շատ երկրների օրենսդրությունով դա արգելված է։

- Կարելի է կարծել, որ բանակը տանում են դեպի կազմաքանդում։

- Այո, ճիշտ եք։ Դատելով այս բոլոր գործողություններից, ոչ միայն բանակի կազմալուծմանն ենք գնում, այլեւ, ընդհանրապես, պետական, նաեւ պետության բնակչության անվտանգությունն ապահովող համակարգերի քայքայմանը։ Ու, գիտեք, դժվար է սրան այլ բան ասել, քան այն, որ այդ կազմաքանդումը հետեւողական մտածված, միտումնավոր ձեւով չի արվում։ Այլ բացատրություն չունեմ։ «Սուրմալուի» իրադարձությունները, ցավոք, շատ վառ ձեւով ցույց տվեցին, թե ինչ խայտառակ վիճակում է այսօր աղետների դիմակայման համակարգը։ Լավ-վատ, բայց այն նորմալ համակարգը չէ, որն իր խնդիրները կատարում էր։