Թուրքիան ավելացնում է ռազմական ներկայությունը Սիրիայում. ի՞նչ է հայտնի

Թուրքիան ավելացնում է ռազմական ներկայությունը Սիրիայում. ի՞նչ է հայտնի

Անկարան առաջիկա օրերին ռազմական պատվիրակություն կուղարկի Սիրիա՝ քննարկելու սիրիական բանակի պատրաստության հարցը, արաբական հանրապետությունում ռազմական խորհրդատու կարող է նշանակվել թուրք սպա։ 

Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Առաջիկա օրերին ռազմական պատվիրակությունը երկրորդ անգամ կմեկնի Սիրիա: 

Հիշեցնենք՝ ԱԳՆ-ի, ՊՆ-ի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարներից կազմված թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը մարտի 13-ին այցելեց Դամասկոս:

Թուրքական պատվիրակության կազմում էր Թուրքիայի ՊՆ պաշտպանության և անվտանգության հարցերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Իլքայ Ալթընդաղը։

«Սիրիայի հետ ռազմական համագործակցության շրջանակում մենք ներդրում կկատարենք սիրիական բանակի վերակառուցման գործում և ժամանակակից պաշտպանական արդյունաբերության արտադրանք կտրամադրենք սիրիական բանակի ներուժն ուժեղացնելու համար», – գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:

Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։

Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Նախագահ Բաշար Ասադը հրաժարական է տվել ու մեկնել Ռուսաստան։