«Մանկական Եվրատեսիլ»․ թանկ գնով վճարված, պատվով հաղթահարված փորձություն

«Մանկական Եվրատեսիլ»․ թանկ գնով վճարված, պատվով հաղթահարված փորձություն

Դեկտեմբերի 11-ին ողջ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա։ Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի ունեցավ հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ֆրանսիայում կայացած մրցույթում 14-ամյա Մալենան իր «Քամի» երգով հաղթանակ եւ հաջորդ «Եվրատեսիլը» Երեւանում անցկացնելու իրավունքը բերեց։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Երեւանում կայացած մրցույթում հաղթեց Ֆրանսիայի պատվիրակը՝ Լիսանդրոն` Oh maman երգով. մրցույթը կրկին ուղեւորվեց Ֆրանսիա։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեն` Dance երգով, 3-րդ տեղում վրացուհի Մարիամ Բիգվավան էր՝ խաղաղության մասին երգով (I believe):

Նախորդ տարի՝ Հայաստանի հաղթանակից անմիջապես հետո, երբ Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները, մի շարք պաշտոնյաներ գրառումներ կատարեցին, թե պատրաստ են Հայաստանում հյուրընկալել եւ բարձր մակարդակով անցկացնել հոբելյանական մրցույթը, շատերը թերահավատ էին՝ հետպատերազմական աղքատ Հայաստան, չդադարող լարվածություն սահմանին, տնտեսության ճգնաժամային վիճակ եւ այլն։ 

Այնուամենայնիվ, դատելով վերջին շաբաթների արձագանքներից՝ թե՛ եվրոպացի օգտատերերը, թե՛ միջազգային մամուլի ներկայացուցիչներն ու բլոգերները, թե՛ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարները միաձայն նշում են, որ Հայաստանին հաջողվեց ոչ միայն «տակից դուրս գալ», այլեւ անցկացնել լավագույն «Մանկական Եվրատեսիլը»։ Մասնավորապես՝ Իսպանիայից ու Ֆրանսիայից ժամանած լրագրողները մեզ հետ զրույցում նշեցին, որ հիացած են մրցույթի կազմակերպմամբ։ Իսպանացի լրագրող Լուիս Ֆուսթերը մեզ հետ զրույցում ասաց, որ նման պատասխանատու վերաբերմունք մրցույթի կազմակերպմանը երբեք չի տեսել։

«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալդն ասուլիսում նշել էր․ «Բացման արարողությունից հետո ես պարզապես ապշած էի՝ տեսնելով ցուցադրված ստեղծագործական աշխատանքը, կազմակերպման եւ անցկացման որակը, ինչպես նաեւ այն բոլոր միջոցառումների որակը, որոնք կազմակերպվում են Եվրոպայից ժամանած մեր պատվիրակությունների համար։ Այս ամենը համապատասխանում է բոլոր ակնկալիքներին, անգամ որոշ դեպքերում նաեւ գերազանցում է»։

Առաջին ալիքի հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եվրոպացի գործընկերներն ամեն միջոցառումից հետո իրենց չեմպիոն էին անվանում։ Նշենք նաեւ, որ առանձնակի ուշադրության էին արժանի մասնակիցների ելույթներից առաջ ցուցադրվող տեսաբացիկները, որոնցում ներկայացվում էին Հայաստանի տեսարժան վայրերն ու պատմամշակութային հուշարձանները։ Ի դեպ, ներկայացվեցին նաեւ Արարատ լեռն ու տոլման։

Չնայած սրան՝ քիչ չէին նաեւ թերություններն ու բացթողումները։ Համալիրում տեղակայված ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված սենյակ հասնելու համար մենք ստիպված եղանք 4 ոստիկանական անցակետ անցնել, այնուհետեւ հատուկ սարքի միջոցով ստուգեցին մեր պայուսակները (ի դեպ, նույն ստուգումն անցնում էին նաեւ դահլիճ մտնող հանդիսատեսները), արգելեցին ազատ շրջել համալիրի տարածքում, անգամ ներս մտնել դահլիճ։ Սենյակում լրագրողներին «ապահովել» էին թեյով եւ սուրճով, գործում էր նաեւ ճաշարան՝ առաջին անգամ անվճար օգտվելու հնարավորությամբ։ Այսինքն՝ տարբեր երկրներից ժամանած, գրեթե մեկ շաբաթ օրվա մեծ մասն այդ տարածքում աշխատած լրագրողները ստիպված են եղել սնվելու համար վճարել։ 

Մրցութային համերգին մասնակցած եվրատեսիլյան երկրպագուները հատկապես դժգոհում էին, որ հնարավորություն չստացան հետեւելու քվեարկության ընթացքին եւ միավորների բաշխմանը։ Եթե նախորդ տարիներին դահլիճում տեղադրված էր էկրան, որի միջոցով մարդիկ կարողանում էին տեսնել, թե երկրներն ինչպես են բաշխում միավորները, ապա երեւանյան հանդիսատեսը զրկվել էր այդ հնարավորությունից։ «Օրինակ՝ Վրաստանի ժյուրին Հայաստանին տվել էր 5 միավոր, իսկ մենք դա չէինք տեսնում, սպասում էինք Վրաստանի 12 միավորին, բոլորս գոռում էինք՝ Armenia»,- մեզ հետ զրույցում ասաց «Եվրատեսիլի» երկրպագուներից մեկը։

Նկատենք, որ միավորների բաշխումը բավականին ինտրիգային ու հետաքրքիր էր․ Հայաստանի ժյուրիի 12 միավորը, ինչպես միշտ, անցավ Վրաստանին, փոխարենը Վրաստանը շարունակեց ձեւավորված «ավանդույթը» եւ մեզ տվեց միջին՝ 5 միավոր։ Մրցույթի հաղթող Ֆրանսիային Հայաստանը տվեց 10 միավոր։ Տարօրինակ կերպով երկրորդ տարին անընդմեջ Իտալիայի ժյուրին Հայաստանին ոչ մի միավոր «չնվիրեց», Ուկրաինայի ժյուրին Հայաստանի հարցում «առատաձեռն» էր․ այդ երկրից մենք ստացանք 8 միավոր, իսկ, ահա, փոխարենը Հայաստանի ժյուրին չգնահատեց ուկրաինացի Զլատայի՝ ազատության եւ չկոտրվելու մասին երգը, ինչը քննադատությունների է արժանացել ուկրաինական տելեգրամյան ալիքներում։ Նրանք սա կապում են Հայաստանի որդեգրած քաղաքականության եւ Հայաստանի՝ Ռուսաստանի «վասալը» լինելու հետ։ 

Ընդհանուր առմամբ՝ արձանագրենք, որ Հայաստանին հաջողվեց հավուր պատշաճի հյուրընկալել այս հեղինակավոր երգի մրցույթը, կազմակերպել լուսային եւ ձայնային ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասշտաբային շոու, աշխարհին ներկայանալ մեր «ձեռագրով» եւ մարդկանց պարգեւել երաժշտական տոն։ Այս ծանր ժամանակահատվածում բոլորին, հատկապես՝ մանուկներին, պետք էր լիցքաթափվել եւ քաղել այդ տոնի՝ բառի ուղիղ իմաստով թանկ գնով վճարված «պտուղները»։